ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ. ՉՀՐԱՊԱՐԱԿԱՅՆԱՑՎԱԾ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Մեր եկեղեցական, ինչպես նաև հայաստանյան կյանքում 2016 թ. կարևոր իրադարձություններից էր Հռոմի Պապի այցելությունը Հայաստան:

Նախքան այդ այցը 2015 թ. տեղի ունեցան եկեղեցական կարևոր այլ միջոցառումներ: Ապրիլի 12-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի, Հայաստանի Հանրապետության նախագահի, պետական այրերի և աշխարհի տարբեր կողմերից Նորին Սրբության պատվիրակությանը միացած հավատավոր հայորդիների հետ Վատիկանում մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Հայ Կաթողիկե եկեղեցու Ներսես Պետրոս ԺԹ Պատրիարքը, կաթոլիկ հայ հոգևորականներ և հավատացյալներ: Պետք է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջանքերով Վատիկանը նախապես արդեն բարձրաձայնել էր Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին: Դեռ 2001 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հռոմի Պապի Սուրբ Էջմիածին այցի ընթացքում Հովհաննես Պողոս Բ Պապը և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններ էին ստորագրել:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Վատիկանում նախատեսված Պատարագի առնչությամբ թուրքական կողմը մեծ բողոք բարձրացրեց: Վատիկանում Թուրքիայի դեսպանը մինչ ապրիլի 12-ը հայտարարել էր, որ թուրքական կողմի բանակցային աշխատանքի շնորհիվ չեղյալ է համարվել ապրիլի 24-ին Պապի այցը Հայաստան, հաջողվել է համոզել Վատիկանին ապրիլի 24-ին Վատիկանում պատարագ չմատուցել, Պապի ուղերձում չի օգտագործվի «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը: Մարտի վերջին ի հայտ եկան լուրեր և հրապարակումներ, որոնց համաձայն` Վատիկանում, այնուամենայնիվ, Պատարագ կմատուցվի, սակայն այն չի կոչվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հատուկ Պատարագ: Հաստատապես հնարավոր չէ ասել, թե որքանով էին թուրքական դիվանագիտության կողմից արված հայտարարությունները համապատասխանում ճշմարտությանը, սակայն իրականությունը եղավ այն, որ ապրիլի 24-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այդպես էլ Հայաստան չայցելեց, իսկ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման առիթով Վատիկանում Պատարագը մատուցվեց ապրիլի 12-ին, որը Վատիկանի կողմից երբեք չկոչվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հատուկ Պատարագ:

Հակառակ թուրքական կողմի հայտարարությունների` Պատարագի ընթացքում Պապն իր խոսքի մեջ արտասանեց «ցեղասպանություն» բառը` մեկ և կես միլիոն հայերի կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն բնորոշմամբ, որպես բառացի վկայակոչում Հովհաննես Պողոս Բ Պապի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հայտարարությունից (Էջմիածին, սեպտեմբեր, 2001, էջ 29-31): Սակայն այդ Պատարագը Վատիկանի հաղորդագրություններում և Վատիկանի պաշտոնական կայքում (http://w2.vatican.va/content/vatican/en.html) այդպես էլ չկոչվեց «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Պատարագ», այլ` «Պատարագ հայածես հավատացյալների համար», իսկ Պապի ուղերձը` «Հայերին ուղղված խոսք»: Վատիկանի պաշտոնական կայքէջի «Ուղերձներ» բաժնում ապրիլի 12-ի Պապի խոսքի միայն անգլերեն տարբերակի վերնագիրն է ակնարկ կատարում Ցեղասպանությանը` վերնագրված լինելով «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը «Մեծ Եղեռնի» 100-ամյակի առիթով», իսկ մնացյալ լեզուներով բոլոր թարգմանություններում Պապի այս նույն խոսքի վերնագիրն է պարզապես` «Ֆրանցիսկոս Պապի ուղերձը հայերին» (w2.vatican.va/content/francesco/en/messages/pont-messages/2015/documents/papa-francesco_20150412_messaggio-armeni.html):  Կայքէջի «Պատարագներ» բաժնում ապրիլի 12-ի Պատարագի մասին պարզապես նշված է` «Պատարագ հայածես հավատացյալների համար» (w2.vatican.va/content/francesco/en/homilies/2015/documents/papa-francesco_20150412_omelia-fedeli-rito-armeno.html):

Այսուհանդերձ, Պապի արտասանած «ցեղասպանություն» բառը մեծ արձագանք ունեցավ: Ապրիլի 12-ի Պատարագից հետո` նույն օրը, Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն կանչվեց Անկարայում Վատիկանի դեսպանը: Ապրիլի 13-ին Թուրքիան Վատիկանից ետ կանչեց իր դեսպանին: Թուրքիայի նախագահը, վարչապետը, Արտաքին գործերի նախարարությունը և նախարարը կոշտ արձագանքեցին Պապի խոսքին` հիմնականում շեշտելով, որ նման հայտարարությունները վայել չեն Պապին, միակողմանի ու անհիմն են և Եվրոպայում առկա ռասիզմն են ավելացնում: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում հանդես եկավ N 110 թվակիր մամլո ծավալուն հաղորդագրությամբ, ըստ որի` Պապի հայտարարությունները հակասում են պատմական և իրավական փաստերին, Ֆրանցիսկոս Պապը, շեշտելով քրիստոնյաների և մասնավորապես հայերի չարչարանքները, խտրականություն է կատարում` անտեսելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի և մուսուլմանների կրած ողբերգությունը: Սույն հաղորդագրության մեջ նշվում էր, որ ապրիլի 12-ի վատիկանյան Պատարագի ընթացքում պատմությունը գործիք դարձավ քաղաքական նպատակների համար (www.mfa.gov.tr/no_-110_-12-april-2015_-press-release-regarding-the-statements-delivered-during-the-liturgy-in-vatican-on-april-12_-2015.en.mfa):

2016 թ. հունիսի 24-26-ը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ տարի հետո, Հռոմի Պապը, որպես առաջին քրիստոնյա երկրիր ուխտագնացություն, այցելեց Հայաստան: Նախքան Հայաստան ժամանումը Վատիկանի մամլո գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին լրատվամիջոցներին հաղորդել էր, որ այցելության ընթացքում Պապի կողմից ասվելիք խոսքերի համար սկզբունք են ընդունել օգտագործելու «Մեծ Եղեռն» արտահայտությունը` «ցեղասպանություն» բառի փոխարեն, ինչպես այս մասին հայտնեց նաև բրիտանական հայտնի օրաթերթ «The Guardian»-ը (www.theguardian.com/world/2016/jun/23/pope-francis-to-visit-genocide-memorial-in-armenia): Անգամ Պապի այցելության պաշտոնական ծրագրում Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը նշված էր «Ծիծեռնակաբերդի հուշահամալիր» (w2.vatican.va/content/francesco/en/travels/2016/outside/documents/papa-francesco-armenia-2016.html, w2.vatican.va/content/francesco/en/events/event.dir.html/content/vaticanevents/en/2016/6/25/armeniatzitzernakaberd.html), ինչը ևս չվրիպեց մամուլի ուշադրությունից, մինչդեռ իտալական լրատվամիջոցներն ազատորեն օգտագործեցին «ցեղասպանություն» բառը կամ «Հայոց Ցեղասպանության հուշահամալիր» արտահայտությունը:

Այս իրողությունների վերաբերյալ հարցերին Պապի խոսնակը պատասխանեց. «Ինչո՞ւ է մոլուցք դրսևորվում «ցեղասպանություն» բառի օգտագործման առնչությամբ: Մեզանից ոչ ոք չի մերժում, որ սարսափելի կոտորածներ են եղել: Մենք ընդունում ենք դա: Մենք գնում ենք հուշահամալիր` հիշելու դա, բայց մենք չենք ցանկանում, որ դա քաղաքական և գաղափարախոսական բանավեճերի թակարդ դառնա» (www.theguardian.com/world/2016/jun/23/pope-francis-to-visit-genocide-memorial-in-armenia): Հունիսի 25-ի առավոտյան այցելելով Հայոց Ցեղասպանության հուշահամալիր` Ֆրանցիսկոս Պապը գրառում թողեց պատվո այցելուների գրքում` արտագրելով Վատիկանում նախօրոք պատրաստված տպագիր գրությունից, Հայոց Ցեղասպանությանն անդրադարձ կատարելով «ողբերգություն» բառով (www.lastampa.it/2016/06/26/vaticaninsider/ita/news/il-papa-e-larmenia-tra-memoria-dolore-e-speranza-w8g6aClzRpAQcAEefNJIxJ/pagina.html,  www.rainews.it/dl/rainews/articoli/Il-Papa-al-Memoriale-della-fortezza-delle-rondini-per-rendere-omaggio-a-vittime-genocidio-armeno-ed5da14f-6514-4755-8478-5b512ef8f597.htmlwww.lafedelta.it/Vita-ecclesiale/Papa-Francesco-visita-il-memoriale-del-genocidio-armeno, press.vatican.va/content/salastampa/it/bollettino/pubblico/2016/06/25/0472/01084.html):

Շարունակությունը կարդացեք այստեղ: