ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՓՈՂԸ

Եկեղեցիներն իրենց պաշտոնական տեսակետը բարձրաձայնելով` որևէ այլ նախաձեռնություն իրականացնո՞ւմ են նմանատիպ խնդիրների, հարցերի լուծման ուղղությամբ:

Միայն կարծիքի բարձրաձայնումը բավական չէ: Եզեկիել մարգարեն խոսում է Աստծո սպասավորի դետ կարգվելու մասին` զգուշացնելու մարդկանց մեղքեր գործելուց: Եթե դետը չի զգուշացնում անօրենին, ապա Աստված իր սպասավորից է պատասխանատվություն պահանջում, իսկ եթե զգուշացում է արվում, ապա սպասավորն անպարտ է (տե՛ս Եզեկ. 3.16-21):

Սակայն երբ մարդկային կյանքին է վտանգ սպառնում, զգուշացում կատարելը բավական չէ, այլ պետք են ջանադիր գործողություններ` վտանգից հեռացնելու, քայլեր ձեռնարկելու` մարդկային կյանքի աղճատումը կամ վնասումը կանխելու համար:

Օրգանների փոխպատվաստման իրողությունը բարձրացնում է նաև մեկ այլ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ողորմության առաքինությունը: Օրգանների փոխպատվաստումն իրենց կարող են թույլ տալ միայն հարուստները, քանզի այս նպատակով կատարվող վիրահատությունը բավականին թանկ արժե:

Արևմտյան երկրներում, որտեղ առողջության ապահովագրության համակարգ է գործում, օրգանների փոխպատվաստումն այնքան էլ անհասանալի չէ շարքային քաղաքացիների համար: Սակայն օրգանների սպասողների մեծ հերթը նույնպես խնդիրներ է հարուցում, և այս դեպքում էլ միայն մեծահարուստներն են երբեմն կարողանում իրենց առողջության վերականգնման համար հոգալ:

Նման իրավիճակում Եկեղեցին պետք է կոչ անի ողորմության, մարդասիրության` բարերարությամբ օգնելու անկարող հիվանդներին, զորակցելու բժշկության բուն առաքելության իրականացմանը, վերացնելու բժշկության մեջ առևտրի ներթափանցումը, նպաստելու բժշկական էթիկայի պահպանմանը: