ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Արդի բժշկության զարգացումը լայն հնարավորություններ է ընձեռել հիվանդների բուժման գործում, և շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին, ներկայումս կարող են կարճ ժամանակում բուժվել զարգացած բժշկական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտական մեծ կարողությունների շնորհիվ: Այդ հիվանդությունների բուժման լուծումներից մեկն օրգանների փոխպատվաստումն է: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը օրգանների փոխպատվաստման վերաբերյալ:

Օրգանների փոխպատվաստման վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետը չի կարող արմատապես տարբերվել այլ քրիստոնեական Եկեղեցիների պաշտոնական հայտարարություններից` հիմնված Սուրբ Գրքի, քրիստոնեական վարդապետության սկզբունքների վրա: Սույն խնդրի վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցին դեռևս պաշտոնական տեսակետ չի արտահայտել, քանի որ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը, որում արձանագրվում և որով հրապարակվում են Եկեղեցու պաշտոնական տեսակետները, դեռ կազմության փուլում է: Այնուամենայնիվ, այդ տեսակետը բանաձևվելու է քրիստոնեության հիմնարար դրույթների նկատառումով, ինչպես որ դա կատարվել է այլ առաքելահաստատ Եկեղեցիների պարագայում:

Օրգանների փոխպատվաստման երևույթը Եկեղեցիները դիտարկում են մեծ վերապահումներով` հիմնվելով հատկապես մարդու աստվածաշնորհ կյանքի գերագույն արժեք լինելու իրողության և այդ կյանքը խնամելու ու պահպանելու կարևորագույն պարտականության վրա: Սա նշանակում է, որ Քրիստոնեական Եկեղեցին միայն բացառիկ պայմաններում է ամբողջապես ընդունելի համարում բժշկության մեջ կիրառվող օրգանների փոխպատվաստման երևույթը:

Օրգանների փոխպատվաստումը հնարավորություն է տալիս փրկել մարդկային կյանքը: Ուրեմն, ո՞րն է բժշկության մեջ միանգամայն առաջատար համարվող այս գործողության նկատմամբ Եկեղեցու վերապահություն ունենալու պատճառը:

Օրգանների փոխպատվաստում կատարելու նպատակով հիվանդ մարդու վնասված օրգանն առողջ օրգանով փոխարինելու համար այն վերցնում են նոր մահացած մարդու դիակից կամ դոնորից` անձից, ով համաձայնություն է տալիս` հրաժարվելու իր օրգանից կամ դրա մի մասից (ինչպես, օրինակ, լյարդի փոխպատվաստման դեպքում):

Երկու դեպքում էլ` նոր մահացած մարդուց կամ դոնորից օրգաններ վերցնելիս մտահոգիչ խնդիրներ են առկա: Առաջին լուրջ հարցը մարդու մահվան հաստատումն է բժիշկների կողմից: Արդի բժշկության` մահվան հասկացության սահմանումով տարբերակվում է կլինիկական մահը, որի մեջ գտնվելիս մարդը վերստին կարող է կենդանանալ: Նախկինում սրտի կանգը մահվան ստույգ փաստ էին համարում: Հիմա սրտի աշխատանքի դադարն արձանագրելիս բժիշկներն անմիջապես ջանքեր են գործադրում մարդուն կյանքի բերելու, վերակենդանացնելու նպատակով:

Մահացած մարդու օրգանները վերցնելու համար մահից անմիջապես հետո պետք է կատարել համապատասխան բժշկական գործողությունը, այլապես այդ օրգանները փոխպատվաստման պիտանի չեն լինի: Այստեղ խնդիր է առաջանում մահվան ստույգ պահն արձանագրելու առնչությամբ: Անհրաժեշտ է տարբերակել` արդյո՞ք մահը վերջնական է, թե՞ կլինիկական, քանզի եղել են դեպքեր, երբ մահվան արձանագրումից բավականին զգալի ժամանակ հետո մարդը կյանքի է վերադարձել: Սա նշանակում է, որ մահվան արձանագրումը միշտ չէ, որ կարող է ստույգ լինել: Եվ այդ դեպքում ստացվում է, որ դեռ ապրելու հնարավորություն ունեցող մարդը ենթարկվում է սպանության` իր օրգանների օգտագործման համար:

Դոնորի պարագայում մտահոգություն է ի հայտ գալիս որևէ օրգանի հեռացումից հետո նրա առողջության պահպանման վերաբերյալ, որովհետև կենսականորեն կարևոր օրգաններ են հեռացվում, որոնք մարդու առողջության վատթարացման պատճառ կարող են դառնալ:

Դոնորից օրգան վերցնելը թույլատրելի է, եթե միանգամայն բժշկական հստակ վստահություն կա, որ նրա առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում: Մինչդեռ այսպիսի բացարձակ վստահության բացակայության դեպքում հետևյալ խնդիրն է հառնում: Օրգանների փոխպատվաստման նպատակը հիվանդ մարդու կյանքը փրկելն է: Սակայն ինչպես կարիք կա փրկելու հիվանդի կյանքը, այնպես էլ անհրաժեշտ է պահպանել դոնորի առողջությունն ու կյանքը, այլապես կստացվի, որ մի մարդու կյանքը փրկելու համար զոհում են մեկ այլ մարդու կյանքը, ինչն այս պարագայում անընդունելի է:

Այս ամենից զատ` արևմտյան երկրներում մարդիկ հիվանդանոցներում բժշկական հարցաթերթիկներ են լրացնում, որտեղ նշում են իրենց մասին տվյալներ և համաձայնություն արտահայտում` մահից հետո իրենց մարմնի օրգանները փոխպատվաստման համար օգտագործելու:

Որևէ հիվանդի համար տվյալ մարդու օրգանի համապատասխանության պարագայում նրա մասին բժշկական արձանագրություններում հաստատված տվյալները կարող են գործածվել օրգանների վաճառքով զբաղվող ինչ-որ խմբավորման կողմից` այդ մարդու հետապնդումը, սպանությունը (թեկուզ և պատահարի ձևով) կազմակերպելու և նրա օրգաններին տիրանալու համար:

Կարդալ նաև`