ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Եթե խնդիրներ կան օրգաններ փոխպատվաստելու իրողության մեջ, ուրեմն ինչպե՞ս պետք է վարվել, երբ մարդկային կյանք փրկելու համար հառնել է օրգանների փոխպատվաստման անհրաժեշտությունը:

Մահացած մարդու պարագայում մահվան արձանագրումը պետք է որքան հնարավոր է ստույգ լինի, սակայն ամեն դեպքում առկա է վտանգը օրգանների հեռացմամբ կենսունակություն ունեցող մարմնի սպանության:

Դոնորների պարագայում թույլատրելի է ողջ մարդու օրգանների հեռացումը միայն բժշկական խորը հետազոտություններից հետո` հավաստիացումով, որ դոնորի կյանքին լուրջ վտանգ չի սպառնա ապագայում ևս և կամ դոնորին մանրամասն տեղեկացնելով հնարավոր անցանկալի հետևանքների մասին: Այլապես անընդունելի է կյանք փրկել` մեկ այլ կյանք կործանելով:

Դոնորների մասին վերևում ասվածը նույնպես ընդարձակենք: Դոնորները լինում են երկու տեսակի: Կան մարդիկ, ովքեր իրենց հարազատի, բարեկամի համար են ինքնահոժար կերպով, սիրուց մղված պատրաստակամություն հայտնում սեփական մարմնի մի օրգանը տրամադրելու: Սակայն շատ տարածված է նաև այն, որ հիվանդին ընդհանրապես չճանաչելով, անգամ նրա մասին չմտածելով` մարդն օրգան է տրամադրում` դրա դիմաց վճարվող մեծ գումարի դիմաց:

Այս արարքը թեկուզ և առաջին հայացքից մարդասիրական է թվում, որովհետև, այնուամենայնիվ, դրանով մեկ այլ մարդու կյանք է փրկվում, սակայն իրական դոնոր հանդիսացող անձին հեռացնում է քրիստոնեական մարդասիրությունից, քանզի արարքի հիմնական դրդապատճառը ոչ թե սերն է մերձավորի հանդեպ, այլ փող վաստակելու հեռանկարը: Նման տեսանկյունով օրգանների նվիրաբերումը վերածվում է մարդկային օրգանների վաճառքի:

image48

Օրգանների փոխպատվաստման բժշկական գործողությունը երբեմն սերտաճում է մարդկային օրգանների ձեռքբերումով ու վաճառքով զբաղվող հանցագործ կազմակերպությունների հետ: Օրգանների փոխպատվաստման բժշկական նորարարությունը, որը, ինչ խոսք, փրկարար եղավ և է շատ մարդկանց համար, ճանապարհ է բացել նոր հանցավորության ու ոճիրների:

Օրգանների փոխպատվաստման հնարավորությամբ սկզբնավորվեցին նաև փոխպատվաստման հետ կապված հանցագործություններ` մարդկանց առևանգումներ, անգամ կազմակերպված սպանություններ օրգանների ձեռքբերման համար: Հանցավոր խմբավորումների կողմից մարդն սկսեց նկատվել որպես պահեստամաս օրգանների, որոնց ձեռքբերումն ու վաճառքը հսկայական դրամական շահույթներ է ապահովում: