ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Հստակեցրինք, որ Եկեղեցին, օրգանների փոխպատվաստումը մարդու կյանքի փրկության համար թույլատրելի համարելով, միաժամանակ լուրջ զգուշացումներ է հնչեցնում: Եթե ամփոփելու լինենք` որո՞նք են օրգանների փոխպատվաստման դրական և բացասական կողմերը:

Օրգանների փոխպատվաստումը ծանր հիվանդությունների ժամանակ փրկարար է լինում մարդու առողջության վերականգնման համար, դառնում մերձավորի նկատմամբ սիրո և նվիրումի արտահայտություն ու վկայություն, ինչպես նաև նմանություն Հիսուս Քրիստոսի ինքնազոհաբերվող, աստվածային սիրո, որով մեր Տերը փրկություն պարգևեց մարդ արարածին:

Բացասական և անընդունելի իրողություններ են մարդու մահվան ոչ ստույգ արձանագրմամբ, նոր մահացած մարդու օրգանների հեռացումով վերստին կյանքի դառնալու ունակ մարդու սպանությունը:

Դատապարտելի են նաև օրգանների ձեռքբերման նպատակով մարդկանց առևանգման դեպքերը, օրգանի դոնոր հանդիսացող անձի առողջության և անգամ կյանքին սպառնացող վտանգը, նյութական շահի նպատակով մարդասիրությունն ու մերձավորի հանդեպ սերն արծաթասիրության վերածելը, մարդու կողմից իր սեփական օրգանը վաճառելը, այն սոսկ նյութականի ձեռքբերման միջոց համարելը:

Առկա բացասական իրողություններով հանդերձ՝ օրգանների փոխպատվաստումը բժշկության մեծագույն ձեռքբերումներից է, որը պետք է գործադրվի մեծ զգուշավորությամբ, մարդու առողջության պահպանման և մարդու կյանքի գերագույն արժեքի գիտակցությամբ: