ՕԿԿՈՒԼՏԻԶՄԻ ԵՎ ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մարդիկ կան, որ հավատացնում են, թե անընդհատ կապի մեջ են Աստծո և Նրա պատգամաբերների հետ, հաղորդակցվում են նաև մահացածների հոգիների հետ: Նրանցից ոմանք ոգեհարցությամբ նույնիսկ գումար են վաստակում: Ո՞րն է Եկեղեցու դիրքորոշումն այդ մարդկանց վերաբերյալ:

Աստծո հետ մշտական կապի մեջ պետք է լինենք բոլոր քրիստոնյաներս աղոթքով, Աստծո մշտական ներկայության զգացումով, առ Տերը ձգտումով, Նրա հետ միասնության կապով: Բայց եթե Աստծո հետ կապ ունենալու պնդումը կապվում է կեղծ միստիկ գաղափարների տարածման կամ քրիստոնեության կողմից մերժելի իրողությունների հաստատման հետ, ապա դա ընդունելի չէ:

19-րդ դարն աշխարհում հատկանշվեց սպիրիտիզմի, օկկուլտիզմի դրսևորումներով, երբ ոգեհարցությամբ մարդիկ իբր կապ էին հաստատում մահացածների հոգիների հետ: Բայց հոգիները չեն կարող անդրաշխարհում իրենց զբաղեցրած վայրից տեղից տեղ շարժվել, ինչպես ակնարկվում է Քրիստոսի կողմից պատմված աղքատ Ղազարոսի առակում (Ղուկ. 16.26):

Եվ քանի որ այս է իրողությունը, ուրեմն, ոգեհարցությամբ զբաղվողները կամ գործում են չարի ուժով, չար երևույթների ազդեցությամբ և կամ խաբեությամբ` սնահավատ մարդկանցից դրամ կորզելու համար: Չար ոգիների ազդեցության ոլորտն այս աշխարհում է, և ոգեհարցության պարագայում, եթե իրոք լինում են արտասովոր երևույթներ, ապա դրանք տեղի են ունենում չար ոգիների ազդեցությամբ, որոնց նպատակն է շեղել մարդկանց ճշմարիտ հավատքից:

Մենք տեսնում ենք, որ 19-րդ դարի այս միտումին 20-րդ դարում փոխարինեց թռչող ափսեների մասին զանգվածային մոլորությունը, այլմոլորակայինների կողմից առևանգված լինելու ոմանց զգացումը, ինչը ևս չար, անտեսանելի ոգիների ազդեցությունն է, որոնք Պողոս առաքյալի ուսուցմամբ բնակվում են հենց այդ տարածության մեջ` երկնքի ներքո (Եփ. 6.12): Այսպիսով, պետք է ուշադիր և զգոն լինել, քանի որ բացասական արարքների և իրողությունների շատ դրսևորումներ նաև հետևանք են չարի ազդեցության:

Քրիստոնյա կարո՞ղ է համարվել այն մարդը, ով հավատում է ոգիներին, նրանց հետ կապվելու և գուշակություններ անելու հնարավորությանը:

Քրիստոնյան կարող է հավատալ ոգիների հետ կապվելու, գուշակություններ անելու հնարավորությանը: Խնդիրն այստեղ հավատալը չէ, այլ այն, թե որքանով է ճիշտ և ընդունելի համարվում տվյալ երևույթը: Քրիստոնյան հավատում է վերոնշյալին, որովհետև հավատում է հրեշտակների, ոգիների առկայությանը, այն իրողությանը, որ ոգիները կարող են մոլորեցնել մարդկանց:

Ոգեհարցությամբ կամ այլ գուշակություններով զբաղվող անձինք կապ են հաստատում չարի հետ և, հետևաբար, մերժելի են Աստծո կողմից: Աստված զգուշացնում է հեռու մնալ ցանկացած տեսակի գուշակություններից, որովհետև, ինչպես ասվում է Սուրբ Գրքում, գուշակություն անողը պիղծ է Աստծո առաջ, և այդպիսի բաները գարշելի են Տիրոջ համար (Բ Օր. 4.19, 18.1012, Երեմ. 14.14, 27.910, Եսայի 47.1214):

Խոսքը վերաբերում է նաև աստղագուշակությանը, որով այսօր լցված են հեռուստաեթերները կամ ժամանցային, անգամ լրատվական կայքերը: Նյութական, տեսանելի աշխարհը գտնվում է նաև անտեսանելի չարի, սատանայի, դևերի, ոգիների ազդեցության ոլորտում և դրանց բերած փորձանքներից, չարիքներից զերծ մնալու համար պիտի հնազանդ լինենք Աստծուն, ինչպես ուսուցանում է առաքյալը, հաստատուն պահենք հավատքը, որով և կկարողանանք դիմադրել սատանային (Ա Պետ. 5.9) և ապրել Աստծո օրհնության մեջ: