ՔՐԻՍՏՈՍ` ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՐԴ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)

ՀՐԵԱԿԱՆ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գիտնականները գտել են շատ վստահելի վկայակոչումներ Քրիստոսի վերաբերյալ, ինչպես նաև՝ ոչ վստահելի վկայակոչումներ, որոնք նախկինում կարծում էին, թե վերաբերում են Քրիստոսին, բայց իրականում այդպիսին չեն եղել: Այստեղ ներկայացվում են ավելի կարևոր, վստահելի վկայակոչումներ՝ դրանց վրա ուշադրություն կենտրոնացնելու համար:

Աշխարհիկ վկայակոչումների նման որոշ վկայություններ՝ գտնված  հրեական աղբյուրներում, անբայրացակամ են հանդեպ քրիստոնեության հիմնադիրը, հետևորդները և հավատքը: Սակայն դրանց հաստատումները արժեքավոր վկայություն ենՔրիստոսի կյանքի իրադարձությունների և այդ դեպքերի պատմականության վերաբերյալ:

Խաչելությունը

Բաբելական Թալմուդում կարդում ենք. «Ուսուցանվել է. Պասեքի նախօրյակին նրանք կախեցին Յեշուին: Եվ մի մունետիկ գնում էր նրա առջևից՝ ասելով. «Նա պետք է քարկոծվի, որովհետև կախարդություն է կիրառել, խաբել և մոլորեցրել Իսրայելին: Ով ինչ-որ բան գիտե նրա օգտին, թող գա և միջնորդի նրա համար»: Բայց նրա օգտին ոչինչ չգտնվեց, նրան կախեցին Պասեքի նախօրյակին» (Sanhedrin 43a, cf. t. Sanh. 10.11; y. Sanh. 7.12; Tg. Esther 7.9): Այս տեքստի մեկ այլ տարբերակ ասում է. «Յեշու Նազովրեցին»:

«Յեշու» հունարենի միջոցով թարգմանվում է որպես «Հիսուս» և Նազովրեցի լինելու մասին վկայակոչումը ավելի զորեղ է դարձնում կապը Հիսուս Քրիստոսի հետ: Ավելին, «կախեցին» բառը մեկ այլ ձև է՝ անդրադառնալու խաչելությանը (տե՛ս Ղուկ. 22.39, Գաղ. 3.13): «Թալմուդը,- գրում է հրեա գիտնական Հովսեփ Կլաունզերը,- խոսում է կախելու մասին խաչելության փոխարեն, քանզի մահվան այս ահավոր հռոմեական ձևը հրեա գիտուններին հայտնի է միայն հռոմեական դատավարություններից և ոչ՝ հրեական իրավական համակարգից: Նույնիսկ Պողոս առաքյալը (Գաղ. 3.13) մեկնաբանում է այս հատվածը՝ «Աստծուց անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օրին. 21.23), որպես կիրառելի Քրիստոսի առնչությամբ»: Նաև այն վկայակոչումը, որ խաչելությունը տեղի է ունեցել «Պասեքի նախօրեին» համաձայն է Հովհ. 19.14-ի հետ (այս արտահայտությունը նաև գտնվում է b. Sanh. 67a; y. Sanh. 7.16):

Այսպիսով, այս տեքստը հստակորեն հաստատում է Քրիստոսի, Նրա ծննդյան, առաքելության ու մահվան պատմականությունը: Այն նաև հաստատում է, որ հրեական իշխանությունները ներգրավված էին դատավճռի կայացման մեջ, բայց այն փորձում է արդարացնել նրանց գործողությունները: Ավելին, այն նույնիսկ հաստատում է Քրիստոսի հրաշքները (տե՛ս նաև b. Sanh. 107b; t. Sabb. 11.15; b. Sabb. 104 b.; b. Sota 47a), բայց փորձում է դրանք բացատրել որպես կախարդի կամ մոգի գործ՝ արձագանք, որ հիշված է Ավետարանիչների կողմից (Մարկ. 3.22, Մատթ. 9.34, 12.24):

Հրեական տեքստի հետևությամբ ի հայտ է գալիս Ամորա Ուլլայի [ամորա – եբր.՝ ժողովրդին ուսուցանող, խոսնակ; Ուլլա – հրեա թալմուդիստ] ուշ 3-րդ դարի մի մեկնաբանություն, որն ասում է. «Կհավատայի՞ր, որ այսքան նախանձախնդրորեն որևէ պաշտպանություն կլիներ նրա համար: Նա մոլորեցնող էր և Ամենողորմն ասում է. «Չպետք է խնայես այդպիսի մեկին և ոչ էլ թաքցնես նրան»: Սակայն այլ էր Հիսուսի պարագան, քանի որ նա մոտ էր թագավորության»: «Մոտ էր թագավորության» արտահայտությունը կարող է ակնարկել Քրիստոսի ազգաբանական ծագումը Իսրայելի թագավոր Դավթից կամ կարող է մատնանշել Պիղատոսի ձեռքերը լվանալը նախքան Քրիստոսին հանձնելը մտրակահարելու և խաչելության:

Քրիստոս և Նրա աշակերտները

Քրիստոսի խաչելության մասին ավելի ուշ Թալմուդի հատվածի մեջ գալիս է մի հատված, որը հաստատում է, որ «Յեշուն ուներ հինգ աշակերտներ՝ Մաթթայ, Նակկայ, Նեցեր, Բունի և Թոդահ» (b. Sanh. 107b): Մինչ «Մաթթայ»ը կարող է ակնարկել Մատթեոսին, ոչ ոք վստահ չէ, որ մյուս անունները կարող են նույնականացվել Ավետարանի գրության մեջ անվանակոչված այլ առաքյալների հետ: Պնդումը, որ Հիսուս ունեցել է հինգ աշակերտներ «կարող է բացատրվել այն փաստով, որ այլ ուսուցիչներ Թալմուդում՝ հատկապես Յոհանան բեն Զաքքայը և Աքիբան նույնպես նկարագրված են որպես հինգ աշակերտներ կամ սաներ ունեցողներ»: Համենայն դեպս մի բան հաստատ է՝ այս տեքստը հստակեցնում է այն, որ հրեական ավանդությունն ընդունում է ռաբբի Հիսուսի հետևորդներ ունենալու փաստը: