ՔՐԻՍՏՈՍ` ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՐԴ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

ԱՇԽԱՐՀԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պլինիոս Կրտսեր

Փոքր Ասիայում Բյութանիայի կառավարիչ (Ք.Հ. 112 թ.): Պլինիոսը գրում էր Տրայանոս կայսերը՝ խորհուրդ հարցնելու, թե ինչպես վարվել քրիստոնյաների հետ: Նա բացատրում էր, որ սպանել է տղամարդկանց և կանանց, տղաների և աղջիկների: Նրանք այնքան շատ էին մահվան դատապարվում, որ նա հարցնում էր, թե արդյոք պե՞տք է շարունակի սպանել որևէ մեկի, ով կբացահայտվեր որպես քրիստոնյա, թե՞ պետք է սպանի միայն որոշների:

Նա բացատրում էր, որ ստիպել է քրիստոնյաներին խոնարհվել Տրայանոսի արձաններին: Պլինիոսը շարունակում է՝ ասելով, որ նաև «ստիպել է նզովել Քրիստոսին, ինչն անհնար է պարտադրել իրական քրիստոնյային»: Նույն նամակում նա խոսում է այդ ամենից մարդկանց հոգնած լինելու մասին. «Նրանք պնդում էին, այնուամենայնիվ, որ նրանց ամբողջ մեղքը կամ նրանց սխալն այն էր, որ սովորություն ունեին հանդիպելու որոշակի սահմանված օր՝ նախքան լուսաբացը, երբ օրհներգում էին Քրիստոսին՝ որպես Աստծո, և հանդիսավորապես ուխտում չարագործություններ չանել, նաև երբեք չգործել խաբեբայություն, գողություն, շնություն, չկեղծել իրենց խոսքը, չմերժել հանձնելու վստահվածը» (Նամակներ, X.6):

Թալլոս

Առաջիններից մեկը, ով հիշատակում է Քրիստոսին, Թալլոսն է: Թվագրված թերևս Ք.Հ. 52 թ., Թալլոսը գրել է Արևելյան Միջերկրածովյան աշխարհի պատմությունը տրոյական պատերազմից մինչև իր ժամանակը: Դժբախտաբար, նրա գրվածքն այժմ գոյություն ունի միայն պատառիկներով, որոնք վկայակոչված են եղել այլ գրողների կողմից: Այդ գրողներից մեկը Հուլիոս Աֆրիկանոսն է՝ քրիստոնյա, ով գրել է իր աշխատությունը Ք.Հ. շուրջ 221 թ.: Մի հետաքրքիր հատված անդրադառնում է Թալլոսի կողմից տրված մեկնաբանությանը այն խավարման մասին, որը պարուրել էր երկիրը կեսօրին հաջորդող ժամերին, երբ Քրիստոս մեռավ խաչի վրա: Ինչպես Աֆրիկանոսն է հաղորդում. «Թալլոսը իր պատմությունների երրորդ գրքում, ինչպես ինձ է թվում, անհիմն կերպով է բացատրում այդ խավարումը՝ որպես արեգակնային խավարում (չհիմնավորված, իհարկե, քանի որ արեգակնային խավարում չի կարող տեղի ունենալ լիալուսնի ժամանակ, և Պասեքի լիալուսնի շրջանում էր, որ Քրիստոս մեռավ)» (Հուլիոս Աֆրիկանոս, Ժամանակագրություն, 18.1):

Այս վկայակոչումը ցույց է տալիս, որ Ավետարանի հաղորդումը խավարման մասին, որը պատել էր երկիրը Քրիստոսի խաչելության ընթացքում, քաջ հայտնի էր, և պահանջվում էր նատուրալիստական բացատրություն ոչ քրիտոնյաների կողմից: Թալլոսը չի կասկածում, որ Հիսուս խաչվել է, և որ բնության մեջ ոչ սովորական երևույթ է պատահել, որը կարիք ուներ բացատրության: Նա մտորել է այս խնդրի շուրջ տարբեր մեկնաբանությամբ: Հիմնական փաստարկները հարցադրման չեն ենթարկվել (Bruce, NTDATR, 113):

Ֆլեգոն

Մեկ այլ աշխարհիկ հեղինակություն՝ Ֆլեգոնը, գրել է պատմություն, որը կոչվել է Տարեգրություն: Այս աշխատությունը կորել է, սակայն Հուլիոս Աֆրիկանոսը պահպանել է դրա մի փոքր հատված իր գրվածքներում: Թալլոսի նման Ֆլեգոնը հաստատում է, որ խավարումը եղավ երկրի վրա Հիսուսի խաչելության ժամանակ, և նա նույնպես այն բացատրում է որպես արեգակի խավարման հետևանք. «Տիբերիոս կայսեր օրոք արեգակի խավարում պատահեց լիալուսնի ժամանակ» (Աֆրիկանոս, Ժամանակագրություն, 18.1):

Աֆրիկանոսից բացի Ֆլեգոնի այս իրադարձության վկայակոչումը նաև հիշատակված է երրորդ դարի քրիստոնեական ջագատով Որոգինեսի կողմից (Contra Celsum, 2.14, 33, 59) և վեցերորդ դարի գրող Ֆիլոպոնի կողմից (De. opif. mund. II 21):

Մարա Բար-Սերապիոն

Ք.Հ. 70 թվականից որոշ ժամանակ անց Մարա Բար-Սերապիոնը՝ սիրիացի և հավանաբար ստոիկ փիլիսոփա, բանտից նամակ է գրել իր որդուն՝ հորդորելով նրան հետևելու իմաստությանը: Իր նամակում նա համեմատում է Քրիստոսին փիլիսոփաներ Սոկրատի և Պյութագորասի հետ: Նա գրում է.

«Ի՞նչ շահեցին աթենացիները՝ Սոկրատին մահվան դատապարտելով: Սով և ժանտախտ պատուհասեցին նրանց՝ որպես պատիժ նրանց հանցագործության: Ի՞նչ շահեցին Սամոսի բնակիչները՝ Պյութագորասին այրելով: Մի ակնթարթում նրանց երկիրը ծածկվեց ավազով: Ի՞նչ շահեցին հրեաները՝ մահապատժի ենթարկելով իրենց իմաստուն Թագավորին: Դրանից անմիջապես հետո էր, որ նրանց թագավորությունը կործանվեց: Աստված ճշմարտապես վրեժ լուծեց այս երեք իմաստուն մարդկան համար՝ աթենացիները մեռան սովից, ծովը խորտակեց սամոսցիներին, հրեաները՝ ավիրված և իրենց երկրից աքսորված, ապրում են կատարյալ սփռվածության մեջ: Բայց Սոկրատը չմեռավ ընդմիշտ, նա շարունակում է ապրել Պլատոնի ուսմունքի մեջ: Պյութագորասը չմեռավ ընդմիշտ, նա շարունակում է ապրել Հերայի արձանի մեջ: Ոչ էլ իմաստուն Թագավորը մեռավ ընդմիշտ, Նա շարունակում է ապրել Իր ավանդած ուսմունքի մեջ»:

Այս հայրը վստահաբար քրիստոնյա չէր, քանզի դնում է Քրիստոսին հավասար հարթության վրա Սոկրատի և Պյութագորասի հետ, ավելի հաստատում Քրիստոսի ապրելն Իր ուսմունքում, քան Հարությամբ և մեկ այլ տեղում դրսևորում է հավատ բազմաստվածության հանդեպ: Բայց և այնպես Քրիստոսին նրա կողմից վկայակոչելը ցույց է տալիս, որ նա հարցադրում չի անում, թե արդյո՞ք Քրիստոս իրականում ապրել է:

(շարունակելի)