ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՀԸ ԵՎ ԻՋՆԵԼԸ ԴԺՈԽՔ

Ովքեր ցանկանում էին Քրիստոսին ոչնչացնել, իրենք ոչնչացան: Պիղատոսը ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց (Մատթ. 27.24): Թափված արդար արյան մեղքից զերծ մնալու համար ձեռքերի լվացումը հաստատված էր հինկտակարանյան օրենքով (Բ Օրինաց 21.6-8): Պիղատոսը հավանաբար ծանոթ լինելով այսպիսի սովորության` նման ձևով ցույց տվեց իր անպարտ լինելը արդար արյան հեղումից: Այստեղից առաջացավ «ձեռքերը լվանալ» արտահայտությունը, որը նշանակում է մաս և մասնակցություն չունենալ որևէ գործի:

Պիղատոսի կինը, ով երազներով տեսավ, որ Քրիստոս Սուրբ է և Աստված է, համոզում էր ամուսնուն ձեռնպահ մնալ Քրիստոսին մահվան դատապարտելուց (Մատթ. 27.19), իսկ Պիղատոսն անհոգաբար ասում էր, որ եթե Աստված է, միևնույն է, մարդիկ չեն կարող վնաս պատճառել, քանզի եթե սպանեն էլ, ապա սպանվածը, Աստված լինելով, հարություն կառնի:

Պիղատոսը շատ  անօրենություններ էր գործել Երուսաղեմում, որի համար բողոքներ էին եղել կայսերը, և այդ անօրենություններին ավելացավ նաև Քրիստսին մահվան մատնելու առնչությամբ բողոքը: Տիբերիոս կայսերը բողոքողներից մեկն էր ի Քրիստս հավատացած մեր անդրանիկ թագավոր Աբգարը, ինչպես հայտնում է Մովսես Խորենացի պատմիչը: Եղած բողոքների հիման վրա կայսրը Երուսաղեմից ետ կանչեց Պիղատոսին` նրա գործը քննելու: Պիղատոսը հեռացավ Երուսաղեմից, բայց վախենալով, որ գործի քննության ընթացքում խայտառակ կլինի, ինքնասպանություն գործեց` իրեն ջրախեղդ անելով:

Քրիստոսին մահվան մատնած հրեաները ևս կործանվեցին. հռոմեացիների կողմից հրեական տաճարը հիմնահատակ ավերվեց 70 թ., Երուսաղեմը բռնազավթվեց, բազմաթիվ հրեաներ սպանվեցին և բազումներ գերվեցին: Երուսաղեմի կործանումը քրիստոնյաների կողմից դիտվեց որպես պատիժ հրեաներին` Տիրոջը խաչելու համար:

Երբ  Քրիստոս խաչի վրա մեռավ, հոգով իջավ դժոխք, ավերեց դժոխքը և ազատեց հոգիներին (Ա Պետ. 3.18-19): Ոմանք կատակով ասում են, թե շատերն են գնացել այն աշխարհ, բայց ոչ ոք այնտեղից ետ չի եկել, որպեսզի պատմի, թե ինչպիսին է հանդերձյալ աշխարհը, կամ արդյո՞ք հանդերձյալ կյանք գոյություն ունի:

Սակայն կատակով ասված այս խոսքերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դժոխքում կատարվածի մասին իմացել ենք ոչ միայն Պետրոս առաքյալի վկայությամբ, այլև ականատեսների պատմածով:

Քրիստոսի` դժոխք իջնելուց առաջ դժոխքում լույս ծագեց, և Աստծո հետ անմիջական շփում ունեցած մարդիկ` Ադամը, Աբրահամը, Մովսեսը և այլք, ասացին, թե սա Աստծո լույսն է, և բոլորը զարմացած սպասում էին, թե ինչ է լինելու: Այս մասին իմանում ենք ականատեսների պատմածից: Ավետարանիչն ասում է, որ երբ Քրիստոս հոգին ավանդեց, «գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան ու Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով` մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին» (Մատթ. 27.52-53):

Ահա հենց նրանք էլ` որպես ականատեսներ, պատմեցին դժքում կատարվածի մասին, և նրանց պատմածը հետագայում նաև գրի առնվեց և ավանդվեց սերունդներին: