ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ, ԻՆՉ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

Քրիստոսի մարդեղության մասին բոլոր հրեշտակները չէ, որ գիտեին: Եվ երբ Քրիստոս երկինք էր բարձրանում, հրեշտակները միմյանց հարցնում էին, թե ով՞ է արդյոք այս հզորը: Հրեշտակները Քրիստոսին չճանաչեցին, որովհետև Նրա մարմինը ծածկում էր Նրա աստվածությունը: Սուրբ Դիոնիսիոսն ասում է, որ երկնայինները Քրիստոսին չէին համարձակվում հարցնել, որովհետև Նրա տեսքը ահեղ և փառավոր էր: Այս հարցումը և դրան տրված պատասխանը մեզ ներկայացնում է 23-րդ սաղմոսը: Քրիստոսին ուղեկցող հրեշտակներն ասում էին. «Բարձրացրեք իշխաններ ձեր դռները, որպեսզի փառքի արքան ներս մտնի», իսկ մյուս հրեշտակները հարցնում էին. «Ո՞վ է այս փառքի արքան» և լսում էին պատասխանը, թե այդ արքան Տերն է (Սաղմ. 23.7-10):

Այս նույն հարցուպատասխանը կարող ենք լսել նաև Պատարագի ընթացքում: Երբ սարկավագը սկիհը փոխանցում է քահանային, ասում է. «Համբարձէք իշխանք զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ Թագաւոր փառաց», իսկ քահանան հարցնում է. «Ո՞վ է սա թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի»: Վերջում սարկավագը պատասխանում է` սա Ինքն է Թագաւոր փառաց: Այս հարցուպատասխանը կարծես հիշեցնում է Քրիստոսի երկինք մտնելը: Քանի որ Սուրբ Խորանը խորհրդանշում է երկինքը, և Քրիստոս Իր զորությամբ Պատարագի ժամանակ երկնային զորություններով ներկա է Սուրբ Խորանին, և Սուրբ Հոգին սրբագործում է Պատարագի հացն ու գինին` Տիրոջ Մարմնին ու Արյանը փոխարկելով, ապա շատ պատշաճ է այստեղ այդ սաղմոսն ասելը:

Երկիրը կարծես թե անարդարությամբ ավելի ցած է բոլոր տարրերից, և մեր մարմինը պատրաստված է այդ երկրից: Մենք ինքներս միշտ տրորում ենք երկիրը` հողը, այն տրորվում է նաև բոլոր կենդանիների կողմից: Սակայն Քրիստոս Իր Համբարձմամբ մեր հողեղեն մարմինը վեր բարձրացրեց: Եվ այսօր, ըստ Սուրբ Գրիգոր Նյուսացու, այս առումով մենք կարող ենք ասել, որ երկիրը նույնիսկ ավելի բարձր է, քան երկինքը:

Ժողովրդական լեզվով Համբարձումը կոչվում է նաև Ջանգյուլումի օր: Սրա հետ կապված ժողովրդական տոնախմբությունը վերաբերում է հատկապես աղջիկներին:  Նախկինում` Համբարձման տոնին նախորդ չորեքշաբթի օրը, աղջիկները դաշտերից, այգիներից ծաղիկներ էին հավաքում, փնջեր կազմում: Ամենամեծ փունջը խաչաձև էր լինում և կոչվում էր Ծաղկամեր: Աղջիկները մի սափորի մեջ ջուր էին լցնում, և ամեն մեկն իրեն պատկանող մի փոքրիկ առարկա էր գցում այնտեղ: Համբարձման տոնի օրը աղջիկները հավաքվում էին սափորի շուրջը, Ջանգյուլումի երգեր երգում և ջրի միջից հանում էին փոքրիկ առարկաները: Ինչպիսին որ էր երգի տունը, ուրախ կամ տխուր, այդպիսին էլ լինելու էր առարկայի տիրուհու վիճակը: Սակայն այս խաղը չի կարելի սնոտիապաշտության վերածել, այլ պետք է ընդունել որպես տոնին առնչվող ժողովրդական ուրախ սովորույթ: Այժմ ժողովրդական այս սովորույթը գրեթե վերացել է, և Համբարձման օրը որոշ բնակավայրերում միայն երեխաներն են տոնական զգեստներով դուրս ելնում և Ջանգյուլումի երգեր երգում:

Ի՞նչ է մեզ համար Համբարձումը: Եթե միայն այս կյանքով տարված, ավելի շատ երկրայինի մասին մտածող մարդ ենք, ինչ խոսք, Համբարձումը կամ Համբարձման տոնը մեզ համար կարող է ոչ մի արժեք էլ չունենալ: Սակայն եթե հավատում ենք Աստծուն և հույս ունենք հավիտենական կյանքի արժանանալու և Երկնքի արքայության մեջ լինելու, ապա Համբարձումը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի: ՄԵծ ուրախություն է մեզ համար Համբարձումը, քանզի ցույց է տալիս, որ մենք ևս ի վերջո այսպես համբարձվելու ենք երկինք:

Գուցե զարմանալի լինի ոմանց համար, սակայն դեպի երկինք վերանալը մենք սկսում ենք այս կյանքից. դա է վկայում Հակոբ նահապետի տեսիլքում երևացած սանդուղքը (Ծննդ. 28.10-12): Սանդուղքի երկու ուղղահայաց փայտերը ցույց են տալիս մարդու երկու տեսակի կենցաղավարությունը` հարստությունն ու աղքատությունը: Հարուստներն իրենց հարստության մեջ պետք է չհպարտանան և չմոռանան ողորմությունը, իսկ աղքատները պետք է չտրտնջան Աստծո դեմ, որովհետև Աստված մարդուն փորձության մեջ է գցում` նրան ավելի կատարյալ դարձնելու համար: Եթե մարդն անընդհատ տրտնջա և դժգոհի, նրա վիճակն ավելի կվատանա, մինչդեռ Աստծուն փառաբանելը հեռացնում է սատանային և նրա չար գործակիցներին, Աստծո զորակցությամբ հաղթահարելու փորձությունը և դուրս գալու նեղությունից:

Այդ սանդուղքը, որով մենք այս կյանքից սկսած երկինք ենք ելնում, պետք է ունենա նաև յոթ աստիճաններ: Առաջին չորսն են` խոնարհություն, արիություն, ողջախոհություն և արդարություն: Սակայն այս առաքինությունները սովորական են և մարդուն երկինք չեն հանում: Անհավատ, աթեիստ որևէ մեկը կարող է այս բարոյական սկզբունքներով ապրել, իբրև լավ մարդ շրջապատում մեծ հարգանք վայելել, սակայն նա երբեք չի կարող երկինք ելնել, որովհետև չունի մնացած երեք աստիճանները, որոնք կոչվում են աստվածային առաքինություններ: Դրանք են` ճշմարիտ հավատ, հաստատուն հույս և աստվածային սեր: