ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ ցույց տանք Քրիստոսի աստվածության վերաբերյալ հիմնավորումները ոչ միայն Նոր Կտակարանով, այլև սկսած Հին Կտակարանի հենց ամենասկզբից։ Սուրբ Գիրքն ասում է, որ մարդու ստեղծման ժամանակ, ինչպես նաև Բաբելոնի աշտարակաշինության պատճառով մարդկանց պատժելու ժամանակ Աստված խորհրդակցում էր և հետո նոր գործում։ Իսկ ու՞մ հետ էր խորհրդակցում Աստված։

Այս հարցի պատասխանը տալիս է Եսայի մարգարեն` Քրիստոսին անվանելով նաև խորհրդակից, երբ մարգարեանում է Քրիստոսի Ծննդյան մասին` ասելով. «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Սքանչելի խորհրդակից, Հզոր Աստված, Իշխան խաղաղության, Հայր հավիտենականության» (9.6)։ Աղանդավորներից Եհովայի վկաները, որոնք չեն ընդունում Քրիստոսի աստվածությունը, ուսուցանում են, որ այստեղ Քրիստոսի վերաբերյալ ասված «Հզոր Աստված» արտահայտությունը ամենևին չի մատնանշում Քրիստոսի աստվածությունը, որովհետև ճշմարիտ աստվածությունը ցույց տալու համար պետք է «Հզոր Աստված»-ի փոխարեն ասվի Ամենահզոր Աստված:

Սակայն Քրիստոսի աստվածության հաստատման համար պարտադիր չէ նույնիսկ, որ այստեղ «հզոր» բառն էլ լինի, որովհետև, օրինակ, Մովսեսին հայտնվելու ժամանակ Աստված ասում է. ««Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը» (Ելք 3,6), այսինքն` չի օգտագործում նույնիսկ «հզոր»բառը։

Եսայու մեկ այլ մարգարեություն ավելի Է հաստատում Քրիստոսի աստվածությունը «Ահա կույսը պիտի հղանա ու որդի պիտի ծնի, և նրա անունը Էմմանուել պիտի կոչվի, որ նշանակում է Աստված մեզ հետ» (7.14, Մատթ. 1.23)։ Հետևաբար, այստեղ ևս Քրիստոս Աստված է կոչվում։ Հովհաննու Ավետարանի հենց ամենասկզբում ասվում է. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր» (1.1):

Հրեաները ցանկանում էին Քրիստոսին սպանել, որովհետև Նա Իր անձը Աստծուն հավասար էր դասում (Հովհ. 5.18)։ Նույնն է ասում նաև Պողոս առաքյալը փիլիպեցիներին ուղղված թղթում. «Որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց» (2.6)։ Եվ վերջապես Քրիստոս Ինքն է նաև Ավետարաններում միայն մեկ տեղում Իր մարդացած լինելու և չարչարանքների ու նեղությունների մեջ գտնվելու համար նշելով, որ տվյալ պարագային Հայրն ավելի մեծ է (Հովհ. 14.28), բերում է Իր աստվածությունը հաստատող զորեղ խոսքերը. «Ես և Հայրը մի ենք» (10.3) կամ` «Ինձ տեսնողը Հորն է տեսնում» (Հովհ. 14.9)։

Եթե նույնիսկ այս համարներին աղանդավորները կարող են խեղաթյուրված բացատրություններ տալ, ապա հետևյալ խոսքերի դեմ անիմաստ կլինի առարկելը։ Թովմաս առաքյալը, Հարությունից հետո տեսնելով Քրիստոսին, Նրա աստվածությունը դավանելով, ասում է. «Տեր իմ և Աստված իմ» (Հովհ. 20.28)։

Հայտնության գրքում արդեն Քրիստոս Հովհաննես առաքյալին Իր աստվածությունը հաստատող ավելի զորավոր խոսքեր է ասում. «Մի վախեցիր, Ես եմ Սկիզբը և Վախճանը, Ես եմ կյանքը, Ես եմ, որ մեռա. և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտն. 1.1718)։ Նաև Հայտնության մեկ այլ տեղում` «Այսպես է ասում անսկիզբը և անվախճանը, որ մեռավ և կենդանացավ» (2.8), իսկ անսկիզբ և անվախճան կարող է լինել միմիայն Աստված։