ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ, ՄԵՆՔ` ՔՐԻՍՏՈՍՆԵՐ

Հունվարի 13-ին Քրիստոսի անվանակոչության տոնն է։ Ըստ հրեական օրենքի` նորածին երեխային ութերորդ օրը թլփատում էին և անուն դնում (Ծննդ. 17.12, Ղևտ. 12.3)։ Այս հրեական արարողությունը քրիստոնեական մկրտության արարողության նախօրինակն էր կամ ստվերը։ Սրա մասին մանրամասն բացատրվում է Կանոնագիրք Հայոցում` Առաքելական 13-րդ կանոնի մեջ։ Քրիստոսի առաքյալների հաստատած կանոններից է երեխային ութ օրեկան հասակում մկրտելու կարգը, ինչպես որ Աստված Աբրահամին պատվիրեց երեխային ութ օրեկանում թլփատել` որպես հավիտենական ուխտի նշան (Ծննդ. 17.12), ինչը մկրտության նախօրինակն էր։ Բացի դրանից Թվոց գրքում (19.9) խոսվում է մեղքերի մաքրման ջրի մասին, որը պետք է հեղեին անմաքուր մարդու վրա։ Սա կանխագուշակումն էր հեթանոսների մկրտության։

Մկրտության այլ ակնարկներ ևս տեսնում ենք Հին Կտակարանում: Օրինակ` իսրայելցիները ջրով անցնելով` փրկվեցին փարավոնից (Ելք 14.21-22)։ Մի քանի այլ օրինակներ ևս զետեղված են երեխային ութ օրեկան հասակում մկրտելու վերաբերյալ առաքյալների հաստատած 13-րդ կանոնի մեջ. «Հեսուն անցավ Հորդանան գետը և ջրով անցնելուց հետո մտավ Պարգևների երկիր (Հեսու 3.1417)։ Եղիան ևս անցավ Հորդանանը և երկինք ելավ (Դ Թագ. 2.6-11)։ Հովհաննեսը ևս Քրիստոսին մկրտեց ջրի մեջ (Մատթ. 3.13-17, Մարկ. 1.9-11, Ղուկ. 3.21-22)»։ Ահա այսպիսի մեծ և փրկարար զորություններով է օժտված մկրտությունը, որ մաքրում է ադամական մեղքը, արժանացնում է բազում շնորհների, Երկնքի Արքայության և հավիտանեկան կյանքի։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի» (Մարկ. 16.16): Բայց ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց մասին, ովքեր սպանվեցին հալածանքների շրջանում առանց մկրտված լինելու: Արդյո՞ք նրանք կորցրեցին իրենց փրկությունը: Ոչ, որովհետև եկեղեցական հեղինակներն ասում են, որ մկրտության տարբեր տեսակներ կան` մկրտություն ջրով և Սուրբ Հոգով, որը կարող եք տեսնել եկեղեցիներում, և մկրտություն արյան, սիրո, արցունքների: Մարտիրոսությունը կոչվում է արյան մկրտություն: Երբ Զեբեդեոսի որդիները` Հակոբոսը և Հովհաննեսը, խնդրեցին Տիրոջը նստելու Նրա աջ և ձախ կողմերում, Քրիստոս պատասխանեց նրանց. «Չեք իմանում` ինչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը Ես խմելու եմ. կամ՝ մկրտվել այն մկրտությամբ, որով Ես մկրտվելու եմ» (Մատթ. 20.22, Մարկ. 10.38), որով երևում է, որ հանուն հավատքի արյուն հեղելը արյան մկրտություն է, ինչպես որ այն կոչեց Քրիստոս:

Սիրո մկրտությունն այն է, որ մի մարդ ճշմարիտ հավատքի գալով և Աստծո հանդեպ մեծ սիրով լցված լինելով` ցանկանում է մկրտվել, բայց հանկարծակի մահվան պատճառով չի կարողանում իրագործել իր փափագը, և համարվում է սիրո մկրտությունն ունեցող: Մկրտության տեսակ է արցունքների մկրտությունը, որով մենք բոլորս պետք է մկրտվենք: Սուրբ Գրիգոր Աստվածաբանն ասում է, որ սաղմոսերգուն հայտնում է այս մկրտության մասին` ասելով. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ և իմ արտասուքով անկողինս թրջեցի» (Սաղմ. 6.7): Սա նշանակում է, որ մենք հաճախ կարիքն ունենք զղջալու մեր մեղքերի համար, լաց լինելու մեր վատ արարքների համար` խնդրելով, որ Ամենակարողն Աստված ների մեզ:

Հավատքը ևս լինում է տարբեր տեսակների: Կան հավատքի երկու տեսակներ, որոնք առանց վարձքի են, և երրորդ տեսակը վարձատրելի է, որովհետև դա է ճշմարիտ հավատքը: Չար ոգիները աներեր հավատում են Աստծուն, բայց նրանց հավատը վարձքի արժանի չէ, որովհետև նրանք անզեղջ են մնում իրենց չար ընթացքի մեջ: Հակոբոս առաքյալն ասում է. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում» (Հակ. 2.19): Անվարձատրելի հավատքի մյուս տեսակն այն է, երբ մարդը մկրտությամբ ստանում է Աստծո շնորհները, բայց բարի գործերով կենդանի չի դարձնում իր հավատքը: Այդպիսի հավատքը մեռած հավատք է: Երբ հավատքը գործեր չունի մեռած է, ինչպես ասում է Հակոբոս առաքյալը (Հակ. 2.17): Եվ մեր կյանքում մենք պետք է հաստատենք հավատքի այն տեսակը, որն արդյունավորվում է բարի և առաքինի գործերով:

ՄՈՎՍԵՍՆԵՐ ԵՎ ՔՐԻՍՏՈՍՆԵՐ

Մենք ինքներս ինչոր իմաստով մովսեսներ և քրիստոսներ ենք։ «Մովսես» անունը հրեական հայտնի պատմիչ Հովսեփոս Փլավիոսի խոսքերով կազմված է եգիպտական «մօ» և «իսիս» երկու բառերից։ «Մօ» նշանակում է ջուր, իսկ «իսիս»` պահպանված, փրկված։ Հետևաբար` «Մովսես», «Մօիսիս» նշանակում է ջրից փրկված։ Իսկ «Քրիստոս» անունը թարգնամաբար նշանակում է «օծյալ»։ Եվ Մովսեսը, որ ջրից, բայց նաև ջրի միջոցով փրկվել էր, հետագայում նույն կերպ իր ողջ ժողովրդին փրկեց ջրի միջոցով` անցկացնելով Կարմի ծովով, դրանով խորհրդանշելով ջրով և Հոգով մկրտությունը, որի ժամանակ մկրտվողներն ավազանից ելնելով և սուրբ մյուռոնով դրոշմվելով դառնում են քրիստոսներ, այսինքն` Աստծո օծյալներ։ Դրա համար է մկրտության ժամանակ հոգևորականն ասում մկրտվողին. «Խաղաղութիւն ընդ քեզ օծեալդ Աստուծոյ»։ Եվ այս հիանալի ճշմարտություններն այսօր իմանալով` արդյունավետությամբ գործածենք մեզ տրված աստվածային շնորհները` իզուր չվատնելով  մեր կյանքի թանկ ժամանակը, ապրելով աղոթքով, պահեցողությամբ և բարի կյանքով, որպեսզի այս կյանքի ավազանից էլ դուրս ելնելիս մեզ ընդառաջ գա Տերը և մեզ հավիտենական խաղաղության ու երջանկության հրավիրելով` սիրով ու բարությամբ ասի. «Խաղաղութիւն ընդ քեզ օծեալդ Աստուծոյ»։