ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետության` Քրիստոսի մարմինը անապական էր ինչպես Հարությունից հետո, այնպես էլ Հարությունից առաջ: Գիտենք, որ մեր մարմիններն ապականացու են, և ապականությունն առաջացել է մեղքի պատճառով: Իսկ Քրիստոսի մարմինն անապական է, որովհետև Նա ծնվել է աստվածային զորությամբ միայն մեկ ծնողից, մինչդեռ ապականացու մարդկային մարմինները գոյավորվում են հոր և մոր սերմերից:

Երկաբնակները կամ քաղկեդոնականները Քրիստոսի մարմինն ապականացու են ասում` նկատի ունենալով նաև երկրային կյանքի ընթացքում մահվան ենթակա լինելը, սակայն այլ է մահը, և այլ է ապականությունը: Մահը հոգու բաժանումն է մարմնից, իսկ ապականությունը բանսարկուից է սերմանվել` որպես մահվան հետևանք, քանզի Արարիչն Աստված միայն ստեղծում ու գոյավորման է բերում և ոչ թե եղածը տանում է ապականության:

Այսպիսով, կարելի է ասել, որ Քրիստոսի մարմինը չարչարելի է և մահկանացու, սակայն չի կարելի Տիրոջ մարմինն ապականացու ասել, քանզի ապականությունը ոչ թե բնությունից է, այլ մեղքից, իսկ Քրիստոսի մարմինը մեղք չկրեց: Այս իրողությունը նկատի ունենալով` նաև Պետրոս առաքյալն է վկայում ըստ սաղմոսի խոսքերի. «Նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործք 2.31, Սաղմ. 15.10):

Ոմանք Քրիստոսի անապական մարմնի վերաբերյալ ճշմարիտ ուսուցմանն ընդդիմանալու համար մատնանշում են Քրիստոսի ուտելը, որն իբր ապականության հետ է կապված: Սակայն Քրիստոս կերավ նաև Հարությունից հետո (Ղուկ. 24.43, Գործք 10.41), և Նրա ուտելը մեր ուտելուց տարբերվում է նրանով, որ Քրիստոս երբեք ավելորդ ծորում չի ունեցել, ինչպես ապականացու մարմինները, քանի որ Քրիստոսի մարմինն անապական է:

Մենք ևս անապական, բայց նաև փառավորյալ մարմին ենք ունենալու ընդհանրական հարությունից հետո (Ա Կորնթ. 15.52-54): Փառավորյալ մարմինն ունի չորս հատկություն` անապական է, թեթև, թափանցող (այսինքն` նյութական արգելքների միջով թափանցելու, անցնելու կարողություն ունեցող), պայծառ: Անապականությունը Քրիստոս ցույց տվեց վերնատանը, երբ Իր Մարմինը տվեց որպես կերակուր (Մատթ. 26.26-28, Մարկ. 14.22-24, Ղուկ. 22.19-20, Ա Կորնթ. 11.24-25), թեթևությունը, երբ քայլեց ծովի վրայով (Մատթ. 14.25-26, Մարկ. 6.48-49, Հովհ. 6.19), պայծառությունը ցույց տվեց  Թաբոր լեռան վրա, երբ պայծառակերպվեց (Մատթ. 17.2, Մարկ. 9.1, Ղուկ. 9.29), իսկ թափանցողությունը երևաց այն ժամանակ, երբ Քրիստոս ծնվեց Սուրբ Կույս Մարիամից:

Ինչպես որ փակ դռներով Քրիստոս մտավ իր աշակերտների մոտ (Հովհ. 20.26), այնպես էլ ծնվեց Սուրբ Կույսից` անխախտ թողնելով նրա կուսության կնիքը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս վարդապետությունը մենք պետք է մեր մտքում ունենանք հատկապես նաև այն ժամանակ, երբ մոտենում ենք Սուրբ Հաղորդության` հաղորդվելու Քրիստոսի անապական Մարմնին և անապական Արյանը: