ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱՐՑԵՐ

Քրիստոս մարդացավ, ծնվեց Բեթղեհեմի մսուրում և այնուհետ Իր առաքելությամբ փրկություն պարգևեց մարդկությանը, ազատեց մեղքի ու մահվան իշխանությունից, տվեց շնորհը հավիտենական կյանքի: Ողջ տիեզերքը փրկվեց Հիսուս Քրիստոսի արյամբ: Այս ճշմարտությունը երբեմն վերացական գաղափարի պես է հնչում: Այդ իսկ պատճառով մեր մեջ ծագում են մի շարք հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:

Ինչու՞ Քրիստոս մարդացավ, ծնվեց և չարչարվեց, եթե Աստված Իր ամենակարողությամբ կարող էր մարդկությանը փրկել ավելի հեշտ ձևով: Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը: Սակայն ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն, որ Հիսուս Քրիստոս Իր կամքով Իր անձը մահվան մատնեց: Եվ ինչու՞ է արդյոք աստվածաշնչյան գրվածքներում Քրիստոս համեմատվում գառան կամ մորթվող գառան հետ (Ա Կորնթ. 5.7; Հայտն. 5.6,8, 1213; 13.8): Այժմ անդրադառնանք այդ հարցերից յուրաքանչյուրին։

Ինչու՞ Քրիստոս մարդացավ, ծնվեց և չարչարվեց, եթե Աստված Իր ամենակարողությամբ կարող էր մարդկությանը փրկել ավելի հեշտ ձևով

Մարդկության պատմության մեջ չեն եղել, չկան և չեն լինելու անհավատ ժողովուրդներ: Կան անհավատ, աթեիստ անձինք, սակայն երբեք անհավատ ժողովուրդներ չեն եղել: Սա ցույց է տալիս, որ մարդկային ցեղն իր բնությամբ աստվածասեր և աստվածապաշտ է: Սակայն մարդիկ հաճախ աստվածացրել են այն ամենը, ինչ համարել են գեղեցիկ և հզոր: Եվ այս բարի հատկությամբ մարդկությունը հաճախ դուրս է եկել ուղիղ ճանապարհից: Այդ իսկ պատճառով Քրիստոս Աստված մարդացավ և աշխարհ եկավ, որպեսզի մարդիկ Իրեն տեսնեն և այլևս երբեք չշեղվեն ճշմարիտ աստվածպաշտությունից:

Այն մեծագույն հատկությունը, որը կատարյալ է դարձնում սերը, զոհաբերությունն է: Կատարելապես սիրող մեկը պատրաստ է իր սիրելիի համար զոհաբերելու նույնիսկ իր ունեցած ամենաթանկ բանը` կյանքը: Երբ սիրո մեջ զոհաբերություն չկա, այն ինչ-որ իմաստով թերի է և նման է այն սիրուն, որով մենք սիրում ենք ուրիշի երեխաներին:

Մենք սիրում ենք նրանց գեղեցիկ աչքերը, գեղեցիկ ժպիտը, սակայն օրորոցի մոտ անքուն գիշերներ չենք անցկացնում: Այդ զոհաբերությունը երեխայի համար իրականացնում են միայն նրան անսահմանորեն սիրող ծնողները: Եվ Քրիստոս Իր զոհագործությամբ մեզ ցույց տվեց մեր հանդեպ աստվածային սիրո անսահմանությունն ու կատարելությունը:

Ինչու՞ Քրիստոս խոնարհվեց աստվածային բարձունքներից

Երբ նոր քայլել սովորող երեխան ընկնում է, միայն վերևից ասված խոսքերը նրան չեն կարող ոտքի հանել: Մենք դա շատ լավ գիտենք: Այդ իսկ պատճառով ինքներս ենք խոնարհվում, հավասարվում նրան և մեզ հետ միասին վեր հանում:

Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը. սակայն ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն, որ Հիսուս Քրիստոս Իր կամքով Իր անձը մահվան մատնեց

Երբեմն մարդիկ իրենց կամքով հրաժարվում են կյանքից և գնում դեպի մահ: Այսպիսի մահը կոչվում է անձնիշխան մահ: Այն լինում է երկու տեսակ` բարի և չար: Անձնիշխան մահը բարի էր մարտիրոսների մոտ, երբ նրանք Աստծո սիրուց մղված իրենց կամքով իրենց անձերը մահվան մատնեցին: Նրանց մարմինները մեռան, սակայն հոգիները առավել կենդանացան և հավերժ կենդանի են Աստծո մոտ:

Անձնիշխան մահը չար է Հուդայի պարագային, երբ նա այդ քայլին դիմեց աստվածմերժությունից: Մեռավ ոչ միայն նրա մարմինը, այլև` հոգին, այսինքն` հեռացավ Աստծուց: Եվ Քրիստոս, մարդկության հանդեպ անսահման սիրուց մղված, գործածեց անձնիշխան մահը, որը բոլորովին հակառակ է այդ մահվան չար տեսակին, որը մենք կոչում ենք ինքնասպանություն:

Ինչու՞ է արդյոք աստվածաշնչյան գրվածքներում Քրիստոս հաճախ համեմատվում գառան կամ մորթվող գառան հետ

Քրիստոս համեմատվում է գառան հետ հետևյալ պատճառներով: Գառը հեզ կենդանի է. իրեն պաշտպանելու համար նա չի կոտոշահարում և այլ կտրուկ միջոցների չի դիմում, ինչպես մյուս կենդանիները: Նույն կերպ էլ Քրիստոս ոչ ոքի հանդեպ չարիք չգործեց: Գառը հեզությամբ գնում է իրեն մորթել պատրաստվող մարդու ետևից: Նույն կերպ էլ Քրիստոս հեզությամբ գնաց հրեաների ետևից Երուսաղեմ: Գառն ինչ որ ունի օգտակար է և տալիս է մարդկանց: Այդպես էլ Քրիստոս Իր Մարմինը մեզ տվեց որպես կերակուր, այսնինքն` Սուրբ Հաղորդությունը, և իբրև զգեստ տվեց առաքինություններ, ինչպես որ Սուրբ Մկրտության արարողության ժամանակ ենք ասում. «Որք ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ էք. ալէլուիա»:

(«Ալէլուիա»-ն եբրայերեն բառ է, որը միանշանակ գործածում են և՛ երկնավորները, և՛ երկրավորները։ Հովհաննես ավետարանիչն ասում է. «Լսեցի` ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր «Ալէլուիա ՜…» (Հայտն. 19.1)։ Իսկ սաղմոսասացությունը մարդկանց երգեցողությունն է։ Հետևաբար, «Ալէլուիա»-ն սաղմոսին առընթեր ասելով` նշանակում է, որ հրեշտակները և մարդիկ միաբանված օրհնում են Աստծուն։ Ուստի` երբ «Ալէլուիա» ենք ասում, ապա դրան հաջորդում է սաղմոսասացությունը։

Ըստ եբրայական մեկնության` «Ալէ» նշանակում է Հայր, «լու»` Որդի, «իա»` Հոգի։ Եբրայերեն լեզվում «Ալ» նշանակում է հայտնեց գոյություն, «Էլ»` Աստված, «Ուիա»` օրհնեցե՛ք և գովեցե՛ք Աստծուն։ Դարձյալ` «Ալէ»` օգնիր, «լու»` ինձ, «իա»` Տեր։ Դարձյալ` «Ալէ»` փրկիր, «լու»` ինձ, «իա»` Աստված։ Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչները (Ն.Ք. 3րդ դար) թարգմանեցին որպես` «Գովաբանեցեք Տիրոջը», հույները` «Գովաբանեցեք որ Են», իսկ ասորիները` «Փառք Քեզ Աստված»։ Դարձյալ` ըստ ոմանց նշանակում է` «Օրհնություն ի բարձրունս», ինչպես նաև` «Օրհնեցեք Տիրոջը»)։