ՔՐԻՍՏՈՍ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՐԴ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասսելն իր էսսեում՝ «Ինչու ես քրիստոնյա չեմ» վերնագրով, պնդում էր. «Պատմականորեն բավականին կասկածելի է, թե արդյոք Քրիստոս երբևէ ընդհանրապես գոյություն է ունեցել, և եթե նա գոյություն է ունեցել, ապա մենք ոչինչ չգիտենք նրա մասին»:

Դժվար կլիներ այսօր գտնել բավականին գիտուն մարդկանց, ովքեր կհամաձայնեին Ռասսելի արմատական պնդման հետ: Շատ մարդիկ են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ հարցեր բարձրացրել, և ոմանք կասկածել են, որ այն, ինչ Աստվածաշունչն ասում է Նրա մասին, ճիշտ է, բայց շատ փոքր է նրանց շրջանակը, ովքեր պնդում են, որ Նա երբեք ընդհարապես չի ապրել կամ որ եթե ապրել է, ոչինչ չենք կարող իմանալ Նրա մասին: Նույնիսկ ամերիկյան հեղափոխական Թոմաս Փեյնը, ով ամբողջապես արհամարհում էր քրիստոնեությունը, հարցականի տակ չէր դնում Հիսուս Նազովրեցու պատմականությունը:

Մինչ Փեյնը հավատում էր, որ Քրիստոսի աստվածության մասին աստվածաշնչյան հայտարարություններն առասպելաբանական էին, նա, այնուամենայնիվ, համարում էր, որ Հիսուսն իրականում ապրել է: Փեյնն ասում էր. «Նա [Հիսուս Քրիստոս] առաքինի և սիրալիր մարդ էր: Բարոյականությունը, որ նա քարոզում էր և կիրառում, ամենաբայրացակամ տեսակի էր, և մինչ բարոյականության նման համակարգեր քարոզվել են Կոնֆուցիոսի և որոշ հույն փիլիսոփաների կողմից շատ տարիներ առաջ, քվակերների և ամեն տարիքի լավ մարդկանց կողմից, այն չի գերազարցվել որևէ մեկի կողմից»:

Այսօր ոչ մի լուրջ գիտնական չի համարձակվի ենթադրելու Քրիստոսի ոչ պատմականությունը: Քրիստոսի պատմականությունը քրիստոնյաների համար պարզապես հետաքրքրության առարկա չէ: Քրիստոնեական հավատքը հիմնավորված է պատմության մեջ:

Ճշմարիտ քրիստոնեությունը, Նոր Կտակարանի փաստաթղթերի քննությունը, բացարձակորեն կախված են պատմությունից: Նորկտակարանյան հավատքի սրտում այն հաստատումն է, որ «Աստված Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց Իր հետ» (Բ Կորնթ. 5.19): Հիսուս Քրիստոսի մարմնացումը, մահը և Հարությունը՝ որպես իրական իրադարձություն ժամանակի և տարածության մեջ, այսինքն՝ որպես պատմական իրականություններ, քրիստոնեական հավատքի անհրաժեշտ հիմնավորումներն են:

Ստորև բերվում են Հիսուս Քրիստոսի կյանքի մասին վկայություններ աշխարհիկ հեղինակներից, հին ժամանակների վերաբերյալ հրեական հիշատակումներ և վաղ քրիստոնեական աղբյուրներ: Այստեղ մենք քննում ենք այս և այլ աղբյուրներ՝ համախմբելու վաղ պատմական անդրադարձը Հիսուս Քրիստոսի կյանքին: Ինչպիսի՞ն էր Նա, ի՞նչ իրագործեց, ի՞նչ պատահեց Նրան, ի՞նչ են ցույց տալիս պատմական հիշատակությունները:

         ԱՇԽԱՐՀԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Աշխարիկ  բառով այստող նկատի է առնվում «հեթանոս», ոչ քրիստոնյա, հրեա և հիմնականում հակաքրիստոնյա: Հին աշխարհի շատ գրողներ հիշատակում են Քրիստոսին և Նրա ծնած շարժումը: Փաստը, որ նրանք սովորաբար ընդդիմադիր են քրիստոնեության հանդեպ, նրանց դարձնում է հատկապես լավ վկաներ, քանզի նրանք շահելու ոչինչ չունեն՝ ընդունելով պատմականությունը մի կրոնի առաջնորդի և Նրա հետևորդներին շրջապատող իրադարձությունների, ինչը նրանք արհամարհում են:

                Կոռնելիոս Տակիտոս

Կոռնելիոս Տակիտոսը (Ք.Հ. 55-120) հռոմեացի պատմիչ էր, ով ապրել է մի շարք հռոմեացի կայսրերի թագավորության օրոք: Նա կոչվել է Հին Հռոմի «մեծագույն պատմիչ», հիմնականում ճանաչված է գիտնականների կողմից իր բարոյական «ազնվության և էական առաքինության» համար:

Տակիտոսի ամենաճանաչված գործերը «Տարեգրությունները» և «Պատմությունն» են: «Տարեգրություններն» ընդգրկում է Ք.Հ. 14 թ. Օգոստոսի մահից մինչև Ք.Հ. 68 թ. Ներոնի ժամանակաշրջանը, մինչդեռ «Պատմությունները» սկսվում է Ներոնի մահից հետո և շարունակվում մինչև Դոմիտիանիոս մահը Ք.Հ. 96 թ.:

Ներոնի թագավորության մասին գրելով՝ Տակիտոսը հիշատակում է Քրիստոսի մահը և Հռոմում քրիստոնյաների գոյությունը: Տակիտոսն ասում է.

«Բայց ո՛չ ամեն օգնություն, որ կարող է գալ մարդուց, ո՛չ բոլոր առատաձեռնությունները, որ իշխանը կարող է շնորհել, ո՛չ էլ բոլոր քավությունները, որ կարող են ներկայացվել աստվածներին, պիտանի չեն ազատելու Ներոնին, ինչպես ենթադրվում է, Հռոմի հրդեհումը կարգադրելու անպատվությունից: Այսպիսով, ասեկոսեները ճնշելու համար, նա սխալմամբ մեղադրեց և ամենատառապալի ձևով պատժեց նրանց, որոնց քրիստոնյա էին կոչում, և որոնց ատում էին իրենց զազրելիությունների համար: Քրիստոսը, որից գալիս է այս անվանումը, մահապատժի ենթարկվեց Հրեաստանի կառավարիչ Պոնտացի Պիղատողի կողմից Տիբերիոսի օրոք, սակայն միառժամանակ ճնշված վնասակար սնահավատությունը կրկին բռնկվեց ոչ միայն Հրեաստանում, որտեղ չարիքը ծագել էր, այլև ողջ Հռոմ քաղաքում» (Տարեգրություններ, XV.44)

Նորման Անդերսոնը [քրիստոնեական քարոզիչ, արաբագետ] Քրիստոսի Հարության հնարավոր ակնարկ է տեսնում այս տեղեկության մեջ. «Որոշակիորեն հնարավոր է, որ երբ նա ավելացնում է «միառժամանակ ճնշված ամենավնասակար սնահավատությունը կրկին բռնկվեց», անուղղակի և ակամա վկայություն է բերում վաղ Եկեղեցու համոզման, որ Քրիստոս, ով խաչվել էր, հարություն առավ գերեզմանից»:

Ֆ. Ֆ. Բրյուսը [գիտնական, աստվածաշնչագետ] այս հատվածի առնչությամբ ցույց է տալիս Տակիտոսից մեկ այլ հետաքրքիր վկայում. «Պիղատոսը չի հիշատակված մեզ հասած որևէ այլ հեթանոսական փաստաթղթում… Եվ դա կարող է դիտվել որպես օրինակ պատմության հեգնանքի. միակ պահպանված վկայակոչումը նրա մասին հեթանոս գրողի մոտ նրան հիշում է մահվան դատավճռի պատճառով, որ նա կատարեց Քրիստոսի հանդեպ: Մի պահ Տակիտոսը միավորում է ձեռքերը հին քրիստոնեական հավատամքի հետ «…չարչարվեց Պոնտացի Պիղատոսի իշխանության օրոք»:

Քեմբրիջի դասախոս Մարկուս Բոքմուելը նշում է, որ Տակիտոսի հիշատակումը մեզ վկայություններ է տրամադրում իր օրերի առաջատար հռոմեացի պատմիչի կողմից՝ «անկախ հաստատում, որ Հիսուս ապրել է և պաշտոնապես մահապատժի ենթարկվել Հրաստանում Տիբերիոսի օրոք և Պոնտացի Պիղատոսի կառավարման ընթացքում (կառավարիչ է եղել Ք.Հ. 26-36 թթ.): Դա կարող է բավական չթվալ, բայց դա փաստորեն անակնկալ կերպով օգտակար է արժեզրկելու երկու տարբեր տեսություններ, որոնք դեռ երբեմն առաջ են քաշվում. առաջինը՝ որ Հիսուս Նազովրեցին երբեք գոյություն չի ունեցել, և երկրորդ՝ որ նա չի մեռել այն ժամանակ կիրառվող հռոմեական մահապատժով»:

  Լուկիանոս Սամոսատցի

Երկրորդ դարի վերջին կեսի հույն երգիծաբան Լուկիանոսը ծաղրանքով է խոսել Քրիստոսի և քրիստոնյաների մասին՝ երբեք չենթադրելով կամ պնդելով, որ նրանք անիրական են եղել: Ինչպես Լուկիանոսն է ասում.

«Քրիստոնյաները, գիտես, պաշտում են այս օրերի ակնառու մի անձի, ով հաստատեց նրանց նոր ծեսերը և խաչվեց դրա համար… Տեսնում ես, այս շեղված արարածները սկսում են հիմնական համոզմամբ, որ իրենք ընդմիշտ անմահ են, ինչը բացատրում է նրանց արհամարհանքը մահվան հանեպ և հոժարակամ անձնվիրումը, որ այնքան տարածված է նրանց մեջ. իրենց սկզբանական օրենսդրի կողմից նրանցում տպավորված էր, որ բոլորը եղբայրներ են այն պահից, երբ դարձի են գալիս և մերժում են Հունաստանի աստվածներին և պաշտում խաչված իմաստունին և ապրում ըստ նրա օրենքի: Այս ամենը նրանք գործադրում են ամենայն հավատով, ինչի արդյունքում արհամարհում են աշխարհային բոլոր բարիքները՝ դրանք համարելով սոսկ որպես ընդհանուր սեփականություն (Լուկիանոս, Պերեգրինոսի մահը, 11-13):

Սվետոնիոս

Սվետոնիոսը՝ մեկ այլ հռոմեացի պատմիչ, դատական պաշտոնյա Ադրիանոսի օրոք և կայսերական տան տարեգիրը, իր «Կլավդիոսի կյանքը» աշխատության 25.4-ում հայտարարել է. «Քանի որ հրեաները մշտական խռովություններ էին անում Քրեստոսի [Քրիստոս գրության մեկ այլ ձև] դրդմամբ, նա [Կլավդիոսը] վտարեց նրանց Հռոմից»: Ղուկասը Գործք 18.2-ում անդրադառնում է այս իրադարձությանը, որը տեղի է ունեցել Ք.Հ. 49 թ.:

Սվետոնիոսը գրել է հրդեհի մասին, որ տարածվեց Հռոմում  Ք.Հ. 64 թ. Ներոնի թագավորության օրոք: Սվետոնիոսը պատմում է, որ «Ներոնի կողմից պատժի են ենթարկվել քրիստոնյաները՝ մարդկանց դասակարգ, որ տրվել էին նոր և վնասակար սնոտիապաշտության» (Կայսրերի կյանքը, 26.2):

Ենթադրելով, որ Քրիստոս խաչվել է վաղ երեսնականներին, Սվետոնիոսը՝ քրիստոնյաներին ոչ բարեկամ, քրիստոնյաներին դնում է կայսերական քաղաքում առնվազն քսան տարի դրանից հետո և տեղեկություն է հաղորդում, որ նրանք չարչարվում էին և մեռնում իրենց համոզման համար, որ Հիսուս ապրել է, մեռել և հարություն առել մեռյալներից: