ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)

Օսմանյան կայսրությունում թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ու իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո այդ երկրում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները մինչ օրս էլ զգում են իշխանության վերահսկողությունը, ապրում ամբողջատիրական համակարգի սևեռուն հայացքի ներքո մշտապես գտնվելու զգացումով: Այդ իրավիճակը կարծես շարունակությունն է սուլթանական Թուրքիայի ժամանակներից եկող բարքերի ու ստորակարգման համակարգի գործողությունների:

Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներն իրավունք չունեին դատարանում որպես վկա ցուցմունք տալու մուսուլմանի դեմ, նրանք գլխահարկ էին վճարում: Քրիստոնյաները նաև իրավունք չունեին ոչ միայն զինվորական, այլև հասարակական պաշտոններ զբաղեցնելու: Դարձը դեպի քրիստոնեություն արգելված էր մահապատժով: Քրիստոնեական եկեղեցիներին չէր թույլատրվում խաչ կրել, նրանց արգելված էր նաև զանգերը հնչեցնել[1]: Հետագայում, իբր որպես բարեփոխում, սուլթանի որոշմամբ դատարանները պարտավոր էին ընդունել քրիստոնյաների վկայությունը մուսուլմանների դեմ, սակայն միայն քրեական ատյաններում և ոչ քաղաքացիական հարցերում:

Իսկ թե ինչպես էր դա կատարվում իրականության մեջ, տեղեկանում ենք անգլիացի մի հյուպատոսի 1858 թ. հաղորդումից. «Բռնությունների ենթարկված տեղացիները վախենում են դեպքի մասին հայտնել թուրքական իշխանություններին, քանի որ, չնայած հրովարտակին, իմ տեղեկության համաձայն` չի եղել մի դեպք, որ դատարանում կամ քաղաքացիական ատյանում (մեջլիսում) քրիստոնյայի ցուցմունքը մուսուլմանի դեմ ընդունված լիներ»[2]: Այս տեղեկագրությունից տասնամյակներ անց էլ իրադրությունը չփոխվեց: Դրա մասին վկայում էր նաև Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյանը, ով այնուհետ դարձավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք և ապա` Ամենայն Հայոց Կաթողիկոս:

1876 թ. Օսմանյան սահմանադրությամբ ընդհանուր զինվորագրության պարտադրանքի հրահանգը քննելու համար 1877 թ. նոյեմբերի 25-ին հրավիրված Ազգային ժողովի նիստում Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյանը ոչ միայն զինապարտության հարցում, այլև բոլոր բնագավառներում խոստացված հավասարության սկզբունքի գործադրությունը կարևորեց` հիշեցնելով, որ օրենքի առաջ քրիստոնյաները և մահմեդականները դեռ հավասար չէին, և քրիստոնյաների վկայությունը դատարանում չէր անցնում[3]: Սա մի պատկեր է, որն իր վավերականությունը չի կորցրել մինչև օրս. Թուրքիան, ելնելով Եվրոպայում իշխող հասարակական կարծիքից, բարեփոխումների որոշումներ է կայացնում, որոնք հետագայում իրականության մեջ երբեք չեն գործադրվում[4]:

1918 թվականի գարնանը թուրքերը ներխուժել էին Անդրկովկաս: Ռազմական նախարար Էնվեր փաշան քարոզում էր «թուրանիզմ», այսինքն` թուրքական ծագում ունեցող բոլոր ժողովուրդների միավորում մինչև Կենտրոնական Ասիա: Այդ իսկ պատճառով Հայաստանը, որպես դեպի Ադրբեջան տանող ճամփա, մեծ նշանակություն ուներ նրանց համար: Թուրքերը փորձում էին առաջանալ դեպի Բաքու:

Իրենց ճանապարհին հայկական բնակավայրերն ավերելով ու հայերին խոշտանգելով՝ թուրքերը 1918 թ. սեպտեմբերի 14-ին հասան Բաքու, որտեղ կոտորեցին 30.000 հայերի: Հայ բնակչության կեսը փախավ քաղաքից: Թուրքերը ներխուժեցին նաև Դաղստան և Հյուսիսային Պարսկաստան: Սակայն սա օսմանյան բանակի վերջին հաջողությունն էր[5]: Թուրքական բանակը ջարդ էր կերել և պարտության մատնվել նաև հայկական զորքերի կողմից 1918 թ. մայիսի 21-ից 29-ը տեղի ունեցած Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի ճակատամարտերում:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

[1] Վիլհելմ Բաում, Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները. Անցյալը – Ցեղասպանությունները – Ներկան, նվիրված ԵՄ-ի ընդարձակման բանավեճին, թարգմ.` Դորա Սաքայան և Էվելինա Մակարյան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2010, էջ 29:

[2] Նույն տեղում, էջ 48:

Bat Ye’or: Der Niedergang des orientalischen Christentums unter dem Islam (7-20 Jahrhundert), Gräfelding 2002, 381:

[3] Հովիտ, N 8, մարտի 1, 1915, էջ 119-120:

[4] Վիլհելմ Բաում, նշվ. աշխ., էջ 48:

[5]    Նույն տեղում, էջ 133: