ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Պատերազմական իրադարձություններից հետո` 1919 թ., Թուրքիայում սկսվեց վերելքը մի մարդու, որն ավելի ուշ պատմության մեջ մտավ «Աթաթուրք» (թուրքերի հայր) անվամբ: 1915 թ. Դարդանելի պաշտպանության ժամանակ իր հրամանատարությամբ աչքի ընկած Մուստաֆա Քեմալ փաշան անցյալում մասնակցել էր երիտթուրքերի խռովությանը, «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամ էր[1]: Երբ բրիտանացիները, ռուսները, ֆրանսիացիները, իտալացիներն ու հույները գրավեցին Անատոլիայի մեծ մասը, նա 1919 թ. մայիսի 19-ին ապստամբության կոչ արեց զավթիչների դեմ: Իբրև ազատախոհ բարեփոխիչ, Քեմալն իսլամը որակեց որպես «անբարոյական մի բեդվինի` Աստծո մասին անհեթեթ ուսմունք» և «փտող դիակ, որ թունավորում է մեր կյանքը»[2]` դառնալով ազգային նոր շարժման կենտրոնական դեմքը:

Այսուհանդերձ, 1923 թ. ապրիլի 24-ին թուրքական նոր հանրապետության պառլամենտը հիմնելուց հետո, նա դատապարտեց հայերի բնաջնջումը որպես «ամոթալի արարք», ընդ որում` որպես «անցյալի ամոթալի արարք»: Սակայն նրա իշխանության օրոք պաշտոններ էին վարում նաև ցեղասպանության պարագլուխները[3], չնայած որ 1918 թ. հոկտեմբերին` «Իթթիհատի» վերջին համագումարից հետո, երիտթուրքական Եռյակը, ճանաչվելով Թուրքիայի պարտության պատասխանատու, արձակվել էր, իսկ Էնվերն ու Թալեաթը 1918 թ. նոյեմբերին գերմանական մի ռազմանավով փախուստի էին դիմել Գերմանիա: Նրանք 1919 թ. հուլիսին Ստամբուլում, այլ երիտթուրքերի հետ միասին, ի բացակայության մահվան դատապարտվեցին[4]:

Բրիտանացիներից ունեցած վախն ու Փարիզյան հաշտության պայմանագրի նկատմամբ թշնամությունը մերձեցրել էին բոլշևիկներին ու քեմալականներին[5]: Մուստաֆա Քեմալը դաշնակցեց Լենինի հետ, որը պաշտպանում էր թուրքերի պայքարը իրենց թշնամիների դեմ: Քեմալականների «հակաիմպերիալիստական պատերազմն ուղեկցվում էր էթնիկ այլ խմբերի նկատմամբ ազգայնամոլների անողոք դաժանություններով»[6]: Դրա համար էլ ճիշտ է այն կարծիքը, որ մանրակրկիտ վերանայման է կարոտ նաև թուրքերի ազգային հերոս Քեմալ փաշա Աթաթուրքի դերը, քանի որ նա, չնայած բռնապետի իր քաղաքականության, հիմնեց առաջին աշխարհիկ մուսուլմանական պետությունը, սակայն ի՞նչ գնով[7]: Բևեռախույզ և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն իր «Խաբված ժողովուրդ» գրքում ցավ էր արտահայտում, որ հայերի հովանավորներ համարվող մեծ տերություններն այդպես էլ օգնության չհասան նրանց ամենանեղ վիճակում և դեռ մեղադրեցին նրանց, որ հանձնվեցին Խորհրդային Միությանը: 1922 թ. Նանսենը լրջորեն զբաղվեց նաև Թուրքիայից հույների տարհանման հարցերով: Խորհրդային Միությունում նույնպես անողոքաբար ճնշման էր ենթարկվում Հայոց Եկեղեցին, որն ավելի քան 1600 տարի պահպանել էր ժողովրդի մշակույթն ու լեզուն[8]: Թուրքիայում բնակվող քրիստոնյաների դժվարություններն ու ստորադրյալ դասակարգ համարվելու արձագանքները չդադարեցին նաև աշխարհիկ պետության հիմնումով:

Թուրքիայի քրիստոնյաների խնդիրների շարքում մինչ օրս մեծագույն մտահոգություն է ազգային դպրոցների անկախության բացակայությունը: 1978 թ. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը պատրաստեց Հայ Եկեղեցու տարեկան վիճակի մասին հաշվետվություն, որը մարտի 29-ին հանձնվեց վարչապետ Բյուլենտ Էջևիտին: Այն պարունակում էր բողոքի 22 կետեր, որոնք հատկապես վերաբերում էին դպրոցական համակարգին: Էջևիտը խոստացավ բողոքը քննել, սական ոչինչ չփոխվեց: Հայոց Պատրիարքն ակնարկեց նաև ազգային դպրոցում ճնշում գործադրելու քաղաքականության մասին: Անկարան հաճախ մինչև մեկ տարի ձգում է ուսուցիչների ու դպրոցի տնօրենների իրենց պաշտոնում հաստատվելու գործընթացը: Նույն դժգոհությունը հայտնեցին Հույն և Ասորի Եկեղեցիները: Այստեղից էլ քրիստոնյաների սպասումները Եվրամիության բանակցություններից, որոնց նպատակն էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի պահպանվեին Լոզանի պայմանագրով հաստատված փոքրամասնությունների իրավունքները: Հռոմի հետ միաբան քրիստոնյաների վիճակը Թուքիայում փոքր-ինչ ավելի լավ է, քանի որ Թուրքիայում Պապը շատ ավելի մեծ հարգանք է վայելում, քան Արևելքի Պատրիարքները[9]:

Կարևոր և դեռևս չլուծված խնդիր է մնում եկեղեցական սեփականության հարցը: «Հիմնադրամների» վրա սահմանված է պետական հսկողություն: Եթե վանահայրերից մեկն ուզում է նորոգել վանական մի շենք, պետական «կառավարիչը» պետք է իր համաձայնությունը տա և գործի մասին բանակցի իշխանությունների հետ: 1970-ական թվականների սկզբին Թուրքիան սկսեց բռնագրավել քրիստոնյաների` նվիրատվություններից առաջացած ունեցվածքը: Դրան նպաստեց Կիպրոսի շուրջ թուրք-հունական լարվածությունը: Այդ շրջանից մինչև օրս չկարգավորված քաղաքականության զոհերը ոչ մուսուլմանական 170 հիմնադրամներն էին: Ինչ բռնագրավվում էր, անդառնալիորեն կորչում էր: Այս իրավիճակը ավելի քիչ էր վերաբերում ասորի քրիստոնյաներին, քան «Լոզանյան փոքրամասնություններին» (հայերին, հույներին և հրեաներին): Զգուշության համար հաճախ համայնքին պատկանող անշարժ գույքը գրանցում են մասնավոր մարդկանց անուններով: Անշարժ գույքը, որ ժառանգաբար է անցնում եկեղեցիներին, գոնե 1960-ական թվականներից ի վեր խելացի նախատեսմամբ այլևս չեն կտակում եկեղեցական տարբեր հիմնադրամներին[10]:

Ավելի վատ վիճակում է նվիրատվությունների միջոցով գոյացած եկեղեցական սեփականությունների հարցը: Վերջին ժամանակներում Հայոց Պատրիարքարանը, ինչպես և ասորի ուղղափառ համայնքը հանդես բերեցին նախաձեռնություն` հիմնադրամների օրենքը նորոգելու ուղղությամբ: Պահանջ ներկայացվեց նվիրատվությունների մասին գործող օրենքը վերանայելու Եվրամիության հետ համաձայնեցված: Ի վերջո, Հայոց Պատրիարքարանի առաջարկությունների հիման վրա պառլամենտը ներկայացրեց իր ուրույն նախնական օրինագիծը: Այս հարցը քննարկվում է նաև թուրքական մամուլում: Շատեր են արտահայտվում հիմնադրամների հարցի բարելավման օգտին: Սակայն աջակողմյան պահպանողական կուսակցության փոխնախագահ Հասան Էքինջին առարկեց` ասելով, որ քրիստոնյա փոքրամասնություններն սպառնալիք են ազգային անվտանգությանը: Այդ պատճառով նրանք չպետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչ մուսուլման թուրքերը[11]:

Կարող եք ընթերցել նաև առաջին մասը և շարունակությունը:

[1] Վիլհելմ Բաում, Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները. Անցյալը – Ցեղասպանությունները – Ներկան, նվիրված ԵՄ-ի ընդարձակման բանավեճին, թարգմ.` Դորա Սաքայան և Էվելինա Մակարյան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2010, էջ 135:

[2] Paul Fregosi, Jihad in the West: Muslim Conquests from the 7th to the 21st Centuries, Prometheus Books, 1998, p. 407.

[3] Վիլհելմ Բաում, նշվ. աշխ., էջ 135-136:

[4] Նույն տեղում, էջ 135:

[5] Նույն տեղում, էջ 154:

[6] Նույն տեղում, էջ 149:

Pavlos Tzermias, Neugriechische Geschichte, Tübingen, 1986, 126.

[7] Վիլհելմ Բաում, նշվ. աշխ., էջ 8:

[8] Նույն տեղում, էջ 154:

[9] Նույն տեղում, էջ 170:

[10] Նույն տեղում, էջ 173:

[11] Նույն տեղում: