ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՀԱՄԱՐ ՅՈԳԱՅՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Կարո՞ղ ենք համառոտ ներկայացնել քրիստոնյայի համար յոգայով զբաղվելուպատճառով առաջ եկող անցանկալի հետևանքները:

Փաստն այն է, որ հնդկական մեթոդիկայի ողջ ուղղվածությունը եղել և մնում է կրոնական կամ մերձկրոնական: Հետևաբար, յոգան ունի այլ կրոնական հիմք, որը հակասում է քրիստոնեությանը, վտանգներ կան ֆիզիոլոգիական երևույթները հոգևոր երևույթների հետ շփոթելու:

Սուրբ Գրքի հայտնությանը, Ավետարանի վարդապետությանը չհամապատասխանող կրոնական այլ ուսմունքի վրա հիմնված լինելով` յոգան մարդուն հակում է այդ կրոնի գաղափարների ընդունմանը: Յոգայի մեդիտացիայի ժամանակ արտասանվող մանտրան հակառակ է քրիստոնեական ուսմունքին:

Այս ամենից զատ, յոգան առաջացնում է կեղծ կրոնական զգացումներ, բերում քրիստոնեական տեսակետից կեղծ միստիցիզմ, վերացնում քրիստոնեական խոկման քրիստոսակենտրոն բնույթը և հաստատում մեդիտացիայի մարդակենտրոն բնույթը:

Պետք է իմանալ, որ հոգևոր կյանքն իրականանում է աստվածային շնորհի զորակցությամբ և ոչ թե անկախ մարդակենտրոն տեխնիկայի ձեռքբերում է:

Կաթոլիկ Եկեղեցու ուսումնասիրությունների ու եզրակացության համաձայն` թույլատրելի է համարվել բժշկական վարժություններին համապատասխանող յոգայի որոշ վարժությունների օգտագործումը, որոնք ստեղծված չեն կրոնական հիմքի վրա և առանձին դեպքերում նշանակվում են բարձրակարգ բժիշկ-մասնագետների կողմից` նպաստելու մարդու առողջության բարելավմանը: