ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել:

Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական:

Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը ոչ միայն աստվածպաշտական արարողությունների ժամանակ գործածվող երաժշտությունն է, այլև դասական երաժշտությունը, երաժշտական արվեստի գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք գրված են քրիստոնեական թեմաներով:

Իսլամական, բուդդայական կամ այլ կրոնական պատկանելության երաժշտությունը, իհարկե, քրիստոնեական չենք կարող համարել. այն ոչ քրիստոնեական է: Երաժշտությունը հակաքրիստոնեական է, երբ երաժշտության, երգի դրսևորումները միտումնավոր ուղղված են քրիստոնեության դեմ, հակառակ են քրիստոնեությանը:

Այսպիսի երաժշտություն է ռոքի ենթատեսակներից ծանր ռոքի, ծանր մետալի (heavy rock, metal) և հատկապես սև ռոքի (black rock) երգ-երաժշտությունը, որն իր գաղափարախոսությամբ ու հորդորներով ուղղված է քրիստոնեական կրոնի դեմ:

Սև ռոքի հայտարարվող գաղափարախոսությունը սատանիզմն է, սատանայապաշտությունը: Այս ուղղության ներկայացուցիչները հորդորում են իրենց երկրպագուներին հանդես գալ քրիստոնեության դեմ, նույնիսկ դիմել ագրեսիվ գործողությունների: 1992-1996 թվականներին Նորվեգիայում մի շարք եկեղեցիներ այրելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց սև ռոքի խմբերից մեկը: Այս ենթատեսակի տարբեր խմբեր հայտարարել են, որ իրենք հորդորում են եկեղեցիների դեմ հարձակումների և կամ անմիջականորեն մասնակցություն ունենում հակաքրիստոնեական գործողություններում:

Նման ռոք խմբերն իրենց ցուցապաստառների վրա կարող են գործածել այրված եկեղեցիների պատկերներ, համերգներին բեմ են ելնում սատանիստական նշանների, գլխիվայր շուռ տված խաչի դաջվածքներով` նաև այդ կերպ քարոզելով և ցույց տալով քրիստոնեության դեմ իրենց կեցվածքը: Նման ռոք երաժշտությունը հենց հակաքրիստոնեական է և ոչ թե հակակրոնական, որովհետև այդ տեսակի ռոքի երիգիչներն ու կողմնակիցները ելնում են խաղաղություն, սեր, համերաշխություն քարոզող Եկեղեցու և կամ եկեղեցական շինությունների դեմ, որոնցում այդպիսի քրիստոնեական գաղափարներ են քարոզվում:

Լավ կլիներ, որ այդ առնական թվացող ռոքերների քաջությունը բավականացներ ելնելու ոչ թե խաղաղ Եկեղեցու, այլ, օրինակի համար, մուսուլմանական ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնք ահաբեկչություն են տարածում և իրականացնում: Այդպես գոնե աշխարհին ծառայություն կմատուցեին` ահաբեկչության չարիքից ազատվելու համար:

Կարդալ նաև`