ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿԱՑՈՒՄ

Ուշ միջնադարյան շրջանից Եվրոպայում փորձ էր արվում նվազեցնել քրիստոնեության դերն ու հեղինակությունը` շեշտադրում կատարելով գիտության ու մշակույթի` կրոնից անկախանալու, կրոնական գիտակցությունը քաղաքացիական գիտակցությամբ փոխարինելու վրա: Ինչի՞ հանգեցրեցին այդ ջանքերն այն ժամանակ, և որո՞նք են դրանց հետևանքներն այսօր:

Քրիստոնեական երկրներում և հասարակություններում քրիստոնեությունը նախկինում աներկբա ճշմարտություն էր համարվում` Աստծո կողմից տիեզերքի, մարդու ստեղծման ուսուցումներով: Աշխարհի, մարդու, տիեզերքի գոյավորման այլ տեսություններ տարածում չունեին: Սակայն սկսեցին առաջ գալ Եկեղեցու դիրքորոշմանը հակադրվող վարկածներ, ուսումնասիրություններ:

Համակարգվեցին և գիտական հաստատում ստացան տիեզերքի, կենդանական ու բուսական աշխարհի, մարդու առաջացմանը վերաբերող տեսություններ: Քրիստոնեական երկրներում կրոնական վարդապետությանը զուգահեռ հնարավորություն ստեղծվեց ընտրություն կատարելու կրոնի հայտնության և աշխարհիկ ուսուցումների միջև: Քրիստոնեությունը համընդհանուր ճշմարտությունից դարձավ անձնական ընտրության առարկա` հիմնված միայն անձնական զգացման և ներքին փորձառության վրա:

Փոխվեց վերաբերմունքը նաև Եկեղեցու հանդեպ: Աստծո կողմից հիմնված, միակ ճշմարտության կրող հաստատության փոխարեն այն սկսեց դիտարկվել որպես կրոնական ուղղվածությամբ կազմակերպություն, որը սպասարկում է իր համայնքի կամ հավատացյալների շահերը: Հավատքն իջեցվեց զգացումի աստիճանի կամ դարձավ անհատական զգացականության դրսևորում` միտված ներքին հարմարավետության հաստատմանը:

Բացի գոյաբանության վերաբերյալ սուրբգրական բացատրությունից նաև այլ տեսությունների, փիլիսոփայությունների առաջացումը պատճառ դարձավ քրիստոնեության մեջ հեթանոսական տարրերի ներմուծման կամ առանձին անձանց ու խմբերի` քրիստոնեությունից հեթանոսության նահանջի: Գլուխ բարձրացրեց աթեիզմը: Վերադարձան հեթանոսական մեղսալի բարքերը:

Նոր ժամանակների մարդը կանգնեց կրոնի և աթեիզմի, բարոյականության և քրիստոնեական տեսակետով անբարոյականության միջև ընտրության ճանապարհին` սխալ կողմը շեղվելու հեշտ քայլերով: Քրիստոնեության կողմից մերժելի և դատապարտելի բարքերն ու իրողությունները հատկապես արևմտյան հասարակությունների կողմից արդեն նկատվեցին սովորական և ընդունելի, անգամ խրախուսելի:

Աստվածպաշտությունից, քրիստոնեական աստվածընկալումից անցումը մարմնականի, նյութականի առավել կարևորման, ճգնաժամ բերեց նաև մարդկանց ինքնագիտակցության մեջ ճիշտ կողմնորոշվելու հարցում: Սխալ ընտրության հնարավորություն բացվեց, բնությանն ու բնական օրենքներին դեմ գնալով, փոխելու ինքնությունն ըստ մեղսալի ինքնընկալման` լինելու կին կամ տղամարդ և կամ անսեռ մարդկային էակ:

Այսպես, ճշմարիտ աստվածապաշտությունից հեռացումը և հոգևորի անտեսումը բերեց նաև մարմնավոր իրողությունների, մեղսալի կրքերի գերակայության, ընտանիքի ավանդական կառույցի քայքայման: