ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Ակնհայտ է քրիստոնեական գաղափարների դրական ազդեցությունը եվրոպական քաղաքակրթության ու մշակույթի զարգացման վրա: Գրողներ, փիլիսոփաներ Քրիստոսի ուսմունքը, քրիստոնեական գաղափարների քարոզչությունը մարդկության պատմության մեջ հեղափոխական են համարել: Ի՞նչ առումով էր քրիստոնեությունը հեղափոխական:

«Հեղափոխական» բառը եկեղեցական հեղինակների բառապաշարում այս առումով չի գործածվում: Մարդկության կյանքում քրիստոնեության շրջադարձային դերը նկարագրելու համար եկեղեցական հեղինակները գործածում են «կենարար», «փրկարար» բնութագրող բառերը: Տարբեր փիլիսոփաներ կարող էին քրիստոնեության առումով օգտագործել «հեղափոխական» բառը, որովհետև նրանց համար ընդունելի է հեղափոխությունն իբրև երևույթ, մինչդեռ քրիստոնեության համար գաղափարների, առաջադիմության տարածման նպատակով հեղափոխության ձևն ընդունելի չէ:

Ճիշտ է, քրիստոնեությունը նույնիսկ քաջալերող է համարում պայքարը նվիրական արժեքների, սրբությունների, հայրենիքի, մերձավորների, բարեկամների պաշտպանության համար` որպես իրագործում Քրիստոսի պատվիրանի. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Դրա համար էլ Եկեղեցին սրբացրել է նաև զորականների: Սակայն հեղափոխության ձևը Եկեղեցու կողմից ընդունելի չէ:

Հեղափոխության ջատագովներից Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների թերություններից մեկը քրիստոնեության տեսանկյունից այն է, որ նրանք հասարակությունը բաժանում են դասակարգերի` ուսուցանելով մի դասակարգի պայքարը մյուսի դեմ: Սակայն Եկեղեցու համար բոլոր դասակարգերի մարդիկ Եկեղեցու անդամներ են, և այս իմաստով բաժանումը մերժողական է դիտվում:

Նաև քաղաքական դաշտում գործածվող «ընդդիմություն» բառը ևս չի կարող բնութագրել եկեղեցական դիրքորոշումը մարդկանց հանդեպ, քանզի քրիստոնեական տեսանկյունից և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները Եկեղեցու անդամներ են (իհարկե, եթե մկրտությամբ, հավատքով, խոստովանությամբ պատկանում են Եկեղեցուն): Դրա համար էլ Եկեղեցին ընդունում է և՛ ընդդիմադիրներին` որպես հավատացյալների, Եկեղեցու զավակների, ինչպես նաև իշխանություններին, որոնց հորդորում և հիշեցնում է ծառայությունն ու սպասավորությունը ժողովրդին, ինչը կարելի է անել Եկեղեցի-պետություն հարաբերությունների շրջագծում:

Էնգելսի և Մարքսի հետ կապված պետք է ասել, որ նրանց առաջադիմական գաղափարներից է մարդկանց շահագործման դադարեցումը, աղքատներին աջակցությունը, ինչն ընդունելի է միանգամայն և բոլոր բարեպաշտ մարդկանց ցանկությունն է: Այս նեղ իմաստով կարելի է ասել, որ նման ձգտումի առկայությամբ մենք բոլորս էլ մարքսիստներ ենք ինչ-որ առումով:

Եկեղեցական հեղինակները քրիստոնեությունը փրկարար են համարում մարդկության կյանքում, որովհետև այն բերեց ազատում կռապաշտությունից, հոգևոր-կրոնական սուտ ուսմունքներից, բերեց բարոյական բարձր ուսուցումներ ու սկզբունքներ, որոնք մինչ այդ չկային այլ կրոններում, և հատկապես մարդկությանը պարգևեց աստվածային բազում շնորհներ, բացեց ճանապարհը Երկնքի արքայության ու հավիտենական կյանքի: