ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Արժևորելով հայ մշակույթի զարգացման գործում քրիստոնեության ունեցած դերը` Վազգեն Ա Կաթողիկոսն ասել է, որ քրիստոնեական կրոնով հայ ժողովուրդը միավորվեց ու «մարմին առավ իբրև ազգ, իբրև հոգեբանություն, իբրև գիտակցություն և դարձավ մշակույթ ստեղծող ժողովուրդ»: Անհերքելի է, որ միջնադարի հայ մշակույթի երևելիները եղել են գերազանցապես հոգևորականներ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը մշակույթ էր ստեղծել նաև հեթանոսական Հայաստանում: Եկեղեցիներից, խաչքարերից, մատյաններից առաջ նա ստեղծել էր հեթանոսական տաճարներ, բագիններ, որոնք հիմնականում չեն պահպանվել: Ինչպիսի՞ն է քրիստոնեության վերաբերմունքը դրանց նկատմամբ:

Իհարկե, քրիստոնեությունից առաջ էլ Հայաստանում եղել են ճարտարապետական կոթողներ, կրոնական երկրպագության համար ստեղծված արձաններ, կուռքեր և այլն: Այսօր հայ քրիստոնեության դեմ մեղադրանքներ են հնչում հեթանոսական ժամանակաշրջանի մշակութային արժեքների ոչնչացման նկատառումով: Սակայն հեթանոսական շրջանի մի առարկա մեկի համար կարող է մշակութային արժեք լինել, մյուսի համար` կուռք և կամ դիվապաշտական իր, որի միջոցով անմարմին չար ոգիներն իրենց դիվական ազդեցությունն են տարածում աշխարհի վրա:

Դրա համար էլ քրիստոնեական սրբերը, զորօրինակ Սուրբ Գևորգ Զորավարը, Սուրբ Սարգիս Զորավարը և նրա որդի Մարտիրոսը ոչ միայն չհրաժարվեցին կուռքերին երկրպագելուց, այլև ջարդեցին կուռքերը, որովհետև դրանք նկատվում էին որպես նյութական առարկաներ, որոնց միջոցով աննյութական չարի ազդեցությունն է տարածվում մարդկանց, աշխարհի վրա:

Քրմական տաճարների համար ասվում է, որ դրանք ոչ թե հիմնապես ոչնչացվեցին, այլ դրանցից շատերը վերածվեցին եկեղեցիների, ինչպես նաև շատ քրմեր քրիստոնեություն ընդունեցին և անգամ եկեղեցական հոգևոր սպասավորությունից ներս ընդգրկվեցին:

Երբ գալիս է նոր հասարակարգ` իր նոր գաղափարախոսությամբ, հին ընկալումները փոխարինվում են նորով, նոր արժեքներով: Այսպես նաև խորհրդային հասարակարգի ավելի քան յոթանասնամյա ժամանակաշրջանից հետո վերացվեցին այդ հասարակարգի և գաղափարախոսության արտահայտություններն անգամ մշակույթի բնագավառում:

Ցուցադրաբար տապալվեցին և կործանվեցին արձաններն ու հուշարձանները, որոնք այդ ժամանակների պատմությունը հիշեցնող մշակութային արժեքներ էին և ոչնչացվելու փոխարեն կարող էին պահվել թանգարաններում: Փոխվեցին գրեթե բոլոր փողոցների, հրապարակների անունները, որոնց հին անվանումներն ինչ-որ կերպ կարող էին հիշեցնել անցյալ պատմական ժամանակաշրջանը և գաղափարախոսությունը: Դպրոցական և բարձրագույն ուսումնական հաստատությունների գրականության դասընթացներից հանվեցին կոմունիզմի ջատագովությունը հանդիսացող գրական գործերը: Եվ մեր անկախ պետականության վերահաստատման այդպիսի ճանապարհը ոչ ոք չի կոչում մշակութային արժեքների ոչնչացում, մինչդեռ պատմական այդ առարկաները կարելի էր ցուցադրության համար պահել թանգարաններում:

Սակայն նման մեղադրանք հնչում է քրիստոնեության հասցեին, որը ոչ թե հին գաղափարախոսությունը նորով փոխարինելու առաքելություն իրականացրեց, այլ մարդկային հոգին կորստյան մատնող, բարձր ու վեհ գիտակցությունը, բարոյականությունը ստորացնող, հոգևոր ոլորտում մարդկանց վրա չարի ներգործությանը նպաստող դիվապաշտական, կռապաշտական առարկաների ազդեցությունը դադարեցնող գործունեություն իրականացրեց:

Քրիստոնեությունը հայ իրականության մեջ չմերժեց մեր ժողովրդի անցած նախկին ճանապարհի մեծ ձեռքբերումները` Հայկ նահապետի ու նրա սերունդների, նրանց կերտած ու անցած պատմության ժառանգները նկատելով մեր ժողովրդին: Եվ այսօր հայ քրիստոնյան չի կարող իրեն անջատ համարել ոչ քրիստոնեական շրջանում մեր նախնիներից ու նրանց պատմությունից, այլ նրանցով հիանում ենք, քաջության, հայրենասիրության, հերոսության օրինակ համարում, ինչպես որ պատմահայր Մովսես Խորենացին է հիանում հեթանոսական շրջանի մեր հզոր ու ազգասեր թագավորներով:

Եկեղեցական հայրերից Սուրբ Բարսեղ Կեսարացին ուսուցանում է չմերժել և ընթերցել հեթանոսական շրջանի պատմությունը, գրողների, փիլիսոփաների գործերը և դասեր քաղել դրանցում առկա լավ օրինակներից:

Այսպիսով, նշյալ փաստերի նկատառումով, հեթանոսության, կռապաշտության ու դիվապաշտության խավարից մարդկանց ճշմարիտ աստվածպաշտության դարձնելու քրիստոնեության առաքելությունը տարբերվում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունից, որպիսին իրապես տեղի է ունենում քաղաքական հիմնապատճառներով նոր գաղափարախոսությունների և նոր հասարակարգերի հաստատման բացառապես քաղաքական գործընթացներում: