ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ


Ի՞նչ
է ուսուցանում քրիստոնեությունն Աստծո մասին։ Մի կողմից ասում է, որ Աստված հոգի է և չի կարող արտահայտվել մարդկային բառերով ու հասկացություններով, քանի որ ցանկացած բառ լիովին չի կարող արտահայտել կամ բովանդակել «Աստված» հասկացությունը, մյուս կողմից` մենք կանգնած ենք Սուրբ Գրքում և բազում սրբերի փորձառությամբ տրված Աստծո Հայտնության, Աստծո Ինքնահայտնության փաստի առաջ։

«Աստված հոգի է» (Հովհ. 4.24), ասում է Հովհաննես Ավետարանիչը` ամփոփ ներկայացնելով Սուրբ Գրքի հայտնութենական նկարագիրն Աստծո մասին: Աստծո հոգի լինելն է նաև, որ բացահայտում է Նրա ամենուրեքությունը, քանզի մարմնավորի և նյութականի հետ անպայմանորեն առնչվում է սահմանափակությունն ու որոշակի տարածության մեջ լինելը: Հին և Նոր Կտակարաններում Աստծո մասին պատկերացում կազմում ենք մարդկության պատմության մեջ Աստծո ներգործության վերաբերյալ տեղեկություններից, ինչը նաև ցույց է տալիս, որ Աստված, Իր արարչագործության ընթացքին անմասնակից դիտորդ չէ, այլ մուտք է գործում մարդկության պատմության, արարչագործության մեջ, Իր նախախնամությամբ ուղղորդում, Իր պատվիրաններն ու հորդորները բերում:

Աստծո մասին հինկտակարանյան և նորկտակարանյան պատկերացումների որոշ տարբերությունը բացատրվում է Հին Կտակարանում գործածված անթրոպոմորֆիզմով` Աստծո պարագային մարդկային մտքին ընկալելի լինելու համար մարդակերպական բնութագրումների գործածմամբ: Օրինակ` Աստծո բարկությունը կարող ենք բացատրել որպես մեղքի պատճառով մարդու հեռացում երկնային ողորմությունից և ոչ թե Աստծո զգացումների կամ տրամադրության փոփոխություն, քանզի Աստված անայլայլելի է: Այսպես նաև Աստծո զղջալը բացատրելի է իբրև աստվածային կամքի դրսևորման, վճռի արտահայտություն, Աստծո` որևէ մեկին հիշելը` Իր ողորմությանն արժանացնելը և այլն:

«Մաimage14տյան ողբերգության» մեջ Սուրբ Գրիգոր Նարեկացին մեկտեղված թվարկում է Աստծո հատկանիշները, որոնք կարելի է համախմբել նաև եկեղեցական հեղինակների, աստվածաբանների տարբեր աշխատություններից: Սուրբ Գրիգոր Նարեկացու գործում համատեղ բերված բնութագրումները կարող ենք ներկայացնել ըստ դասակարգման:

Աստծո էության կամ ինչպիսին լինելու մասին` անսկիզբն, անժամանակ, անսահման, ամենակալ, ամենակարող, ամենազոր, զորեղ, հզոր, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, անտեսանելի, անշոշափելի, ճշմարիտ, կատարյալ, սուրբ, ամենագետ, անտեսանելի, ինքնաբուն բարի, սոսկալի, ահեղ, ահավոր, ահարկու, ծածկագետ, անեղծ, անզննելի, անքնին, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, փառավորյալ, բարերար, ամենաստեղծ, ամենակատար:

Աստվածմարդ հարաբերության մեջ Աստծո դրսևորման մասին` արդար, արդարացնող, բարձր և խոնարհ, անշամանդաղ գիտություն, անտարակույս վստահություն, աներկբա խոստում, աննվազելի շնորհ, անպակասելի գանձ, բժշկություն, աղքատասեր պաշտպան, ստրկամեծար թագավոր, մշտահարուստ տվիչ, ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռն, անաչառատես ակն, մխիթարության ձայն, բերկրության բերումն, նախախնամող մատն, կենդանարար կամք, աննենգելի խրատ, անզուգական գութ, բազմազեղ ողորմություն, անոխակալ և երկայնամիտ, ներող, բարեգութ, ողորմած, մարդասեր:

Մարդու կողմից Աստծուն ուղղված գոհաբանությամբ հատկանիշներ` օրհնյալ, օրհնաբանելի, գովյալ, բարեբանյալ, քարոզյալ, ավետարանյալ, ապավեն գովյալ, օրհնաբանելի գոյություն, անստվեր ծագում: