ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉԷ

Ոչ կրոնական կամ աթեիստ մարդիկ գուցե դրական են գնահատում կրոնից, կրոնական գիտակցությունից թափուր լինելը, մարդու ապրելու և ստեղծագործելու ունակությունը գերբնական հեղինակության առկայության ընկալմամբ չպարուրելը և ազատություն թողնելը մարդկային անկախ գաղափարների ստեղծման ու տարածման համար: Այս տեսակետի համաձայն` արդյո՞ք քրիստոնեությունն իր դավանած արժեքներով չի ուղղորդում դրան հետևող մարդկանց ստեղծագործական ընթացքը, ապրելու կերպը և ձևը` լիակատար ինքնադրսևորման սահմանափակում դնելով:

Քրիստոնեության պատվիրաններն աստվածադիր են և տրված են մարդու, մարդկային կյանքի բարօրության, ապահովության համար: Այդ ուղղորդումները սահմանափակումներ չեն, այլ չարի ու աղետի առջև դրվող սահմաններ, որոնցից այն կողմ անցնելն անգամ մեծագույն ողբերգությունների ու եղեռնագործությունների պատճառ է դառնում մարդու, աշխարհի, ողջ մարդկության համար:

Մենք դրա օրինակներն ունենք նույնիսկ նոր շրջանի պատմության մեջ: Քրիստոնեության վեհագույն ուսուցումներից անկախ` մարդու ստեղծած գաղափարախոսությունները չարիքներ են դարձել և ավերածություններ պատճառել: Խնդիրն առաջին հերթին այն չէ, որ դրանք լավ կամ վատն են եղել, մերժել են կրոնական հասկացությունն ու վարդապետությունը, այլ այն, որ դրանք իրենց հերթին դարձել են մարդաստեղծ կրոններ` անձի պաշտամունքով, դավանանքով և արդեն մարդկային գաղափարներին կյանքը զոհաբերելու գործողություններով:

Նացիզմի, ֆաշիզմի, ստալինիզմի դավանանքը և նմանատիպ այլ գաղափարախոսություններ միլիոնավոր մարդկանց ոչնչացման պատճառ դարձան, աշխարհում բազմապատկեցին թշվառությունները, արյունահեղությունները, ողբերգությունները: Այդ գաղափարախոսությունների տարածումից և դրանց համաձայն լայնածավալ գործողություններից հետո դեռ երկար ժամանակ մարդկությունը չէր կարողանում հաղթահարել դրանց բերած ավերներն ու մեծագույն աղետները:

Յուրաքանչյուր անաստված այս կամ այն չափով նյութապաշտ է, իսկ անաստվածության, նյութապաշտության հետևանքները խաթարում են մարդկային ներդաշնակ ու ստեղծարար, բարոյական ու խաղաղ կեցությունը: Այդ աղետից է ողջ մարդկությանը զգուշացնում Սուրբ Գիրքը` ասելով. «Անզգամն ասաց իր սրտում, թե` չկա Աստված, ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ» (Սաղմ. 13.1):