ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՅՈԳԱՅԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԽԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Հոգևորն արժևորելու կամ ներքին խաղաղություն գտնելու յոգայի նպատակն արդյո՞ք չի համընկնում հոգին առավել կարևորելու, հոգևոր խաղաղություն ձեռք բերելու, Աստծո հետ միության հասնելու քրիստոնեական վարդապետության հետ, ըստ որի էլ և յոգայով զբաղվող մարդը կարող է նաև հոգևոր օգուտներ ունենալ:

Քրիստոնեության և յոգայի, նաև հնդկական կրոնական փիլիսոփայության նմանությունների վերաբերյալ սխալ պատկերացումներին անդրադարձել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:

Հնդկական փիլիսոփայության դուալիզմի համաձայն` աշխարհում երկու սկիզբ կա` մատերիա և հոգի: Կյանքը գոյավորվում է այդ երկու սուբստանցիաների միացումից, որոնք բոլորովին տարբեր են, բայց չեն գիտակցում իրենց տարբերությունը և ձգում են միմյանց:

Բավական է, որ մարդու հոգին հստակ գիտակցի իր բնության տարբերությունը մատերիայի բնությունից և խորապես ներթափանցվի այդ գիտակցությամբ, այն կազատվի մարմնի հետ կապից և մահից հետո կտարրալուծվի հոգևոր սուբստանցիայի մեջ: Դրա համար էլ ոմանք յոգան անվանում են մահվան արվեստ:

Թվում է, թե ուղղափառ ճգնակեցության ուսմունքը համահունչ է յոգայի նմանատիպ ուսուցմանը: Բայց իրականում տարբերությունը սկզբունքային է: Միտքը մարմնի մասին, որպես հոգու բանտի, հեթանոսական ծագում ունի և հակառակ էքրիստոնեությանը, ըստ որի` կենդանի մարդու մարմինը Սուրբ Հոգու տաճարն է (Ա Կորնթ. 3.16, 17, 6.19, Բ Կորնթ. 6.16, Եփ. 2.21-22, Ա Պետ. 2.5): Քրիստոնությունն ուսուցանում է նաև մարմնական հարության մասին, երբ մարդկային մարմինները, սակայն, վերափոխվելու են հարուցյալ մարմինների (Ա Կորնթ. 15.35-55):

Յոգան մարդուն առաջարկում է ինքնակատարելագործման սխալ ճանապարհ, ճանապարհ, դեպի որը առաջին մարդուն շեղեց սատանան` գայթակղելով նրան Աստված դառնալու հնարավորությամբ (Ծննդ. 3.15): Յոգայի ուսուցիչները յոգան մատուցում են որպես արտակրոնական կամ համակրոնական վարժությունների համակարգ, որ տանում է առողջության, ինքնակատարելագործման և ամենաշատը` ինչ-որ վերացական լուսավորության:

Յուրացնելով յոգայի տարբեր դիրքերի տեխնիկան` մարդն անխուսափելիորեն հետագայում ընկղմվում է դրանց հոգևոր նշանակության մեջ, վարժությունների իմաստը հասկանալու համար լրացուցիչ գրականություն ընթերցում: Այն գիտակցումը, որ յոգան գալիս է այլ կրոնից, մարդուն հոգեբանորեն կապում է այլ կրոնի ուսմունքի հետ:

Երբ առողջական նպատակներով բժշկի հանձնարարությունն է լինում յոգայով զբաղվելը, ապա այդ դեպքում հարկավոր է դա քննարկել հոգևորականի հետ: Հոգևորականը, քննելով անձի հակումները, հավատքի խորությունը, կարող է կարևոր խորհուրդներ տալ և որոշակիացնել, թե յոգային հատուկ վարժություններով զբաղվելը որքանո՞վ է օգտակար, և կամ ի՞նչ աստիճանի վտանգ է առկա քրիստոնյայի հոգևոր կյանքի համար: