ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՂԱԾ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ Աստվածաշնչի՝ հրաշանման գործողություններ կարող են կատարվել նաև մոգության, կախարդության, կռապաշտության, չարի հետևորդների կողմից: Փարավոնի կախարդները գործեցին նույն հրաշքները, ինչ Մովսես մարգարեն կամ նրա եղբայր Ահարոնը՝ գավազանը օձ դարձնելով (Ելք 7.10-12), ջուրը արյան վերածելով (Ելք 7.10-12, 19-22), ջրերի վրա գորտեր դուրս բերելով (Ելք 8.5-7):

Դևերի զորությամբ կարող են նաև բժշկության հրաշքներ լինել, ինչպես որ Քրիստոսի բժշկությունների մասին փարիսեցիներն ասում էին. «Դա դևերի իշխանի միջոցով է հանում դևերին» (Մատթ. 9.32-34), «Նա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ Բեեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով» (Մատթ. 12.24):

Նաև որևէ մեկը, հարցուկ չար ոգու ազդեցության տակ գտնվելով, կարող է գուշակություններ, կանխատեսումներ անել՝ նյութական շահի նպատակով, ինչպես որ նման երևույթի մասին պատմվում է Գործք առաքելոցում. «Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս» (16.16): Պատմվում է նաև Սամարիայում Սիմոն մոգի մասին, որն իր մոգություններով ու արտասովոր նշաններով զարմացնում էր ժողովրդին այն աստիճան, որ փոքրից մինչև ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում» (Գործք 8.9-10):

Ուրեմն, հրաշքները կարող են լինել և՛ կախարդության, չար ոգիների, դևերի ազդեցության ու զորության միջոցով, և՛ Աստծո Հոգով, ինչպես ասում է Քրիստոս: «Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացավ, նրանց ասաց. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա. և եթե սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մեջ բաժանվեց. արդ, նրա թագավորութունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ: Եվ եթե Ես Բեեղզեբուղով եմ հանում դևերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատավորները: Իսկ եթե Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրա (Մատթ 12. 25-28, Մարկ. 3.22-30, Ղուկ. 11.14-23):

Հրաշանման իրողությունների և իրական հրաշքի տարբերությունն այն է, որ չարի զորությամբ կատարվող հրաշքները նպատակ ունեն առավել մեծ կործանում բերելու մարդկանց, ինչպես որ մարդու կորստյան համար պիղծ ոգուց ազատում ստացած մարդու մեջ այնուհետ ավելի չար յոթը այլ ոգիներ են մտնում և բնակվում: Եվ այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր (Մատթ. 12.43-43, Ղուկ. 11.24-26):

Չարի զորությամբ հիվանդության բժշկումներն այնուհետ ավելի վատ հետևանքների են հասցնում մարդուն, նաև այն հրաշանման իրողությունները, որոնք Աստծո Հոգով չեն կատարված, մարդուն հասցնում են ֆիզիկական, ինչպես և հոգևոր մահվան, այսինքն՝ ճշմարիտ Աստծուց հեռացած վիճակի մեջ մնալու, նրան ամուր բռնելով և պահելով կռապաշտության կամ այլ չաստվածների պաշտամունքի կերպարանքի տակ ներկայացող սատանայապաշտության շրջագծում:

Անգամ քրիստոնեության մեջ, անգամ Քրիստոսի անունով հրաշքներ գործողները, եթե շեղված են ամբողջական ճշմարտությունից, կախարդության նույնպիսի մեղադրանքի տակ են և ընդունելի չեն Աստծո կողմից (հիշենք տարատեսակ աղանդավորներին և նրանց արտասովոր ու տարօրինակ վարմունքն ու նշանները իրենց պաշտամունքների ժամանակ):

Այս մասին է ուսուցանում Քրիստոս. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ Ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք Ինձանից դուք ամենքդ, որ անօրենութիւն էք գործում» (Մատթ. 7.21-23):