ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հոգևոր իշխանությունը տարբերվում է ամեն տեսակի իշխանություններից նաև նրանով, որ այն կրողներն իրենց անվանում են սպասավորներ, այսինքն` իշխանությունն օգտագործում են ծառայելու համար: Սակայն մյուս բոլոր իշխանությունների պես հոգևոր իշխանությունը և հոգևորականները երբեմն հանդիպում են հասարակական սուր քննադատության: Ինչո՞ւ:

Հոգևորականների կամ Եկեղեցու հասցեին ուղղված քննադատություններին չի կարելի հասարակական բնույթ վերագրել: Երբ հատկապես եկեղեցական մեծ տոներին մեր եկեղեցիները լի են լինում բազմահազար հավատացյալներով, իսկ Սփյուռքի եկեղեցիներին էլ ներառյալ` միլիոնավոր հավատացյալներով, դա այն հասարակությունը չէ, որ քննադատում է հոգևորականին ու Եկեղեցուն: Դրանք այն մարդիկ են, ովքեր մեծապես հարգում և սիրում են մեր Մայր Եկեղեցին և, կարևորելով հոգևորականների ծառայությունը ազգային մեր կյանքում, համախմբվում են եկեղեցիներում` Աստծուն փառաբանելու և իրենց աղոթքներն Աստծուն ուղղելու:

Քննադատությունները գալիս են ավելի փոքր քանակի մարդկանցից, ովքեր միտում ունեն այդ քննադատությունները տարածել ողջ ժողովրդի վրա կամ դրանք սերմանել ժողովրդի մեջ: Երբ ոմանք չեն կարողանում Եկեղեցին և հոգևորականներին ծառայեցնել իրենց քաղաքական կամ եսասիրական շահերին, ապա սկսում են քննադատել Եկեղեցին և հոգևորականությանը:

Նմանատիպ քննադատությունները հիմնականում բամբասանքի ժանրից են և հաճախ ճշմարտության հետ քիչ առնչություն ունեն: Այդպիսի հոդվածներ ընթերցելիս մամուլում կամ համացանցային կայքէջերում` արդեն իսկ գրվածքի սկզբից պարզ է դառնում, որ տվյալ լրագրողը խիստ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում և արդեն իսկ եկել էր հարցազրույցի կամ որևէ եկեղեցական միջոցառման` հոգևորականին կամ Եկեղեցին սևացնելու նախապես մտածված նպատակով:

Հոգևորականներին առնչվող քննադատություններ եղել են նաև հին ժամանակներում և ընդհանրապես այդ քննադատությունները մի քանի տեսակի են: Մեր Կաթողիկոսներից Սուրբ Հովհան Օձնեցին իր շքեղասիրության համար քննադատվել է նույնիսկ օտարներից, արաբ իշխանավորի կողմից նրա հետ հանդիպման ժամանակ: Սակայն Օձնեցին, լսելով քննադատությունը, մի կողմ է դրել իր շքեղությունը և ցույց տվել իր մարմնի վրա հագուստի տակ խարազանազգեստը, որը միշտ կրում է իր մարմնի վրա շքեղ հագուստի տակից: Սրանով նա արժանանում է արաբ իշխանավորի մեծ հարգանքին, և բավարարվում են Հայոց Կաթողիկոսի պահանջները հալածանքների դադարեցման, կրոնական պաշտամունքի ազատության, հարկերի նվազեցման:

Այսօր հոգևորականներին կարող են քննադատել որևէ խոսքի կամ անհաջող արարքի համար: Պետք չէ մարդուն դիտարկել հատվածական արարքի կամ գործողության մեջ. այդ մեկ արարքը կամ վարվեցողությունը չէ, որ ամբողջապես բնութագրում է տվյալ հոգևորականին, նրա ապրած հավատավոր կյանքն ու գործունեությունը: Եթե ամբողջականության մեջ եկեղեցականի գործն ու կյանքը հակառակ են Ավետարանի սկզբունքներին, ապա բոլորը` և՛ հոգևականներ, և՛ աշխարհականներ պետք է պահանջեն այդպիսի մեկի անհապաղ հեռացումը եկեղեցական ծառայությունից:

Բայց եթե նրա ողջ կյանքը ծառայություն է Ավետարանին, Աստծուն ու ժողովրդին, ապա նրա կյանքի ու գործի հատվածական դիտարկումը չի կարող լինել նրա անձի ամբողջական բնութագիրը: Եթե հատվածական դիտարկումը վերցնենք իբրև անձի բնութագիր և նրա գործունեությունը որակավորող, ապա այդ դեպքում, ուրեմն, պետք է մերժենք նաև առաքյալներին: Պետրոս առաքյալը ուրացավ Քրիստոսին այն էլ երեք անգամ (Մատթ. 26.69-75, Մարկ. 14.66-72, Ղուկ. 22.56-62, Հովհ. 18.17, 25-27): Սակայն այս հատվածական տեսակետից ուրացման խոսքերը և Տիրոջից երես թեքելը չէին, որ նրա նկարագիրն էին արտահայտում, որովհետև մենք հետո տեսնում ենք, որ Պետրոս առաքյալը դառնապես լաց եղավ (Մատթ. 26.75) ու զղջաց իր ուրացման համար, այնուհետ իր ողջ կյանքն ընծայեց Տիրոջ Ավետարանի տարածման, Եկեղեցուն, հավատացյալ ժողովրդին ծառայության և նահատակվեց՝ հանուն Քրիստոսի:

Կյանքի և գործի կամ խոսքի հատվածական դիտարկումը մարդուն որակելու սկզբունք դիտելու դեպքում պետք է նաև մերժենք բոլոր առաքյալներին և հրաժարվենք Նոր Կտակարանից, քանի որ Նոր Կտակարանի մեծ մասը գրվել է առաքյալների կողմից: Առաքյալները վախկոտությամբ Քրիստոսին մենակ թողեցին և փախան (Մատթ. 26.56, Մարկ. 14.50), սակայն պահի ազդեցության տակ մարդկային թուլությամբ գործված այս արարքը չէր, որ նրանց անձի իսկությունն էր բացահայտում, որովհետև բոլոր առաքյալները մեծագույն նվիրումով և անձնազոհությամբ Քրիստոսի Ավետարանը տարածեցին, եկեղեցիներ հաստատեցին, մարդկության կյանքը վերափոխեցին:

Ոչ հատվածական, ամբողջական դիտարկումով տեսնում ենք, որ անգամ երբեմն քննադատվող հոգևոր սպասավորները մեծագույն նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունը` հանուն Աստծո, Եկեղեցու և հարազատ ժողովրդի:

Դժգոհության և քննադատության տեղիք են տալիս նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունները: Քիչ չեն մարդիկ, ովքեր դժգոհ են պետությունից` կապված սոցիալ-տնտեսական վիճակի, արտագաղթի և այլ իրողությունների հետ, և Եկեղեցի-պետություն հարաբերությունները տեսնելիս պետության հետ կապված նրանց դժգոհություններն անուղղակիորեն անցնում են նաև պետության հետ հարաբերություններ պահպանող Եկեղեցուն:

Եկեղեցական տեսակետից ճիշտ չէ Եկեղեցի-պետություն հարաբերությունների խզումը, և Եկեղեցու գործունեության մեջ ոչինչ չի արվում Ավետարանի սկզբունքներին հակառակ: