ՔԱՋԱԼԵՐՎԵՑԵ՛Ք, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ

«Պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ հայտնապէս Հոր մասին պիտի պատմեմ ձեզ: Այն օրը Իմ անունով պիտի խնդրեք. և ձեզ չեմ ասում, թե՝ Ե՛ս պիտի աղաչեմ Հորը ձեզ համար, քանի որ Հայրը Ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք Ինձ և հավատացիք, որ Ես Աստծուց ելա: Ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մօտ»:

Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում: Հիմա գիտենք, որ ամեն ինչ գիտես, և պետք չկա, որ մեկը Քեզ բան հարցնի. դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար»: Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Այժմ հավատո՞ւմ էք. ահա պիտի գա ժամանակ և արդեն իսկ եկել է, երբ պիտի ցրվեք յուրաքանչյուրդ իր տեղը, և Ինձ միայնակ պիտի թողնեք. սակայն Ես միայնակ չեմ, որովհետև Հայրն Ինձ հետ է:

Այս բաները ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.25-33):