ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարո՞ղ են փորձությունները մշտապես օգտակար լինել: Ի՞նչ ենք սովորում դրանցից:

Հավատացյալի համար օգտակար են փորձությունները, եթե դրանք դիմագրավում է հավատքով և փորձում դաս քաղել դրանցից, անդրադառնալ իր կյանքի ընթացքին, Աստծո հետ հարաբերություններին, կարևորն արժևորելուն: Փորձության ժամանակ ավելանում է կյանքի փորձը, ամրապնդվում անգամ նեղությունների մեջ առ Աստված հավատարմությունը, հավատացյալը ձեռք է բերում հոգևոր փորձառություն, ունենում է Աստծո օգնության զգացողությունը, քանի որ ի վերջո Աստված Իրեն հուսացյալներին չի լքում և միշտ օգնության է հասնում:

Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ում սիրում է, նրան խրատում է (Եբր. 12.6): Աստված թույլ է տալիս փորձությունը մարդու ընթացքը դեպի Իրեն հաստատուն պահելու կամ ավելի մեծ փորձանքից փրկելու համար, և չնայած որ փորձությունները գալիս են չարից, Աստված չարիքներից անգամ կարողանում է մարդու համար մեծ բարիքներ հանել:

Մարդիկ ավելի շատ կցանկանային, որ Աստված, եթե իրենց սիրում է, փորձություններից զերծ պահի: Բայց հենց սերն է, որ հոգ է տանում` անգամ երբեմն դժվարությունների ու նեղությունների մատնելով: Սա կարող ենք ավելի լավ հասկանալ ծնողներ-երեխաներ հարաբերությունների դիտարկումով: Ծնողները, եթե սիրում են իրենց երեխաներին, խրատում են նրանց, երբեմն զրկում երեխային նրա համար ցանկալի թվացող այս կամ այն իրողություններից, երբեմն պատժում, և այս ամենը վկայում է ծնողական սիրո և հոգատարության ու խնամքի մասին:

Մինչդեռ անտարբեր ծնողները երբեք ուշադրություն չեն դարձնում իրենց զավակներին, ո՛չ զրկում են անպատեհ ցանկությունների իրագործումից, ո՛չ պատժում կամ խրատում սխալների համար, ինչը ցույց է տալիս, որ այդպիսի ծնողների համար միևնույն է, թե երեխան ինչպիսին կմեծանա:

Այսպես էլ Աստծո կողմից փորձությունների ենթարկվելը թույլ տալը վկայում է մարդու հանդեպ աստվածային սիրո մասին: Այդ փորձությունների մեջ Աստված միայնակ չի թողնում մարդուն, այլ միշտ օգնության է հասնում և խաղաղ հանգրվանի բերում:

Փորձությունները բոլորի՞ համար են:

Բոլորն էլ ենթարկվում են փորձությունների, անգամ փոքրիկ երեխաները: Մենք կարող ենք հիշել հրեա մանուկների կոտորածը Եգիպտոսում (Ելք 1.22), Բեթղեհեմի մանուկների կոտորածը (Մատթ. 2.16-18), քրիստոնյաների հալածանքները, մարդու անձնական կյանքում պատահող տարբեր փորձությունները:

Երեխաների պարագայում մահվան դեպքում Աստված իրականությունն «ընկալում» է հավիտենության տեսանկյունից, և այդ երեխաները երկրային կյանքից փոխադրվում են հավիտենական կյանք: Պետք է իմանալ, որ վաղահաս մահը բացառիկ դեպքում է լինում դարձյալ աստվածային նախախնամությամբ: Ուրեմն, ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից:

Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար: