ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի՞նչն է համարվում փորձություն:

Փորձությունը կարող ենք սահմանել աշխարհիկ և կրոնական ընկալումներով: Աշխարհիկ ընկալմամբ փորձությունը որևէ մեկի կամ խմբի կողմից իրականացվող գործողությունն է, որի նպատակն է խաթարել անձի, խմբի կամ ժողովուրդների կյանքը, մատնել նեղությունների ու դժվարությունների: Կրոնական ընկալմամբ փորձությունը գալիս է սատանայից և նպատակ ունի դժվարություններ, նեղություններ պատճառելով՝ մարդուն հեռացնել Աստծուց, հոգևոր բարիքներից:

Այսպիսով, աշխարհիկ ընկալմամբ փորձությունը գալիս է մարդուց կամ մարդկանցից` երկրային բարօրությունից զրկելով, իսկ կրոնական հասկացողությամբ այն գալիս է ավելի բարձրից` չարից, սատանայից, դևերից, և նպատակ ունի երկրային կյանքում չարչարանքների մատնելով` շեղել առ Աստված հավատքից, զրկել հոգևոր և հավիտենական պարգևներից:

Պողոս առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այսինքն` մարդկանց հետ չէ պայքարը, այլ երկնքի տակ բնակվող չար ուժերի հետ (Եփ. 6.12): Առաքյալը բացատրում է, որ թեկուզ հաճախ մարդկանցով են գալիս փորձությունները, սակայն իրականում չար ուժերն են, որ գործում են մարդկանց միջոցով:

Ծանր ժամանակներում բախվելով մեծ դժվարությունների` շատերը կոտրվում են, կորցնում հավատը: Որ՞ն է փորձության իմաստն ու նշանակությունը:

Հակոբոս առաքյալն իր թղթում ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (1.2): Առաքյալը նաև սովորեցնում է, որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի (1.13): Ուրեմն, Աստված Ինքն ուղղակիորեն փորձություններ չի բերում, բայց նախախնամությամբ թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձության մեջ` իր հետագա կյանքի օգտի համար:

Աստվածաշնչից` Հին և Նոր Կտակարաններից կարող ենք տեսնել, որ չարն իշխանություն չունի անմիջականորեն վնասելու մարդուն փորձություններով, և առանց Աստծո թույլտվության փորձություններ չեն կարող լինել:

Հին Կտակարանում Հոբի գրքից տեղեկանում ենք, որ նրան փորձելու համար սատանան թույլտվություն է ստանում Աստծուց (1.12), իսկ Նոր Կտակարանում գերգեսացի դիվահարներին տանջող չար ոգիները Քրիստոսից են թույլտվություն խնդրում և հնարավորություն ստանում խոզերի մեջ մտնելու համար (Մատթ. 8.31-32, Մարկ. 5.10-13, Ղուկ. 8.29, 32-33):

Ճիշտ է, որ փորձությունը կարող է նաև մարդու մահվան պատճառ դառնալ, սակայն Աստված թույլ է տալիս, որ բացառիկ դեպքերում դա պատահի մարդու հավիտենական բարիքի համար: Բեթղեհեմի մանուկների կոտորածին անդրադառնալով` Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Աստված թույլ չէր տա նրանց մեռնելը, եթե իր ամենագիտությամբ իմանար, որ նրանք երկրային կյանքում նշանակալի գործեր կանեին, այլ գուցե և մեղավոր ընթացքով զրկվեին հավիտենական կյանքի պարգևից:

Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ նրանք այդքան շուտ երկրային, ժամանակավոր կյանքից անցնեն դեպի հավիտենություն: Նաև Քրիստոս երիտասարդ հասակում մեռավ և Նրա մահը, զոհագործությունը փրկություն եղավ ողջ մարդկության համար:

Բայց երբեմն տեսնում ենք, որ մեղավոր ու անարժան մարդիկ երկար են ապրում: Այսպես, Վրթանես Կաթողիկոսի որդիները` Պապը և Աթանագինեսը, մեղսալի կյանք էին վարում, և Կաթողիկոսը, ցավով տեսնելով իր որդիների անբարո ընթացքը, նույնիսկ նախընտրում էր, որ ընդհանրապես որդիներ չունենար:

Բայց Աստված նրան պատասխանում է, որ Աթանագինեսի զավակը մեծ մարդ է դառնալու և անգամ լինելու հավատի սյունը Հայ Եկեղեցու: Աթանագինեսի որդին Ներսես Մեծ Կաթողիկոսն էր, ով մեր եկեղեցական ավանդության մեջ պատվվում է անգամ «Լուսավորիչ» անունով` կոչվելով լուսավորիչ սրտերի: Ներսես Մեծ Կաթողիկոսն իր առաքելությամբ նորովի պայծառացրեց հայոց հավատքն ու մեր Սուրբ Եկեղեցին:

Ուրեմն, երբեմն նաև երեխաների պատճառով ծնողները խստորեն չեն պատժվում, որովհետև չար ծնողներից կարող են նաև հիանալի զավակներ ծնվել և բազմաթիվ մարդկանց մեծ ծառայություն մատուցել: Փորձություններն Աստծո կողմից թույլ են տրվում միայն մեկ պատճառով, որպեսզի Աստծուց հեռացած մարդը վերստին դեպի Աստված դառնա և հեռանա մեղավոր ճանապարհներից:

Դրա համար էլ ինչով որ մեղանչում ենք, Աստված հաճախ դրանով էլ պատժում է: Եթե մարդը մեղանչում է աչքերով, տրվում է աչքերի հիվանդություն, եթե մտքով` մտահոգություններ և այլն: Հետևաբար, փորձությունը թույլ է տրվում, որպեսզի մարդը գիտակցի իր սխալ ընթացքը կամ զգուշանա առավել մեծ վտանգից և դեպի Աստված դառնա:

Կարդալ նաև`