ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՄԲ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ռուս Ուղղափառ Եկեղեցին բանաձևել է փոխնակ մայրությամբ ծնված երեխաների մկրտության պայմանները:

Եկեղեցին բաց է բոլոր մարդկանց համար, ովքեր ձգտում են փրկության: Մկրտությունը Եկեղեցի մուտք գործելու խորհուրդն է և ենթադրում է մկրտվածների համաձայնությունն իր հավատքի և ուսմունքի հետ, ինչպես և` նրանց հետագա մասնակցությունը եկեղեցական կյանքին: Մկրտության խորհուրդը Եկեղեցում կատարվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Երեխայի մկրտության համաձայնությունը նրա փոխարեն տալիս են մեծահասակները` ծնողները և կնքահայրը: Երեխայի մկրտության պայման է դրվում նաև նրա դաստիարակությունը քրիստոնեական հավատքի մեջ և քրիստոնեական բարոյականության կանոնների համաձայն, ինչը ենթադրում է ծնողների, երեխայի, հոգևոր դաստիարակների կանոնավոր մասնակցությունը եկեղեցական պաշտամունքներին և Խորհուրդներին:

Ինչ վերաբերում է փոխնակ մորից ծնված երեխաների մկրտության հնարավորության հարցին, ապա դրան պատասխանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ գործոնները: Մի կողմից` ցանկացած ծնված երեխա կարող է մկրտված լինել ըստ նրանց հավատքի, ովքեր նպատակադրվում են նրան մկրտել: Երեխան չի կարող պատասխան տալ իր ծնողների արարքների համար և մեղավոր չէ, որ իր լույս աշխարհ գալը կապված է Եկեղեցու կողմից դատապարտվող վերարտադրողական տեխնոլոգիայի հետ: Մյուս կողմից` երեխայի քրիստոնեական դաստիարակության համար պատասխանատվություն են կրում ծնողներն ու կնքահայրերը:

Եթե ծնողները գործածի համար ակնհայտ չեն ապաշխարում, իսկ կնքահայրը փաստացիորեն համաձայնություն է արտահայտում կատարված մեղավոր գործին, ապա քրիստոնեական դաստիարակության մասին խոսքն ավելորդ է: Նման դեպքում երեխաների մկրտության մերժումը կհամապատասխանի ուղղափառ ավանդությանը, որը ենթադրում է մկրտվողի համաձայնությունը, իսկ երեխաների մկրտության պարագայում` նրա ծնողների և կնքահոր համաձայնությունը Եկեղեցու ուսմունքի հետ: Այդպիսի մերժումը նաև հովվական նշանակություն կունենա, քանի որ դրանով հասարակությունը Եկեղեցուց հստակ ազդանշան կստանա, որ փոխնակ մայրության կիրառումը քրիստոնեական տեսակետից անհանդուրժելի է:

Փոխնակ մայրության օգնությամբ ծնված երեխան կարող է մկրտվել նրան դաստիարակող անձանց ցանկությամբ, եթե այդպիսիք հանդիսանում են կա՛մ նրա «կենսաբանական ծնողները», կա՛մ` «փոխնակ մայրը», միայն այն բանից հետո, երբ նրանք գիտակցեն, որ քրիստոնեական տեսակետից նման վերարտադրողական տեխնոլոգիան բարոյապես դատապարտելի է, և եկեղեցական ապաշխարություն կբերեն` անկախ նրանից գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար են անտեսել Եկեղեցու դիրքորոշումը: Միայն այդ դեպքում Եկեղեցին կարող է ակնկալել, որ մկրտված երեխան կդաստիարակվի ուղղափառ հավատքի մեջ, և նրան կհաղորդեն քրիստոնեական բարոյական պատկերացումները:

Եթե այդպիսի գիտակցում չի լինում, ապա մկրտության որոշման հարցը հետաձգվում է մինչև երեխայի գիտակից, անձնական ընտրությունը: Վերջին դեպքում «փոխնակ ծննդյան» փաստն ինքնըստինքյան արգելք չի հանդիսանում մարդու մկրտության համար, քանի որ նա պատասխանատվություն չի կրում իր ծնողների վարմունքի համար:

Այն դեպքում, երբ փոխնակ մորից ծնված երեխա են բերում եկեղեցի, նրա մկրտության հարցը կարող է վճռվել թեմական եպիսկոպոսի ցուցման համապատասխան, ով պարտավոր է առաջնորդվել եկեղեցական փաստաթղթի դրույթներով: Մահացու վտանգի դեպքում թույլատրվում է երեխաների մկրտությունը` անկախ նրանց ծննդյան հանգամանքներից:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական տեսակետները բավականին հստակեցում են տալիս փոխնակ մորից ծնված երեխաներին մկրտելու հարցում: Ռուս Եկեղեցու փաստաթղթի մեջ, սակայն, մի հանգամանք նկատի չի առնվել: Երբ փոխնակ ճանապարհով ծնված երեխային ծնողները բերում են եկեղեցի մկրտության և հայտնում են իրենց երեխայի ծնվելու հանգամանքի մասին, դա արդեն իսկ ապաշխարության կամ զղջման նշաններից մեկը կարող է լինել, որովհետև Եկեղեցին, ինչքան էլ պաշտոնական տեսակետներ բարձրաձայնի այս հարցի վերաբերյալ, ինչպե՞ս պիտի իրականացնի իր դիրքորոշման համաձայն գործողությունները, եթե ծնողները չհայտարարեն երեխայի ծննդյան կերպի մասին: Երբեմն կարող են լինել հասարակության մեջ հնչեղություն ստացած դեպքեր, որոնցով հայտնի կլինի ոմանց հանգամանքը, բայց չէ՞ որ բոլորի ծննդյան պատմությունը Եկեղեցին իմանալ չի կարող:

Հայ իրականության մեջ վերջին տարիներին բազմաթիվ երեխաներ են ծնվել այս ճանապարհով, ինչպես վկայում են համապատասխան մասնագետները, բժիշկները: Սակայն չափազանց հազվադեպ է լինում, երբ ծնողները եկեղեցում քահանային հայտնում են իրենց երեխայի ծնվելու ձևի մասին: Չէ՞ որ փոխնակ մայրության ճանապարհով երեխաներ ունեցած շատ ծնողներ բավականին հանգիստ կարող են այդ մասին չհայտարարել, քանզի եկեղեցում ոչ ոք չի հարցնում. «Ինչպե՞ս է ծնվել ձեր երեխան` բնակա՞ն, արտամարմնայի՞ն բեղմնավորումից, թե՞ փոխնակ մորից»: Եվ եթե ծնողները եկեղեցում հատուկ կերպով հայտնում են այդ մասին, նշանակում է, որ զղջման ինչ-որ զգացում, սխալ գործած լինելու մտատանջություն ունեն:

Այդպիսի ծնողներին անմիջապես չպետք է հանդիմանել, այլ նրանց հայտնածը զղջման սկիզբ համարել, հովվական հոգատարությամբ խոսել ու բացատրել, ապաշխարություն նշանակել, նաև հորդորել առաջիկա ուրախության` զավակի մկրտության հետ կապված: Այն իրողությունը, որ եկեղեցում հայտնի չի լինում երեխաների ծնվելու կերպը, ներկա պայմաններում առկա խնդիրների նկատառումով արդեն առավել ուշադիր գործելակերպի անհրաժեշտությունն է բերում` կասկածի դեպքում իմանալու երեխայի ծննդյան հանգամանքները և համապատախան հովվական հորդոր ու վերաբերմունք ցուցաբերելու: