ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ

Կյանքի իմաստի վերաբերյալ հարցին առանձին փորձել են պատասխանել և՛ հոգեբանությունը, և՛ փիլիսոփայությունը, և՛ մարդաբանությունը: Եզակի չեն այն դեպքերը, երբ գիտությունը լրացնում, հաստատում է կրոնական տեսակետը: Ինչպիսի՞ն է պատկերն այս դեպքում:

Կյանքի իմաստի մասին փիլիսոփայության կամ հոգեբանության պատասխանները քրիստոնեության սկզբունքներին չհակադրվելու դեպքում պարզապես նկատվում են համապատասխանող աստվածային պատվիրաններին կամ Քրիստոսի ուսմունքին, սակայն չեն դիտվում իբրև լրացումը այն գերագույն նպատակի, որ հայտնում է Աստվածաշունչը:

Արիստոտելի խոսքով, թե կյանքի իմաստը երջանկությունն է, որը գիտության և իմացության մեջ է, համապատասխան է գիտելիք ունենալու բարի ձգտումին: Էպիկուրի ասածը` չարչարանքներից հեռու լինելու, կյանքի իմաստը ոչ թե մարմնական հաճույքներին տրվելու, այլ հոգևոր անհանգստությունից, մահվան հանդեպ վախից ազատվելու հաստատումը համապատասխան է ողջախոհության, հոգևոր խաղաղության և հարուցյալ կյանքի ձգտելու հորդորին: Պրագմատիզմի մեջ արտահայտված տեսակետը, թե կյանքի իմաստն այն նպատակներն են, որոնք ձեզ ստիպում են գնահատել կյանքը, համապատասխանում են եկեղեցական Հայրերի ուսուցումներին:

Եկեղեցու Հայրերն ասում են, որ մարդու կյանքի նպատակն աստվածանալու մեջ է, Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա: Սակայն նոր աստվածաբանական միտքը շեշտում է նախ մարդու մարդացման կարևորությունը, քանի որ աստվածային պատկերը հենց մարդու մեջ է և դրանով` աստվածացման հասնելու հնարավորությունը: Սակայն սա էլ Աստծո փառքի համար արվող բան է, որովհետև Աստծո համար հաճելի է մարդու աստվածացումը, և դա երանություն ու բարիք է բերում մարդուն: