«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Առաջին Համաշխարհային պատերազմը հարմար սքողում մատուցեց հայերի ցեղասպանության համար: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռասայական, կրոնական կամ էթնիկ խմբի դիտավորյալ ոչնչացումը, որպես ոճրագործության դատապարտում, արձանագրվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի մեջ` ընդունված Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից, պատմաբանները շուտով հասկացան, որ «ցեղասպանություն» եզրը կատարելապես համապատասխանում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ գործված հանցագործությանը: Այսպիսով, «ցեղասպանություն» եզրը մտավ գրականության մեջ հայերի ցեղասպանության վերաբերյալ թեմայով:

Սակայն նշյալ կարծիքը թերի է, քանի որ մինչև ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության վերաբերյալ համաձայնագրի հաստատումը, «ցեղասպանություն» եզրը հրեական ծագմամբ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծվել էր նախ հայերի կոտորածները բնութագրելու համար: 1930-ականներին գրողները խոսում էին հայերի «holocaust»-ի մասին, իսկ վաղ 1940-ականներին, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» բառը, այն կիրառեց 20-րդ դարի երկու իրադարձությունների` նախ 1915 թ. թուրքերի կողմից իրականացված հայերի բռնագաղթի ու կոտորածի և ապա գերմանացիների կողմից եվրոպական հրեաների ոչնչացման համար:

Երբ 1921 թ. հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթին գնդակահարած Սողոմոն Թեհլերյանին, Ռաֆայել Լեմկինը մտածեց, որ արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե այդ հանցագործության զոհերի, տուժածների կողմից, այլ համապատասխան դատարանի և միջազգային օրենքի կողմից` տվյալ դեպքում ճիշտ բնորոշում տալով կատարված ոճրագործությանը:

Ահա այս հանգամանքների ներքո էր, որ Լեմկինը, մտորելով հայերի սոսկալի ջարդերի և արդարադատության վերաբերյալ, ստեղծեց «ցեղասպանություն» եզրը` հայ ժողովրդի և մարդկության հանդեպ իրականացված հանցագործությունը բնութագրելու ու դատապարտելու համար: Դա վկայում է Ռաֆայել Լեմկինն ինքը իր հարցազրույցում, որի պահպանված տեսագրությունները հնարավորություն են տալիս «ցեղասպանություն» եզրի ստեղծման մասին պատմությունը լսել հենց նրա շուրթերից www.youtube.com/watch?v=moByGLA7FDc, www.youtube.com/watch?v=CXliPhsI530 (այս տեսագրության 4 րոպե 34 վայրկյանից մինչև 6 րոպե 30 վայրկյանը):