«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌՆ ԱՐՏԱՍԱՆԵԼՈՒ ՎԱԽԸ

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, որ դրսևորվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների դեմ ուղղված քաղաքական, տնտեսական սպառնալիքներով, դիվանագիտական խարդավանքներով, փաստորեն, սահմանափակում է նաև միջազգային մակարդակում խոսքի և կարծիքի արտահայտման ազատությունը: Թուրքիայի այս քաղաքականության պատճառով տարատեսակ գործիչներ ու պետություններ վախենում են «ցեղասպանություն» բառն արտասանել:

Օրինակ` ԱՄՆ առաջին աֆրոամերիկացի նախագահ Բարաք Օբաման, ով սենատոր եղած ժամանակ ազատորեն գործածում էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և խոստացել էր իր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (www.youtube.com/watch?v=cwuqiTSsw7M, www.youtube.com/watch?v=JwR83GZjwdo), նախագահ դառնալուց հետո, դրժելով իր խոստումը, այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը, այլ երբեմն` «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

Այսպիսով, Թուրքիայի ուղղակի և անուղղակի ճնշումները, Թուրքիայի հանդեպ ունեցած վախը, ավելի ճիշտ` Թուրքիայի հետ քաղաքական, տնտեսական կամ այլ ոլորտում գործակցությունը վնասելու վախը, զգուշությունը անգամ որոշ մեծ տերությունների ու կազմակերպությունների, ազդեցիկ քաղաքական և կրոնական գործիչների մոտ սահմանափակում են կարծիքը արտահայտելու ազատությունը, խոսքի ազատության իրավունքը` խոչընդոտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունն իր անունով կոչելը, միջազգային իրավունքով հաստատված եզրույթն այդ ոճրագործության բնորոշման նպատակով օգտագործելը: Կրկին հիշեցնենք` Ռաֆայել Լեմկինը փաստում էր, որ «ցեղասպանություն» բառը ստեղծել է նախ և առաջ նկարագրելու հայերի կոտորածները Թուրքիայում:

Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունները` գերազանցապես Եվրոպայի մաս չկազմող երկրի լիիրավ անդամակցության շուրջ, վերստին անհրաժեշտությունն են բերում պատմական հայացք նետելու աշխարհիկ սահմանադրություն ունեցող միակ մուսուլմանական երկրի` Եվրոպայի հետ առնչության վրա: Թուրքիան ստեղծվել է բյուզանդական ու հայկական մշակութային աշխարհների ավերումով, որոնք միշտ էլ պատկանել են Եվրոպային և պատմականորեն քրիստոնեական մշակույթ կրող տարածաշրջանին: Արդյո՞ք Թուրքիան պիտանի է ընդունվելու «արևմտյան» մշակույթի ընկերակցության մեջ, որը պատմականորեն քրիստոնեական դրոշմ է կրում և հենվում է լուսավորության շրջանում նվաճված արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, կարծիքի ազատությունը, հանդուրժողականությունը, իրավական կանոնակարգերի ու ժողովուրդների իրավունքների մասին միջազգային համաձայնագրերի պահպանումը:

Եվրոպան խարսխված է Ֆրանսիական հեղափոխության նվաճումների վրա, ինչպիսիք են ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը, ինչպես նաև բանականության ու անաչառ գիտության առաջնությունը: Եվրոպական ազգերի միջև ատելության և ցեղային գերազանցության մոլուցքի դարաշրջանն ավարտված է: Բոլոր ազգերը պետք է իրենց պատմության մեջ գործած հանցանքներն ընդունեն և լրջորեն խորհեն դրանց մասին: Հարկ է քննադատական խորհրդածություններ կատարել մինչև օրս չլուսաբանված պայքարի, ստրկացման, մարդագողության և տեղահանության արյունոտ պատմության մասին: Եվրոպայի պատմության մեջ նույնպես եղել են կրոնական հետապնդումներ, ճնշում, կոտորածներ, մինչև իսկ Հոլոքոստ: Սակայն Եվրոպայում անցյալի այս հանցագործություններին անդրադարձել և այսօր էլ անդրադառնում են բազմաթիվ հաստատություններ, ինչպես նաև քննադատական պատմագրությունը:

Այստեղ նվազ չեն եղել վերագնահատումները, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու` Վատիկանի երկրորդ ժողովում, քրիստոնյաների էկումենիկ, դեռևս թերի, երկխոսության ընթացքում և կամ տարբեր կողմերից հրեականությանն ուղղված հայտարարություններում: Թուրքիայում իրականացված հալածանքի ու ցեղասպանության մասին անհրաժեշտ է հասու դարձնել Եվրոպայի միավորման գործընթացի բոլոր մասնակիցներին: Դա պետք է առիթ տա խորհրդածելու, թե ապագա Եվրոպան ինչպես է վերաբերվելու անցյալին, և թե պատմության որ հատվածներն են, որոնք դեռևս վերանայված չեն: Փոքր Ասիայի քրիստոնյա բնիկ բնակչության ոչնչացումը պետք է բոլորի, մանավանդ Թուրքիայի կողմից ընկալվի որպես հսկայական կորուստ: Եվրոպական պետությունները չպետք է երբեք մոռանան, որ քրիստոնյա Բյուզանդիան որպես «Նոր Հռոմ», Հայաստանի ու Վրաստանի հետ միշտ էլ պատկանել է մշակութային նույն տարածաշրջանին, և որ Եվրոպան շարունակում է սնվել վերջիններիս մշակութային ժառանգությունից: