ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԳԵՎՈՐԳ Ե ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Հայոց ցեղասպանության առնչությամբ երբեմն մեղադրանքներ են հնչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին, թե իբր քրիստոնեական կրոնի միջոցով կույր հնազանդություն է քարոզել հավատացյալների շրջանում, ինչը պատճառ է դարձել հայ ժողովրդի բնաջնջման նպատակով թուրք իշխանությունների կազմակերպած սոսկալի կոտորածներին դիմադրություն ցույց չտալու և սպանդի ենթարկվելու: Սակայն այս կարծիքը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Հայ Եկեղեցին հավատքի ու հայրենյաց պաշտպան զորավոր սրբերի օրինակով մշտապես քաջալերել է ժողովրդին, ինչը հիմնված է սուրբգրական դիրքորոշման վրա: Քրիստոս գովեստի խոսքեր ասաց հարյուրապետին` նշելով նրա մեծագույն հավատքը (Մատթ. 8.5-10, Ղուկ. 7.2-9), Կոռնելիոս հարյուրապետը հեթանոսների` քրիստոնեության դարձի նշանակալի օրինակն է (Գործք 10.24-33, 44-48): Նաև եկեղեցական տոնացույցում ընդգրկված տոնելի սրբերի` Քրիստոսի խաչի մոտ Նրան հավատացած Ղունկիանոս հարյուրապետի (Մատթ. 27.54, Ղուկ. 23.47), Սարգիս, Գևորգ զորավարների, Վարդանանց հերոսների հիշատակի հանդիսավոր տոնակատարումը դարերով ոգեշնչման աղբյուր են եղել հավատացյալների համար:

Եղեռնի ժամանակ ևս տարբեր վայրերում հավատո և հայրենյաց պաշտպանության ելան հայորդիները, սակայն զոհ գնացին ցեղասպանության հզոր, ոչնչացնող ու ավերիչ գործիքին: Բայց որտեղ որ ֆիզիկապես անզոր եղան, հոգով ու համոզմունքով անպարտելի մնացին:

Հայոց կոտորածների, ցեղասպանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Առաքելական Եկեղեցին է ջանադիր գործունեություն իրականացրել` տարբեր պետությունների հետ բանակցելով հալածանքներն ու ջարդերը դադարեցնելու նպատակով, նաև կամավորական խմբեր կազմելու, ջոկատայիններ հավաքագրելու առաքելությունը խթանել` թուրքական լծի ներքո հեծող հայ ժողողվրդի զավակների պաշտպանության, հնարավորության դեպքում ազատագրության համար: Այդ տարիներին ևս հայ ժողովուրդը դեռ չուներ անկախություն ու պետական կառույց, և Հայ Եկեղեցին էր պետական գործառույթներն իրականացնողը: Որպես հայ ազգը ներկայացնող պաշտոնական կառույց` միջազգային ասպարեզում ճանաչված էր Հայ Առաքելական Եկեղեցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և ոչ թե` առանձին կուսակցություններ, որոնց արկածախնդիր անդամների ինքնագլուխ գործողություններ նաև նոր կոտորածների առիթներ են ստեղծել ոճրագործների համար: Եկեղեցու և հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջոցով էին տերությունները բանակցում, գործակցում Հայաստանի հետ, աջակցություն հայտնում հայ ժողովրդին: Կաթողիկոսն էր ազգային ու հոգևոր կյանքը համակարգում, անհրաժեշտ գործողություններ հրահանգում, իր զավակներին ոգևորում, քաջալերում, կարևոր ձեռնարկումներով հանդես գալիս միջազգային հարթակներում:

20-րդ դարի սկզբին հայ իրականության մեջ և մամուլում մեծապես կարևորվում և ընդգծվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ դերը հայկական հարցի լուծման, բարենորոգումների իրականացման և համազգային խնդիրների դիմագրավման գործում: Այս իրողության արտացոլումն են ժամանակի հայկական թերթերի հրապարակումները, որոնց ընդհանուր միտքը կարելի է ցույց տալ դրանցից մեկի հայտարարությամբ. «Սահմանադրական բարքերի, խորհրդարանական կյանքի մեր կես դարի վարժությամբ կոկողավիզ ներս մտանք Օսմանյան Մեպուսանից [պառլամենտ] ներս և չլմորած ու գլխիկոր դուրս ելանք: Անտեղ օրերից մի օր հայ պատգամավորները չկարողացան հայկական ցավերի ու պահանջների շուրջ կուռ ու միաբան ճակատ կազմել և զորավոր ձայն ու բողոք լսելի անել: Յուրաքանչյուրն իր փողը փչեց, իր թմբուկը զարկեց: Եվ եթե Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարեդեպ միջամտությունն ու կարգադրությունները և հոյակապ անձնավորության` Պողոս փաշա Նուբարի անձնական կորովը, իմաստությունն ու մանավանդ պատրաստակամությունը և Ազգային պատգամավորության իր ընտրյալ աշխատակիցների լուրջ գործակցությունը չլինեին, չգիտենք, թե որքան խեղճ ու կրակ վիճակով պիտի ներկայացնեինք ինքներս մեզ ու ի՜նչ պիտի կարողանայինք անել»: Պողոս Նուբար փաշան, խոսելով տարբեր պետությունների հետ հայկական բարենորոգումների բանակցությունների մասին, ասել է. «Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետից ինձ վստահված առաքելության մեջ ամեն կերպով վայելեցի Պատրիարքարանի աջակցությունը: Եվրոպայում բոլոր հայ տարրերն անխտիր օգտակար եղան»:

1912 թ. հոկտեմբերին Կաթողիկոսը կոչ արեց Ռուսաստանին` միջամտելու ի նպաստ թուրքահայերի: 1912 թ. դեկտեմբերի 26-ին ռուսական կառավարությունը պահաջեց թուրք կառավարությունից 1878 թ. խոստացված բարենորոգումների իրականացումը: Իսկ 1913 թ. հունվարի 11-ին Ավստրիայի դեսպանը վկայակոչեց Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի խոսքերը, որ Ռուսաստանը «որպես Արևելքի քրիստոնյաների պաշտպան, հավատարիմ կմնա իր առաքելությանը և ոչ մի դեպքում չի հանդուրժի հայկական կոտորածների կրկնությունը»: Ամենայն Հայոց Հայրապետը նաև պատվիրակ էր ուղարկել մեծ տերություններին` Բեռլինի պայմանագրում խոստացված բարենորոգումների իրականացման պահանջով: Հայոց ցեղասպանության ահրավիրքների հետագա ծավալումը կանխելու համար 1915 թ. մայիսի 4-ին Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրեց նաև Անգլիայի Գեորգ (Ջորջ) Հինգերորդ թագավորին օգնել իր հայրենակիցներին: Ցավոք, այս դիմումներն սպասված արդյունքները չտվեցին:

Դեռ 1914 թ. նոյեմբերի վերջին` ռուս-թուրքական պատերազմն սկսելուց շուրջ մեկ ամիս հետո, Գեևորգ Ե Կաթողիկոսը կարգադրել էր պատերազմի շրջան գնալ Թիֆլիսի առաջնորդ Տ. Մեսրոպ եպիսկոպոսին և Երևանի փոխթեմակալ Տ. Խորեն եպիսկոպոսին ճանաչված անձանց հետ, որոց թվում էին Շիրվազանդեն և Հովհաննես Թումանյանը: Պատվիրակությունն Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարություն ուներ այցելելու ռուսական կողմի զորքի հրամանատարին, փոխանցելու Վեհափառի օրհնությունն ու բարեմաղթանքները, օրհնելու զորավարներին ու զորքին, հորդորելու հայ զինվորներին ու կամավորներին լինել պարտաճանաչ և օրինակելի, քննել ռուսների տիրած մասում հայ գյուղական ժողովրդի վիճակը, հայ հոգևորականությանը պատվիրել հոգևորապես և բարոյապես մխիթարել հայ ժողովրդին, որ գտնվում էր ծանր կացության մեջ:

Ամենայն Հայոց Հայրապետը` խորապես մտահոգ Թուրքիայի տիրապետության ներքո հայերի իրավիճակով, մշտապես տեղեկություններ է պահանջել կատարվող դեպքերի մասին` համապատասխան կարգադրություններ ու դիմումներ կատարելու համար: Դրա վկայություններից մեկն է հայկական հարցի, Բիթլիսում ծագած քրդական խռովությունների, պատահարների վերաբերյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից ստացված մանրամասն զեկուցագիրը: Միաժամանակ Գևորգ Ե Կաթողիկոսը շարունակել է հայկական բարենորոգումների ծրագրով զբաղվելը և այդ հարցով Ռուսաստանի ու այդ պետության բարձրաստիճան այրերի հետ բանակցություններ վարելը: Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի հանձնարարությամբ Կովկասի փոխարքան առանձին պաշտոնական գրությամբ Կաթողիկոսին է ուղարկել հայկական ռեֆորմների պաշտոնական ծրագիրը` ֆրանսերեն բնագրով և ռուսերեն թարգմանությամբ:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների հետ փոխհարաբերություններն ու բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգտագործել է նաև դժվարին իրավիճակներից դուրս բերելու ինքնուրույն գործունեությամբ զբաղվող, հեղափոխական պոռթկումներ ունեցող կուսակցական գործիչներին, որոնց գործողությունները հերոսական դրվագներով հանդերձ երբեմն նաև ողբերգական անդրադարձ են ունեցել մանավանդ Թուրքիայի տիրապետության ներքո ապրող հայերի վրա: Նման օրինակ է Հայ Հեղափոխական Դաշնակցության պարագան:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով էին կամավորականների ջոկատներ կազմվում, մեկնում արևմտյան Հայաստան` բոլորն էլ նախապես օրհնություն ու քաջալերություն ստանալով տեղի եկեղեցիներում: Հայաստանի` Թուրքիայի տիրապետության ներքո գտնվող արևմտյան հատվածում բռնի տեղահանություններն ու ջարդերը, հայ ժողովրդին բնաջնջելու մոլեգին գործողությունների առավել ծավալումը կանխելու, հայերին պաշտպանելու համար Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1915 թ. ապրիլի սկզբին նամակներ հղեց պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին` Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովին, Ռուսաց Արտաքին գործոց նախարար Սերգեյ Սազոնովին, Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուել Երրորդին, Անգլիայի թագավոր Գեորգ Հինգերորդին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ռեյմոն Պուանկարեին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնին: Գևորգ Ե Կաթողիկոսի ուղղած դիմումներին հետևեցին հուսադրող պատասխաններ տարբեր երկրների կառավարություններից ու բարձրաստիճան պաշտոնյաներից: Վեհափառի դիմումներն էին նաև, որ երեք դաշնակից պետությունների համար խորհրդածության նյութ դարձան, և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Անգլիան հանդես եկան 1915 թ. մայիսի 12-ի հայտարարությամբ, որով հայ ժողովրդի կոտորածն անվանեցին ոճրագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ և պատասխանատվության կոչեցին թուրքական կառավարությանը: