ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ. ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՌԱԿ

Շատ հետաքրքիր և առաջին հայացքից ինչ-որ առումով նույնիսկ տարօրինակ է Քրիստոսի պատմած առակը անիրավ տնտեսի մասին։ Տերն իմանում է, որ իր տնտեսը վատնում է իր ունեցվածքը և նրանից տնտեսության հաշիվն է պահանջում։ Իսկ տնտեսը մտածում է այնպես անել, որ աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն ընդունեն իրենց տները, և ինքը նրանց հաշվին ապրի, քանի որ նա այլ աշխատանք անել չէր կարող, իսկ մուրալ ամաչում էր։

Եվ նա Տիրոջ պարտապաններին կանչում է իր մոտ և նրանց մուրհակներից պարտքի կեսը ջնջում է և այդ պարտքը նրանց շնորհում։ Եվ ահա հենց այստեղ է ամենազարմանալին։ Քրիստոս ասում է, որ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց։ Սակայն մեզ համար զարմանալի է այս գովեստը։

Մաղաքիա Պատրիարք Օրմանյանը, այս առակին անդրադառնալով, հետևյալ իրավացի հարցն է տալիս. «Տիրոջ ունեցվածքի դեմ խարդախելը մեկ հանցանք, մուրհակներ փոխել տալը մեկ այլ հանցանք, անիրավ շահ պատրաստելը ևս հանցանք և հետագայում ուրիշների հաշվին ապրելու մտադրությունը մեկ ուրիշ հանցանք։ Ուրեմն, ինչի՞ համար տերը գովեց նրան»։

Այս ամենը պարզ է դառնում առակի բացատրությունից։ Մեծահարուստը Աստված է, իսկ տնտեսը` մարդը, որն իրեն տրված կյանքը հաճախ Աստծո պատվիրաններին հակառակ ապրելով մեղանչում է Տիրոջ դեմ։ Տիրոջ պարտապաններին ներելը մարդու ներելն է իր դեմ մեղանչածներին։ Երբ որևէ մեկը մեղք է գործում մեր դեմ,  նա առաջին հերթին մեղք է գործում Աստծո դեմ, ինչպես որ որևէ մեկի դստեր դեմ ուղղված վիրավորանքը առաջին հերթին վիրավորանք է նրա հոր հանդեպ։ Եվ, հետևաբար, եթե մարդը ներում է իր դեմ մեղք գործածներին, ներում է առաջին հերթին Աստծո դեմ մեղանչածներին։ Եվ մարդկանց ներելու Աստծո պատվիրանն իրագործելով` մարդն իր համար տեղ է պատրաստում Երկնքի Արքայության մեջ` արժանանալով նաև Աստծո հավանությանը։

Աստծո արդարությունը բոլորովին նման չէ մեր մարդկային արդարությանը։ Օրինակ` եթե ավետարանական մեկ այլ առակում հիշվող փարիսեցին և մաքսավորը (Ղուկ. 18.9-14) տաճարի փոխարեն դատարան գնային, և ամեն մեկն ասեր այն, ինչ ասացին տաճարում, ապա անկասկած փարիսեցուն պատվով կճանապարհեին դատարանից, իսկ մաքսավորին կդատապարտեին տարիների ազատազրկման։

Մինչդեռ Քրիստոս ասում է, որ մաքսավո՛րը իր տուն գնաց արդարացած և ոչ թե փարիսեցին (Ղուկ. 18.14)։ Այսինքն` Աստծո արդարությունը վեր է մարդկային արդարությունից։ Եկեղեցու մեծ դեմքերից Իսահակ Ասորին ասում է` Աստծուն չի կարելի արդար կոչել, որովհետև մեզ դատում է ոչ թե արդարության օրենքներով, այլ` գթության։

Եկեղեցական մեկ այլ հեղինակ նշում է` Աստված միայն մի ցանկություն ունի` ներել և ներել։ Ահեղ դատաստանի ժամանակ ևս չի ցանկանալու դատել, այլ արդարացնել բոլորին։ Եվ կարդարացնի բոլորին, միայն թե մի փոքր հնարավորություն լինի։

Շատերս մեր հոգուն ծանրացած այնպիսի մեղքեր ունենք, որոնք հաճախ բարձրաձայն ասելու դեպքում մեծ և ահավոր ամոթ ենք զգում։ Սակայն մենք էլ, իբրև անիրավ տնտեսներ, ներենք մեր պարտապաններին, մեր դեմ մեղանչածներին, որպեսզի Աստված էլ մեզ արդարացնի և արժանացնի Երկնքի հավիտենական Արքայության։