ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ. ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս օրն ընթերցվում է Անիրավ տնտեսի մասին առակը (Ղուկ. 18.1-8):

Քրիստոս հաճախ մարդկանց ուսուցանում էր առակներով: Երբ առաքյալները Տիրոջը հարցրեցին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ», Քրիստոս պատասխանեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ Երկնքի Արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ» (Մատթ. 13.10-11): Իր քարոզչության սկզբում Քրիստոս խոսում էր ավելի պարզ, առանց առակների, ինչպես, օրինակ, Լեռան քարոզը (Մատթ. 5-7), որտեղ պարզությամբ ու հստակությամբ ասված է խոսքը: Բայց դրանից հետո Քրիստոս սկսեց առակներով խոսել, որպեսզի նաև կատարվի մարգարեի խոսքը, ինչպես Քրիստոս Ինքն է նշում. «Եվ նրանց վրա կատարվում է Եսայու մարգարեությունը, որ ասում է` պիտի լսեք, պիտի լսեք ու պիտի չիմանաք, պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք. որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր են լսում. և փակեցին իրենց աչքերը, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և սրտով չիմանան և դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Մատթ. 13.14-16, Եսայի 6.9):

Քրիստոս նաև ասում էր. «Նրանց հետ առակներով եմ խոսում նրա համար, որ նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում ու չեն հասկանում» (Մատթ. 13.13): Պատճառն այն էր, որ շատ մարդիկ անտեսում էին ուսուցումը` առավել հետաքրքըրված հրաշքներով կամ արտասովոր իրադարձություններով: Օրինակ` երբ Քրիստոս պատմեց վերջացրեց Սերմնացանի առակը, միայն առաքյալները մոտեցան և հարցրեցին, թե որն է առակի իմաստը, մինչդեռ ժողովրդից ոչ ոք չմոտեցավ (Մատթ. 13.36):

Անիրավ տնտեսի առակը պատմում է մի տնտեսի մասին, որի անիրավությանը տեղյակ դառնալով` նրան աշխատանքից ազատելուց առաջ Տերը հաշիվ է պահանջում: Իսկ տնտեսը մարդկանց բարեհաճությանն արժանանալու և նրանց հարկերի տակ ընդունելություն գտնելու համար տիրոջ պարտապաններին զիջում է նրանց պարտքի մի մասը, որի համար տերը տնտեսին գովում է: Զարմանալի է, որ մեծահարուստ մարդը գովեց իր տնտեսին, որովհետև նա կրկին մի քանի մեղքեր գործեց` խաբեց իր տիրոջը, կեղծեց պարտամուրհակները, ուրիշների հաշվին հետագայում ապրելու ծրագրեր ունեցավ:

Ըստ արտահայտված կարծիքների` տնտեսը պարտատերերին զիջեց միայն գործարքից իրեն հասանելիք դրամը, այսինքն` նա նաև ի բարին փոխեց իր մտքերը: Նախկինում անիրավ տնտեսի համար մարդը միջոց էր դրամի, իսկ հիմա հակառակը, նա գործածում է նյութականը` մարդկանց բարիք անելով: Դրա համար է, որ տերը գովում է տնտեսին: Առակի խորհուրդն այն է, որ մարդը տնտես է այս աշխարհում, Աստված աշխարհի բարիքները տվել է մարդուն, և մարդն իր ձեռքի տակ եղածից պետք է օգնի նաև ընկերոջը, մարդկանց բաժին հանի իր ունեցվածքից և ողորմություն անի:

Քրիստոս խոսում է մամոնայի, այսինքն` դրամի, նյութականի խելացի օգտագործման մասին և շեշտելու համար առակի բուն իմաստը, այն պատմելուց հետո ասում է. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16.9): Իսկ մեկ այլ տեղ ասում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և` մամոնային» (Մատթ. 6.24, Ղուկ. 16.13):

Ժողովրդական խոսքն ասում է. «Ավելի լավ է ունենալ հարյուր բարեկամ, քան հարյուր դահեկան»: Բայց մեկը, հեգնելով այս խոսքը, ասել է, որ եթե ունենաս հարյուր դահեկան, կունենաս նաև հարյուր բարեկամ, որոնք, իհարկե, կեղծ բարեկամներ կլինեն` շահ քաղելու նպատակով: Մենք պետք է հստակ գիտակցենք միջոցի և նպատակի տարբերությունը, որպեսզի նաև նյութական հարցերում դրամը լինի ոչ թե նպատակ, այլ միջոց բարեգործության: Մինչդեռ ոմանք նույնիսկ բարեգործությունը դարձյալ միջոց են դարձնում դրամի ձեռքբերման նպատակի համար:

Առակին հաջորդող տերունական խոսքերն են. «Այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16.8): Լույսի որդիներ են կոչվում փարիսեցիները, ովքեր իրենց մասին կարծում էին, թե արդարությամբ լուսավորյալ են:  Իսկ աշխարհի որդիներն են մաքսավորներն ու մեղավորները, հեթանոսները, սակայն նրանք ավելի հնարամիտ գտնվեցին` ընդունելով քրիստոնեությունը: Կարծեցյալ լուսավորյալների սերնդի մասին խոսքով Քրիստոս ակնարկում է նաև այն տեսակի մարդկանց, ովքեր փարիսեցիաբար իրենց արդար են կարծում, բայց իրականում չեն ապրում ճշմարիտ քրիստոնեական կյանքով:

Առակի խորհուրդները մեր կյանքում գործադրելով` ողորմությամբ, բարեգործությամբ, ներելով, կապրենք ոչ թե որպես անիրավ տնտեսներ, այլ Տիրոջ հավատարիմ տնտեսներ` արժանի հավիտենական հարկերի տակ ընդունվելու: