ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ. ՄԱՐԴԸ ՏՆՏԵՍ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ, ՆԵՐՈՒՄ ԵՎ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ

Առակում գործող գլխավոր անձը` տնտեսը, իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ»: Եվ տնտեսը նրան ասում է. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր` հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց. «Հինգ հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց. «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր` չորս հարյուր»: Երբ Տերն իմանում է տնտեսի արածը, ոչ թե զայրանում է, այլ, ընդհակառակը, գովում է տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց (Ղուկ. 16.5-8):

Առակի իմաստը հաճախ անհասկանալի է, երբ այն դիտարկում ենք իբրև պատմություն մարդկանց միջև հարաբերությունների մասին, սակայն ըմբռնելի է դառնում, երբ այն դիտում ենք իբրև հարաբերություններ մարդկանց և Աստծո միջև: Առակում հիշվող տերը Աստված է, տնտեսը` մարդը, տնտեսությունը` այս աշխարհի բարիքները: Մարդն իր ձեռքի տակ եղող բարիքներից ուրիշներին բաժին հանելով գովեստի է արժանանում:

Առակի մեջ Տիրոջ և նրա պարտապանի պարտքի ներման գործում առկա է մեկ այլ մարդ: Ելնելով առակի ենթատեքստից` մեղքերի ներման գործում էլ հոգևորականն է միջնորդ Աստծո և մարդու միջև: Աղանդավորները, բողոքականները-ավետարանականները սա ընդունելի չեն համարում` շեշտելով, թե միայն զղջումը բավական է Աստծո կողմից ներման արժանանալու համար:

Հայ ավետարանչականների վերնախավն իրենց հետևորդներին անհիմն կերպով սովորեցնում է, թե նույն եկեղեցին են, ինչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, սակայն նույնիսկ այս հարցում էլ նմանություն չեն դրսևորում: Իրականում մարդը մեղք է գործում մի քանի ուղղություններով: Եթե մարդը միայն Աստծուց ներում հայցի և չգնա ու ներողություն չխնդրի այն անձից, ում վիրավորել է կամ այլ վնաս պատճառել, ինչքան էլ զղջա, Աստված նրա ներումը չի ընդունի, ինչպես որ Տերունական աղոթքում է ասվում. «Ներիր մեզ, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին»:

Մարդը մեղք է գործում հիմնականում երեք ուղղություններով` Աստծո, Եկեղեցու և մարդու դեմ: Հետևաբար, նրա զղջումն էլ պետք է լինի այս երեք ուղղությունների նկատառումով: Եկեղեցու դեմ մեղքը Եկեղեցու կողմից կարգված կանոնների խախտումով է նաև ընկալվում, և բացի Աստծո առջև զղջումից ներվում է հոգևորականի առջև խոստովանումով: Իսկ այլ մարդու դեմ մեղքը ներվում է նրանից ներում խնդրելով և արած չարիքի փոխարեն բարիք հատուցելով: Սակայն, բացի այդ, հոգևորականի միջոցով մեղքերի թողությունը հիմնված է Քրիստոսի խոսքերի վրա, և սա անտեսող մյուսներն են շեղվում Ավետարանից: Քրիստոս առաքյալներին ասաց. «Ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. 18.18):

Ոմանք կարող են ասել, որ կապելն ու արձակելը փոխաբերական իմաստ ունի: Բայց Հովհաննես Ավետարանիչը, մեղքերի թողության մասին խոսելով, ավելի հստակ է ասում այս մասին: Քրիստոս առաքյալներին իշխանություն տվեց դևեր հանելու, բժշկելու, սակայն հենց մեղքերի թողության իշխանությունը մեծապես կարևորելով, ինչպես ասում է Ավետարանիչը, այս շնորհը տալիս փչեց առաքյալների վրա` ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (20.22-23):