ՏԵՐՆ ԻՄ ՀՈՎԻՎՆ Է, ԵՎ ԻՆՁ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱԿԱՍԻ

Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում Նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Նա կենդանացրեց ինձ, հանուն Իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով (Սաղմ. 22.2-4):

Մարդու ողորմությունն իր մերձավորի վրա է, իսկ Տիրոջ ողորմությունը` բովանդակ մարմնավորի: Տերը հանդիմանում, խրատում և ուսուցանում է և, իբրև հովիվ, նրան իր հոտն է վերադարձնում: Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը և շտապում են լսել Նրա վճիռները (Սիրաք 18.12-14):

Ես եմ լավ հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար: Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է: Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի անում:

Ես եմ լավ հովիվը. և ճանաչում եմ Իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից: Ինչպես Հայրը Ինձ ճանաչում է, Ես էլ ճանաչում եմ Հորը. և Իմ կյանքը կտամ Իմ ոչխարների համար: Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ. և Իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի մի հոտ և մի հովիվ (Հովհ. 10.11-16):