ՏԵՍՆԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՇԽԱՐՀԸ ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱ

Նայեք ձեր շուրջը: Նայեք աշխարհին: Նայեք մարդկանց: Նայեք արևին ու լուսնին, աստղերին և ծառերին, երկնքին ու լույսին: Այս ամենը միշտ նույն ձևով չեն երևում մեզ: Աշխարհը և նրա երևույթը, մարդկանց ու բնության իրողությունը մեզ ամեն անգամ տարբեր ձև են երևում՝ կախված տրամադրությունից ու տրամադրվածությունից, վայելած ուրախությունից ու տխրությունից, զգացած սիրուց կամ ատելությունից, ճաշակած երջանկությունից կամ դառնությունից:

Երջանկության ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, գույներն ավելի գունավոր ու երփներագ են դառնում, ծառերն ավելի կանաչ են թվում, երկինքն ավելի կապույտ, ամպերն ավելի սպիտակ, մարդիկ ավելի բարի: Մինչդեռ վշտի ժամանակ ամեն ինչ պատված է սուգով ու տխրությամբ: Ուրեմն, աշխարհն անփոփոխ ու հաստատուն չէ, այլ այն է, ինչպիսին մենք այն տեսնում ենք:

Երբ ֆիլմ ենք դիտում, այնտեղ կա միայն մեկ հերոս, մյուսները էպիզոդներում խաղացողներ են, երկրորդական անձեր: Սակայն բացահայտեք ձեզ համար հետևյալ փաստը. իրական աշխարհում մարդկանց մի հիանալի հնարավորություն է տված, բոլորն այստեղ հերոսներ են՝ այն իմաստով, որ գլխավոր տեղում իրենք են, մյուսները շրջապատող մարդիկ են, իրողությունները: Եվ ի տարբերություն գեղարվեստական ստեղծագործության՝ իրականությունը հնարավորություն է տալիս բոլոր-բոլորին գլխավոր լինելու, թեև մեկը մյուսի համար մնում են սեփական կյանքին առնչվող և անձնական հուզառատ պատմության մեջ ներգրավված էակներ:

Այս իրականությանն ամենքս ենք առնչվում ամեն օր, սակայն մինչ այս գուցե չենք տեսել կամ չենք մտածել այդ մասին: Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1.26): Այդ պատճառով մի մարդը չէր կարող ստորադասվել մյուսին ու ընդհանրապես երկրորդական լինել, այլ բոլորը դարձան գլխավորներ իրենց կյանքի ընթացքի մեջ: Եվ այս մտքի շեշտադրությամբ նաև պետք է հասկանալ Եկեղեցու Հայրերի հատկանշական հայտարարումը. «Մարդը արարչագործության պսակն է»:

Այսպիսով, աշխարհը անձնակենտրոն է յուրաքանչյուր մարդու տեսակետից դեպի իրեն ուղղված և իրենից ելնող իրադարձություններով: Մոլորակի ձգողության օրենքի նմանողությամբ անձի առնչությամբ կենտրոնաձիգ իրականության օրենքը գործում է նույն անխափանությամբ: Հետևաբար, մենք չենք կախված աշխարհից, այլ աշխարհն է կախված մեզանից և մեր ընկալումից ու ներզգացողությունից:

Այս մոտեցումով իրականությունն անմիջապես կարող է փոխվել, ներքին աչքերը կարող են բացվել և առօրյա դժվարությունների կամ մտահոգությունների մշուշը ցրելով տեսնել շուրջը գտնվող երջանկությունն ու սերը, հոգածությունը, բարի մտադրությունները, օգնող ձեռքերը, սիրող սրտերը: Պողոս առաքյալն ասում է, որ հոգևոր ճիշտ ընթացքով հին մարդը փոխվում է նորի, մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե (Հռ. 6.6, Բ Կորնթ. 4.16, Եփ. 4.22-23, Կող. 3.9-10): Եվ մարդու փոխվելու հետ մեկտեղ նրա հետ փոխվում ու այլ տեսքով է ներկայանում նաև իրականությունը:

Կարդալ նաև՝