ՏԵՍԻԼՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարդիկ, ովքեր տեսիլքներ են ունենում, պնդում են, թե շփվել են մահացածների հետ: Այսինքն` մարդու մահից հետո նրա հոգին կենդանի է մնում, և մահկանացուներից շատերը կարող են շփվե՞լ հանգուցյալ մարդու հոգու հետ:

Տեսլիքների հետ կապված տարբեր տեսակետներից բացատրություններ ունեն հոգեբանությունը և եկեղեցական հեղինակները: Հոգեբանությունը խոսում է զգայապատրանքի` հալյուցինացիայի, ինչպես և հալյուցինոզի մասին:

Առաջինն այն է, որ մարդը տեսնում է տեսիլքներ և կամ լսում ձայներ ու դրանք համարում իրականություն, իբր իր հետ այդպիսով գերբնական կապ հաստատելու միջոց: Երկրորդի դեպքում մարդն ունենում է նույն նշանները, բայց դրանք համարում է շեղում և փորձում բուժվել կամ ազատվել դրանից:

Այս երևույթների առկայությունը բժիշկները բացատրում են ուղեղի արյունատար անոթների ֆունկցիաների խանգարմամբ, երբ մարդը կորցնում է ճիշտ ընկալողունակությունը: Սակայն սրանց կողքին կա նաև շիզոֆրենիան, երբ մարդն ունենում է տեսիլքներ կամ լսում տարբեր ձայներ: Սրա ծագման պատճառը մասնագետները դժվարանում են գտնել, քանի որ շիզոֆրենիայի դեպքում ուղեղի գործունեության զգալի խանգարումներ չեն նկատվում:

Եկեղեցական հեղինակներն ասում են, որ այդպիսի հիվանդությունների արմատը հաճախ կարող է գտնվել ոչ թե մարդու ֆիզիկական, զգացական ոլորտում, այլ հոգևոր ոլորտում` լինելով չարի ազդեցության արդյունք: Եվ, հետևաբար, յուրաքանչյուր պարագա քննելով` հոգևորականը պետք է կատարի համապատասխան աղոթքը՝ կա՛մ բժշկության, կա՛մ դիվահանության:

Հանգուցյալ մարդու հոգու հետ հնարավոր չէ շփվել, որովհետև հոգեառ հրեշտակը կամ Սուրբ Գրիգոր Տաթևացու բառով` ավանդող հրեշտակն անմիջապես առնում է հոգին և տանում: Այս հրեշտակը բարի մարդկանց երևում է նրանց համար մեղմ ու հանգստացնող պատկերով, իսկ չարագործ մարդկանց` ահասարսուռ կերպարանքով:

Որոշ մարդիկ կարծում են, որ մահացածի հոգին քառասուն օր շրջում է երկրի վրա` հավանաբար նմանեցնելով հարությունից հետո Քրիստոսի` առաքյալների և հավատացյալների հետ շրջելուն, նրանց երևալուն: Բայց Քրիստոս հոգի չէր, այլ արդեն հարություն առած անձ` մարդկային մարմնով, և քառասուն օրերի ընթացքում մարդկանց երևում էր Իր հատուկ առաքելությամբ, Իր վերջին պատվիրանները տալու համար (Գործք 1.3):