ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ, ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսին տաճարին ընծայման տոնը։ Փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն, որից հետո բոլոր եկեղեցիների բակերում մեծ խարույկ է վառվում։ Մեր ժողովրդի մոտ սովորություն է, որպեսզի այդ օրը իրենց տների բակերում ևս խարույկ վառեն, և հատկապես այն տանը, որտեղ նոր նշանվածներ կամ նոր ամուսնացած զույգեր կան, անպայման հետևում են այս գեղեցիկ սովորությանը։ Սակայն հաճախ մարդիկ դա անում են առանց իմաստը հասկանալու, և, հետևաբար, նրանց արածը վերածվում է սնոտիապաշտության, մի բան, որ գովելի չէ քրիստոնյաների համար։

Իսկ ինչու՞ ենք Տեառնընդառաջին հուր վառում։ Հին Կտակարանի օրենքն ասում էր. «Եթե որևէ կին հղիանա և արու զավակ ծնի, թող նա անմաքուր համարվի յոթ օր: Ութերորդ օրը թող նա թլփատի իր որդուն: Դրանից հետո երեսուներեք օր էլ նա պիտի սպասի, որպեսզի մաքրվի իր արյունը: Նա անմաքուր բանի ձեռք չպիտի տա և սրբարան չպիտի մտնի, մինչև լրանան նրա մաքրվելու օրերը» (Ղևտ. 12.1-5):

Այսպիսով, քառասուն օր հետո, երբ լրացան Սուրբ Աստվածածնի  մաքրվելու օրերը, Հովսեփն ու Մարիամը, վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան տաճարին, արդեն մութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու, որովհետև առաջնորդ Իշխանն է ներսում նստելու` Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն ճանապարհով էլ դուրս է գալու» (Եզեկ. 44.1-3): Այսինքն, ըստ մարգարեության, տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայն Իսրայելի Աստծու առջև, և դա այդպես էլ եղավ:

Երբ տաճարի արևելյան դուռն ինքնիրեն բացվեց, ճայթմունք եղավ, քաղաքը դղրդաց, ու մարդիկ ընդառաջ եկան տաճար վառվող լույսերով, քանի որ երեկոյի մթնշաղ էր: Եվ քանի որ հայտնի էր արևելյան դռան մասին Եզեկիելի մարգարեությունը, ասացին` Տէր էանց ընդ այս դուռնս, Տէր ընդ այս (Տերն անցավ այս դռնով, Տերն այստեղով [անցավ]): Այս խոսքերի գրաբարյան տարբերակի ձևափոխումով առաջացել է ժողովրդի կողմից առավել հաճախ գործածվող «տրնդեզ» բառը։ Ոմանք «տրնդեզ» բառը ստուգաբանում են որպես «Տէր ընդ մեզ»` «Տերը մեզ հետ է» բառերից առաջացած: Նաև Սուրբ Սիմեոն Ծերունին այդ ժամանակ Տիրոջն ընդառաջ եկավ և Նրան իր գիրկն առավ։ Եվ «տեառնընդառաջ» բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Տիրոջն ընդառաջ։

Սիմեոնն այդ ժամանակ 360 տարեկան էր: Ն.Ք. երրորդ դարում Եգիպտոսի Պտղոմեոս Երկրորդ թագավորը (Ն.Ք. 285-246) իր հիմնած Ալեքսանդրյան գրադարանում բազմաթիվ արժեքավոր գրքեր էր հավաքում և հավաքածուն ի թիվս այլ հրեական գրքերի նաև Հին Կտակարանով հարստացնելու համար հրավիրեց յոթանասուներկու իմաստուն հրեաների` յուրաքանչյուր ցեղից վեցական անձ, Հին Կտակարանը եբրայերենից հունարեն թարգմանելու համար:

Այդ թարգմանիչներից մեկն էր Սիմեոն Ծերունին, ով Եսայու մարգարեության թարգմանության ժամանակ «կույսը պիտի հղիանա և որդի պիտի ծնի» (Եսայի 7.14) նախադասության մեջ «կույս» բառը վրիպակ համարելով` այն «կին» բառով փոխարինեց: Բայց երբ ննջեց, նախադասությունը հրաշքով սրբագրվեց ըստ նախնական տարբերակի, և հրեշտակը հայտնեց Սիմեոնին, թե չպիտի մեռնի, մինչև որ այս մարգարեությունն իրականացված չտեսնի:

Եվ ինչպես Հովսեփը և Սիմեոն Ծերունին իրենց գիրկն առան Քրիստոսին, այնպես էլ Տեառնընդառաջին հավատացյալները եկեղեցուց վառված մոմեր են տանում իրենց տները` մոմը ձեռքում բռնելով որպես Քրստոսի խորհրդանիշ։ Ինչպես մոմի մեջ երեք իր կա` հուր, մոմի նյութը  և պատրույգը, բայց մոմը մեկն է, նույնպես Քրիստոսի մեջ երեք բան կա` աստվածությունը` որպես հուր, անապական մարմինը` որպես մոմի նյութ, և բանական հոգին` որպես պատրույգ, որից լուսավորվեցին բոլոր արարածները,  ինչպես և մարգարեացավ Սիմեոն Ծերունին (Ղուկ. 2.32)։