ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԽԱՐՈՒՅԿԻ ՄԱՍԻՆ

Տեառնընդառաջին կրակ վառելու արարողությունն առաջին հայացքից կարծես թե հեթանոսական մի արարողության նման լինի։ Սակայն մեր Եկեղեցու սուրբ վարդապետները բացատրում են, որ սա բոլորովին հակառակ է հեթանոսական արարողությանը, որովհետև մենք հուրն ընծայում ենք Աստծուն, իսկ հեթանոսներն այսպիսի արարողությամբ պաշտում էին կրակը և ոչ թե Աստծուն։

Կրակը նաև Աստծո ներկայության նշանն է Հին Ուխտում: Տիրոջ հրեշտակը երևաց Մովսեսին մորենու միջից կրակի բոցով (Ելք 3.2): Երբ Իսրայելցիները դուրս եկան Եգիպտոսից, Աստված ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սյունով, որպեսզի ճանապարհ ցույց տա նրանց, իսկ գիշերը` հրե սյունով կամ հրեղեն ամպով, որպեսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցույց ունենան (Ելք 13.21, Թվեր 9.15): Նաև Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքված կրակի նման իջավ Իսրայելի որդիների առաջ լեռան գագաթին (Ելք 24.17):

Մովսես մարգարեն շատ անգամներ հիշեցրեց հրեաներին, որ Տերը կրակի միջից խոսեց նրանց հետ (Բ Օր. 4.12,15,36; 5.4,22-26; 10.4): Մովսեսը նաև հարցրեց հրեաներին. «Մի որևէ ազգ կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է, ինչպես դու լսեցիր ու կենդանի մնացիր» (Բ Օր. 4.33): Տեառնընդառաջին կրակ ենք վառում որպես խորհրդանիշ` հիշելու համար նաև Քրիստոսի խոսքերը, քանի որ Տերն ասաց. «Ես եմ լույսն աշխարհի» (Հովհ. 8.12), «Երկրի վրա կրակ գցելու եկա. և ինչքա՜ն եմ կամենում, որ արդն իսկ բորբոքված լինի» (Ղուկ. 12.49):

Կրակը կործանում է այն, ինչը կարելի է կործանել, իսկ ինչ չի ենթարկվում նրա ուժին, ավելի է սրբում այն և մաքրում։ Եվ Քրիստոսի ասած կրակը հոգու ուժն է, որը քանդում է աշխարհի ներկա կառույցը, ոչնչացնում նրանում գտնվող ամեն ապականություն, վերափոխում է աշխարհի էությունը` պատրաստելով նոր, հավիտենականի ընդունակ գոյության։ Այս իմաստով սա նշանակում է նաև Սուրբ Հոգին, որ հրեղեն լեզուներով իջավ (Գործք 2.3)։

Չնայած մեր ժողովրդի մեջ արմատացած սովորության` եկեղեցական օրացույցի մեջ նշված է, որ կրակի շուրջը պտտվելը խոտելի է։ Շատ մարդիկ պտտվում են կրակի շուրջը և թռչում կրակի վրայով այն մտադրությամբ, որ դա կազատի տարբեր տեսակի ցավերից։ Այսպիսի մտադրությունը դատապարտելի է, որովհետև տարբեր աստվածահաճո ցանկությունների համար մենք պետք է աղոթքով դիմենք Աստծուն` որպես քրիստոնյաներ, և ոչ թե հույսներս դնենք կրակի վրա` որպես հեթանոսներ։

Եվ ինչպես որ Տեառնըդառաջի կրակը մենք ընծայում ենք Աստծուն, այդպես էլ նաև մեր սրտերն ու հոգիներն ընծայենք Տիրոջը և շուտով կհամոզվենք, որ Աստված նույնիսկ մեր փոքրիկ ընծայաբերումներին պատասխանում է մեր անձնական կյանքում հայրական հոգատարությամբ հաստատելով սիրո և երջանկություն ջերմությունը։