ՏԱՌԱՊԱՆՔ ԵՎ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինչո՞ւ է կարգ ու կանոնի տեր Աստվածը երկրի վրա անկարգություն ու կործանում թույլ տալիս:

Երբ Աստված ստեղծեց աշխարհը և արարածներին, տեսավ, որ ամեն ինչ լավ է (Ծննդ. 1.31): Աշխարհի ստեղծումը հիմնված է կարգավորության և ներդաշնակության վրա: Մարդն Աստծո արարչագործության պսակն է, որին Աստված պիտի տար բազում բարիքներ:

Սակայն բարիքն արժևորվում է ազատ ընտրությամբ և ոչ թե պարտադրանքով: Բարիքն արժևորվում է նաև դրա գիտակցությամբ, քանի որ անգիտության համար բարիքի լինել-չլինելը ոչ մի նշանակություն չունի: Այդ իսկ պատճառով Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, ընտրության հնարավորությամբ:

Մարդը սխալ ընտրություն կատարեց և զրկվեց դրախտից: Այսօրվա անկարգությունները, մարդկության, հասարակությունների կյանքում առկա արատները և դժբախտությունները նույնպես գալիս են այդ ազատ, բայց սխալ ընտրությունից: Ազատ ընտրությամբ իրագործված սխալ արարքներն Աստված չի կանխում, որովհետև դա կնշանակեր մարդու կամքի վրա բռնացում, և մարդը կվերածվեր ծրագրավորված մեքենայի կամ անգիտակից, բնազդներով առաջնորդվող կենդանու:

Աստվածաշունչը, եկեղեցական հեղինակները խոսում են աստվածային նախախնամության մասին, որով Աստված չարիքներից բարիքներ է վեր հանում մարդու համար: Փորձություններն ու դժվարությունները հաճախ կոփում են մարդուն (Հակ. 1.24), ոչ միշտ պատահող վաղաժամ մահը փրկում է կյանքի հետագա, Երկնքի արքայությունից զրկող ահավոր ընթացքից, չարչարանքների կրումը փոխհատուցվում է հավիտենության մեջ երանության պարգևով:

Թեև աշխարհում ակնբախ են բացասական իրադարձությունները, դժվարություններն ու խնդիրները, բայց աշխարհում բարիքը երբեք չի պակասում, և չարիքը երբեք չի գերազանցում բարիքը:

Աստվածաշունչը հայտնում է, որ Աստծո նպատակի մեջ չէր մտնում մարդկանց տառապելն ու մահը: Կա՞ գերագույն նպատակ մարդկության վերաբերյալ:

Մարդկանց տառապանքն ու մահը Աստծո ցանկությունը չեն: Ավետարանում մենք տեսնում ենք, որ մեր Տերը` Քրիստոս, ցավում է՝ մարդկանց չարչարանքները տեսնելով, մարդկանց բուժում հիվանդություններից, Իր խոսքով խաղաղություն ու հանգստություն բերում մարդկային հոգիներին, մարդկանց հարություն տալիս մեռելներից: Ուրեմն, տառապանքն ու մահը պատճառում է ոչ թե Աստված, այլ դրանք չարի ներգործության հետևանք են:

Աստծո նպատակը մարդկությանը դրախտային երանությանն ու վայելքին, բարիքներին վերադարձնելն է: Հենց դրա համար, ինչպես ասում է Հովհաննես Ավետարանիչը, Աստված Իր միածին Որդուն տվեց աշխարհի փրկության համար (Հովհ. 3.16): Աստված սեր է (Ա Հովհ. 4.8, 16), և այդ սերը դրսևորվում է յուրաքանչյուրիս հանդեպ Աստծո գթությամբ ու ողորմությամբ, հայրական հոգատարությամբ:

Բայց կան բազում մարդիկ, ովքեր իրենց մեղքերով մերժում են աստվածային սերն ու հոգատարությունը, ինչպես որ չարացած մարդը, մտնելով իր տուն ու պատուհանները փեղկերով փակելով, իրեն հեռու է պահում արեգակի լույսից ու ջերմությունից:

Մեր նախահայրն ու նախամայրը մահկանացու դարձան միայն Աստծուն չհնազանդվելու պատճառով: Սակայն մահկանացու դարձան նաև նրանց բոլոր ժառանգները, այսինքն` մարդկային ողջ ցեղը: Ինչո՞ւ:

Կան հիվանդություններ, որոնք ժառանգական են, չնայած որ տարբեր սերունդներ ժամանակների ընթացքում հաղթահարում են այդպիսի հիվանդությունները տարբեր ծնողների գեների ընդունումով: Այսպես նաև մեր նախահայրերից մենք ժառանգեցինք մահկանացու լինելը և ադամական մեղքը, որից սրբվում ենք մկրտությամբ:

Մարմնի ապականությունը եղավ չարի ազդեցությամբ և ոչ Աստծո ցանկությամբ, իսկ ինչ որ ապականվում է, ենթակա է կործանման: Այսպես նաև մեր մարմինը տարեցտարի ապականվում և քայքայվում է, որով էլ և կործանվում է, կամ ինչպես ասում ենք, մարդը մահանում է:

«Մարդու մահ» ասելով` նկատի ունենք մարմնի մահը, որովհետև անմահ հոգին բաժանվում է մարմնից և դուրս ելնում այս աշխարհի իրականությունից: Քրիստոս նույնպես մեռավ, բայց Նրա մարմինն ապականացու չէր, ինչպես մեր մարմինը, քանի որ ապականությունը մեղքի հետևանքով ի հայտ եկավ: Այլ Քրիստոսի մահը կամավոր էր, այլապես Քրիստոս մահ չէր ճաշակի:

Ճիշտ է, Տերը մանուկ հասակից մեծացավ, սակայն մեծացումը, փոփոխությունը ապականություն չեն ենթադրում, իսկ մենք մեծանալով ու փոփոխվելով՝ նաև ապականվում ենք, այսինքն` սկսում ենք աստիճանաբար քայքայվել: Ահա և այստեղից էլ մահկանացու լինելը:

Բայց Քրիստոս Իր Հարությամբ հաղթեց մահին և մեզ տվեց անմահության շնորհը, որն ընդունելով` մենք ևս ունենալու ենք անապական մարմիններ (Ա Կորնթ. 15.42-44, 53) Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ և ապրելու ենք հավիտյան:

Կարդալ նաև`