ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է վստահությունն ինչոր մեկի կամ ինչոր բանի հանդեպ: Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն իրողության արդյունքն է, որ ֆրանսիական թերթերից մեկը կոչեց վստահության համընդհանուր ճգնաժամ: Ի՞նչ գործոնների պատճառով է առաջանում վստահության ճգնաժամը:

Վստահությունն ինչոր մեկի խոսքի կամ գործի հանդեպ լիակատար երաշխավորություն և ինչ-որ բանի ճշգրտության, հուսալիության վերաբերյալ ամբողջական հավաստիք ունենալն է: Վստահությունը սասանվում է կասկածից, սկեպտիցիզմից: Վստահությունն ավելի հեշտ է կորցնել, քան այդ վստահությունը շահել: Բացասական մի քանի դեպքերը կարող են պատճառ դառնալ ինչ-որ մեկի կամ որևէ համակարգի, իշխանության հանդեպ վստահությունը կորցնելու:

Ժանգն աղտոտում է ողջ նյութը և ոչ թե առողջ նյութը վերացնում է փոքր ժանգը: Այդ փոքրից սկսվում է ամբողջի ապականությունը: Այդպես էլ և լինում է վստահության պարագայում: Մեկի կողմից իրագործված բացասական գործողությունն ու մարդու կամ հասարակության համար անընդունելի իրադարձություններին մասնակցությունը բերում են ամբողջի կողմից այդ մեկի հանդեպ վստահության կորուստը:

image247Հոգեբանական ուսումնասիրությունների համաձայն` կարող ենք ասել, որ վստահությունը մարդկային էության կենսաբանական հիմք ունեցող մաս է: Այսինքն՝ դա մարդուն բնորոշ առանձնահատկություններից է, մարդկային էության մի մասը: Դա նշանակում է, որ մարդը ստեղծված է վստահելու հակումո՞վ:

Կարելի է այդպես ասել, որովհետև մարդու գործունեությունը հիմնված է վստահության և ոչ թե անվստահության վրա: Նույնիսկ այնպիսի իրողություններում, որոնց վրա մարդն իշխանություն չունի և գտնվում է այդ իրողությունների շրջանակում, մեծ տեղ է գրավում վստահությունը:

Մովսես Խորենացին «Գիրք պիտոյից» աշխատության մեջ, որը քարոզներ, ճառեր խոսելու տարբեր տեսակների սկզբունքներն է բացատրում հիանալի օրինակներով, ամուսնության մասին խոսելիս բերում է երկրագործության, զինվորության, նավագնացության պարագան, որով այդ ասպարեզների մեջ մարդիկ մտնում են առ Աստված վստահությամբ` հավատալով, որ Աստված բարի հաջողություններով կզարդարի իրենց ընթացքը:

Այստեղ վստահությունը նույնանում է հավատի հետ, քանի որ ինչ-որ մեկի հանդեպ հավատի կամ առ Աստված հավատքի բուն մասը հենց վստահությունն է և ոչ թե գիտությունը կամ իմացությունը:

image248Այսօր դժվար է պատկերացնել մեր աշխարհն այնպես, թե այնտեղ ապրում են միայն վստահելի մարդիկ և որտեղ ո՛չ բանալիներ կան, ո՛չ կողպեքներ: Իսկ ի՞նչն է ստիպում չվստահել: Ո՞վ կամ ի՞նչն է առավել անվստահելի մարդու համար:

Ավելի լավ է ասել, թե ով է առավել վստահելի մարդու համար` Աստված: «Հավիտենական կյանքի հույսով, որը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ, բայց հայտնեց Իր խոսքը իր ժամանակին` քարոզությամբ»,- ասում է առաքյալը (Տիտ. 1.23):

Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, բոլոր արարածներին, Իր նախախնամությամբ խնամում է մարդկանց և կոչվում է անսուտ Աստված, որովհետև չի խախտում Իր խոստումը` հավիտենական կյանքը տալու բոլոր նրանց, ովքեր չար գործերով ու անհավատությամբ չեն մերժում այդ պարգևը: Ինչպիսին էլ որ լինեն իրադարձությունները, որոնցով մարդը ելնում է այս կյանքից, Աստված Իր պարգևը չմերժողներին արժանացնում է հավիտենական կյանքին:

Աստված խնամում է բոլոր մարդկանց, ուղղորդում նրանց քայլերը դեպի բարին ու բարիքը, յուրաքանչյուրին տալիս է Իր հոգատարությունը: Մարդու գոյավորվելն ու ծնվելը նույնպես աստվածային արարչագործության հետ է կապված: Աստված է գոյության բերում մարդուն, նրան կոչում և մղում գործունեության: Այս իրողությունն է շեշտվում Սաղմոսաց գրքում և մարգարեություններում:

Դավիթ մարգարեն ասում է. «Մորս որովայնից սկսած` Դու ես Աստվածն իմ» (Սաղմ. 21.11): Այս խոսքերն ընթերցվում են նաև մկրտության արարողության ժամանակ: «Դու ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր»,- ասում է սաղմոսերգուն (138.13): «Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի»,- ասում է Եսայի մարգարեն (49.1):

Աստված մարգարեին ասում է. «Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրեցի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի» (Երեմ. 1.5): «Ե՛ս միայն գիտեմ Իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին»,- ասում է Տերը (Երեմ. 29.11):

Մենք կյանքում տարբեր փորձությունների մեջ ենք ընկնում, և կարծում ենք, թե Աստված մոռացել կամ անտեսել է մեզ: Բայց անգամ փորձությունների մեջ է դրսևորվում աստվածային նախախնամությունը, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկել բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել (Ա Կորնթ. 10.13):

Մարդիկ հեշտ են կորցնում մեկի հանդեպ վստահությունը նրա բացասական արարքների դեպքում: Սակայն Աստված-մարդ հարաբերության մեջ, եթե նույնիսկ մարդիկ անհավատարիմ են գտնվում և կորցնում իրենց հանդեպ վստահությունը, ապա Աստված, ի տարբերություն մարդկանց, միշտ հավատարիմ է մնում: «Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չգտնվեցին, մի՞թե նրանց անհավատարմությունը Աստծո հավատարմությունը խափանեց: Քա՛վ լիցի»,- ասում է առաքյալը (Հռ. 3.3):

Կարդալ նաև`