ՎՆԱՍԱԿԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաճախ են որոշ հոգևորականներից հնչում կարծիքներ, թե հատկապես ռոք, ջազ, փոփ ժանրերի երաժշտությունը կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համարԻնչու՞:

Երբ հոգևորականները կարծիքներ են արտահայտում` երաժշտական տարբեր ժանրերի հետ կապված, և մտահոգություններ ներկայացնում, ոմանց դա թվում է որպես նեղմտության կամ ծայրահեղության դրսևորում: Սակայն հոգևորականները պարտավորություն ունեն նախազգուշացնելու մարդկանց, զերծ պահելու աստվածային կամքին հակառակ ընթացքներից:

Հակաքրիստոնեական իր բնույթով հայտնի է ի մասնավորի սև ռոքը, և զարմանալ պետք չէ, երբ դրա դեմ եկեղեցականները տեսակետ են ներկայացնում: Սակայն նաև այլ ժանրերի երգ-երաժշտություն մտահոգիչ են լինում այս առումով: Օրինակ` կան ռեփ ժանրի երգեր, որոնք լի են հայհոյանքներով, ռեփի տեսահոլովակները շատ հաճախ ներկայացնում են մերկ կանանց, մերկության տեսարաններ, անբարո վարք:

Երգը կարող է նաև վատաբնույթ քարոզ չպարունակել, սակայն լինում է, որ տեսահոլովակը լի է անբարոյականության ներկայացումներով: Երբեմն փոփ երաժշտության տեսահոլովակներն են այդպիսին լինում: Բայց նման երևույթներին հոգևորականների անդրադառնալն ամենևին չի նշանակում, թե ծայրահեղությամբ արգելք է դրվում երգի, երաժշտության տարբեր ժանրերի ունկնդրության:

Մարդիկ կարող են տարբեր մեղեդիներ լսել` ըստ տրամադրվածության: Կան անձեր, ովքեր ռիթմիկ երաժշտություն, աշխուժություն են սիրում, ոմանք նախընտրում են հանգիստ երաժշտություն, և դա ըդնունելի ու հասկանալի է: