ՎՆԱՍԱԲԵՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարդկանց մեծ մասն աշխատում է այնպիսի ընկերություններում, որոնց արտադրանքը վնաս է պարունակում` ծխախոտի գործարաններ, ինչպես և խաղատներ, կասկածելի բովանդակությամբ ֆիլմերի, մուլտֆիլմերի արտադրություն… Անձամբ որևէ մեղք չգործած այս մարդիկ, աշխատելով վնասակար արտադրության վայրերում կամ մարդու մտավոր ու ֆիզիկական էությանը վնասող ձեռնարկություններում, նո՞ւյնպես համարվում են մեղավոր:

Ծայրահեղ մոտեցում չցուցաբերելով, բայց տրամաբանություն կիրառելով` պատասխանենք այս հարցին: Եթե տվյալ անձինք գիտեն, որ վնաս են բերում մարդկանց և իմանալով հանդերձ աշխատում են նման տեղերում, դա արդեն մեղք է, այսինքն` այս պարագայում մեղք է համարվում որևէ գործողությամբ ուղղակի կամ անուղղակի կերպով մարդուն վնասելը:

Դիտարկենք ծխախոտի արտադրության օրինակը: Այն, իհարկե, շատ աշխատատեղեր է ստեղծում գյուղերում, որտեղ երբեմն սեփական միջոցներով հողագործությամբ զբաղվելու լուրջ դժվարություններ ունեցող գյուղացիներն զբաղվում են ծխախոտ աճեցնելով և ապրուստ հայթայթում: Նաև քաղաքներում ծխախոտի արտադրության գործարաններում մեծաքանակ մարդիկ են աշխատում:

Սակայն ծխախոտի օգտակարության մասին այսօր ոչ ոք չի խոսում, միշտ բարձրաձայնվում է ծխախոտի վնասակար լինելը: Բոլոր առաջադեմ երկրներում խստիվ արգելված է հասարակական վայրերում ծխելը, ծխախոտի գործածումն արգելված է նաև հասարակական տրանսպորտում, ինքնաթիռներում: Այս պարագայում չի գործում «ձայն բազմաց» սկզբունքը, այսինքն` եթե շատ մարդկանց կենցաղում ծխախոտն ընդունելի է, սա ամենևին էլ չի նշանակում, որ մարդկանց զգալի մասի վարվելակերպը հիմնված է ճշմարտության վրա:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նաև Հայաստանում և հայաշատ վայրերում պարբերաբար «ծխախոտի օր» էին կազմակերպում` կռվող զինվորների համար ծխախոտ հավաքելու և ռազմաճակատ ուղարկելու, քանի որ ծխախոտին սովորած մարդիկ, դրանից կախվածության մեջ գտնվելով և այդ իրավիճակը հաղթահարած չլինելով, առանց այն օգտագործելու դժվարություններ են ունենում իրենց գործողությունները կատարելու մեջ:

Կոլոմբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումից հետո այնտեղ բնակվող ցեղերի` ծխախոտ գործածելու սովորությունը 1492 թվականից ի վեր տարածվեց աշխարհի տարբեր երկրներում: Բայց ժամանակի ընթացքում դրա վնասակար ազդեցությունները տեսնելով` սկսեցին խոսել ծխախոտի պատճառած բազմաթիվ վնասների մասին:

Ավելի քան մեկ դար առաջ այդ երևույթին անդրադարձել են նաև հայ իրականության մեջ, ինչպես օրինակ` Վանում 1914 թ. հրատարակված «Լույս» ամսօրյան: Ըստ «Լույսի» հրապարակման` երբ ծխախոտի գործածումը տարածվեց, ժողովուրդների առաջնորդներն սկսեցին խիստ միջոցներ ձեռք առնել այն դադարեցնելու կամ տարածումը կանխելու համար:

Ուշագրավ է հայկական ամսօրյայի վկայակոչումը, որ դեռևս 17-րդ դարում` Հռոմի Պապեր Ուրբանոս 16-րդը և Ինոկենտիոս10-րդը խիստ սպառնալիքներ հնչեցրին, պատիժներ ձեռնարկեցին և պապական կոնդակներ հրապարակեցին (համապատասխանաբար 1642 թ. և 1650 թ.) դադարեցնելու ծխելու վնասակար սովորությունը եկեղեցու անդամների մեջ: Նաև Թուրքիայի սուլթան Ամուրեթ (Մուրադ) IVը (1623-1640 թթ.) սկսեց պատժել նրանց, ովքեր ծխում էին գաղտնաբար կամ հրապարակավ: Անգլիայի թագավոր Ջեյմս Առաջինը (1566-1625 թթ.) մասնավոր գրություններ հրատարակել տվեց` ժողովրդին հասկացնելու ծխախոտի ունեցած սոսկալի ազդեցությունը մարմնի առողջության վրա:

Հետաքրքրական է, որ հարյուր տարիներ առաջ Վանում հրատարակված «Լույս» ամսօրյան նաև տեղեկություններ է ներկայացնում ծխախոտից օրգանիզմի թունավորման ընթացքի մասին: Ըստ այդմ` ծխախոտի ամենաթունավոր տարրը նիկոտինն է, որը ծխելու ընթացքում փոխվում է պիրիդին թույնի և այլ թույների:

Ծխախոտ արտադրող ընկերությունները կարծես թե հայտարարում են, որ իրենց հաճելի չէ այդ արտադրությունը, և զգուշացնում են բոլորին ծխախոտի վնասակարության, անգամ մարդկային կյանքին սպառնացող լուրջ վտանգի մասին: Դրա վկայությունը ծխախոտի տուփերի վրա գրված տարբեր տեղեկատվություններն ու զգուշացումներն են: Եվ եթե ծխախոտ արտադրող ընկերությունները կեղծ կամ անկեղծ մղումներով ցույց են տալիս, որ իրենց հաճելի չէ մարդու առողջությանն ու կյանքին վնաս հասցնելը, ապա դա առավել ևս չի կարող հաճելի լինել կյանքի պարգևը մարդուն շնորհած Աստծուն:

Այս դատողությունները կարելի է տարածել նաև անառակություն ու անբարոյականություն, բռնություն ու դաժանություն ցուցադրող կամ քարոզող ֆիլմերի, մուլտֆիլմերի արտադրության, անբարոյականություն մատուցող և դրանով հսկայական ֆինանսական շահույթ ունեցող հաստատությունների, թմրանյութերի պատրաստության, մարդկանց տարբեր գայթակղություններով խաղամոլ դարձնող խաղատների և նմանատիպ կազմակերպությունների վրաբերյալ:

Կարող է պատահել, որ մարդկանց վնաս բերող, Աստծո կամքին ոչ հաճելի գործունեություն ծավալող մեկը, ունեցվածք, հարստություն կուտակած լինելով, որևէ պատճառով կամ մղումով ցանկանա նվիրատվություն կատարել Եկեղեցուն կամ հոգևոր կյանքին առնչվող բարեգործություն անել: Եթե նա իր գործողություններից դարձել է Աստծուն ամբողջապես հաճելի կյանքի, ապա նրա նվիրատվությունն ընդունելի է, ինչպես որ Քրիստոսի համար ընդունելի եղավ անառակ կնոջ կողմից մատուցված թանկարժեք յուղը (Ղուկ. 7.37-48):

Նախկին մեղավոր կյանքի համար զղջումով կատարված ընծայաբերումը մերժելի չէ և այն առիթ է դառնում նաև ընծայողի մեղքերի թողության, ինչպես ցույց տվեց Քրիստոս: Բայց եթե շարունակվում է նույն ընթացքը, ապա ընծայաբերումը, նվիրատվությունը, ինչքան էլ առատ լինի, ոչ միայն ընդունելի չէ, այլև Աստծո կողմից է մերժելի: Սուրբ Գրիգոր Տաթևացին դա ցույց է տալիս Աստվածաշնչից մեջբերումներով, Աստծո հորդորների վկայակոչումներով: «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից»,- հրահանգում է Սուրբ Գիրքը (Առակ. 3.9):

Անիրավության կամ զրկանքի արդյունք լինելու դեպքում նվիրատվությունն անպիտան է: Նույնիսկ եթե նվիրաբերումն արժանավոր է, բայց նվիրողը, նվիրատուն կամ այլ բառով` բարերարն անարժան է, այսինքն` ոչ մարդասեր, ոչ բարեպաշտ, այլ առավելաբար նյութապաշտ մեկն է և չի ապրում քրիստոնեավայել կյանքով կամ նախկին վարմունքների զղջում չունի, ապա կրկին նրա բարերարությունը, նվիրատվությունն ընդունելի չէ և անգամ խստորեն մերժելի է Աստծո կողմից:

Այդ մասին է Աստված ասում. «Անօրենը, որ Ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալյուր է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է» (Ես. 66.3):