ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ

Կաթոլիկ Եկեղեցին միջնադարյան Եվրոպայում փորձեց մաքրել իր դոգմաները տարբեր ժողովրդական հավատալիքներից և սահմանել քրիստոնյայի վարքը կենցաղում և առօրյայում: Պատմության մեջ այդ պայքարը կոչվեց «վհուկների որս» և ուղեկցվեց ողբերգություններով: Այսօր արդյունք կունենա՞ պայքարը սնահավատության դեմ:

«Վհուկների որս» արտահայտությունն ունի ուղիղ և փոխաբերական նշանակություն: Քանի որ միջնադարում տարածված էր նաև կախարդությունը, ապա դրա դեմ պայքարելու համար խարույկի վրա վառում էին նաև վհուկներին կամ նրանց, ովքեր կասկածվում էին կախարդությամբ զբաղվելու մեջ:

Փոխաբերական իմաստով այս արտահայտությունը նշանակում է, որ մարդուն կեղծ մեղադրանք են առաջադրում և սկսում նրան հետապնդել: Մեր Եկեղեցին նման ծայրահեղ միջոցների չի դիմել` արատավոր դրսևորումների դեմ պայքարելու համար, բայց նաև սնահավատության դեմ մեղադրանքը մտացածին չէ. այն շեղում է մարդուն իրական հավատքից, հոգևոր և հոգեբանական խնդիրների առջև կանգնեցնում:

Արատավոր բարքերի, սովորույթների դեմ պայքարը պետք է լինի եկեղեցական ընդհանրության գործ, երբ Եկեղեցին ընկալվում է իր ամբողջական նշանակությամբ` որպես հավատացյալների հավաքականություն` և՛ հոգևորականները, և՛ ժողովուրդը:

Աղանդավորների դեմ պայքարում, օրինակ, մարդիկ մտածում են, որ իրենք պետք է տանը նստեն, իսկ եկեղեցականները, որոնք խիստ սակավաթիվ են, իրենց սպասավորությունը, եկեղեցիները թողնելով` դռնեդուռ ընկնեն կամ այլ միջոցներով գործեն:

Եթե ուշադիր հետևում ենք տարբեր աղանդների գործելակերպին, տեսնում ենք, որ ոչ թե նրանց քարոզիչները, այլ սովորական հավատացյալներն են հրապարակավ լծված այսպիսի գործի: Իսկ մեր Եկեղեցու պարագայում մարդիկ մտածում են, որ իրենք Եկեղեցու անդամ են, բայց իրենք պիտի միայն հետևեն, թե ինչ են անելու հոգևորականները:

Այսպես խնդիրներին լուծում չի տրվի, քանի որ հոգևորականների թիվը շատ քիչ է: Արատավոր բարքերի, սովորույթների, նաև սնոտիապաշտության դեմ նույնպես պետք է պայքարենք միասնաբար` իբրև Եկեղեցի, քանի որ Եկեղեցին բոլոր հավատացյալների հավաքականությունն է: