ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆ

Ո՞րն է Դատաստանի օրվա նպատակը` վերացնել անարդարությունը երկրի երեսից և վերականգնել արդարությո՞ւնը:

Երկրից անարդարությունը վերացնելու արտահայտությունը ճշգրտությամբ չի արտահայտում Դատաստանի օրը տեղի ունենալիք իրողությունների պատկերացումը, քանի որ այդ ժամանակ երկիրը` իբրև այդպիսին, դադարելու է գոյություն ունենալուց: Գիտությունը խոսում է ընդլայնվող տիեզերքի մասին` ասելով, որ տիեզերքն ստեղծվել է մեծ պայթյունից, այսինքն` առաջ են քաշում պայթյունի տեսությունը:

Տիեզերքի ծագման և վերջի մասին տեսություններով գիտությունը դուրս է գալիս իր սկզբունքներից, ըստ որոնց` գիտությունը հիմնականում պետք է զբաղվի փորձի, քննության ենթակա առարկաների, երևույթների հետ, մինչդեռ այս դեպքում ելնում է դեպի երևակայության ոլորտ, հորինում տեսություններ, հեքիաթներ տիեզերքի մասին: Աստվածաշնչում տեսակետ կա, որը կածես թե համապատասխանում է գիտության արտահայտած ընդլայնվող տիեզերք հասկացությանը:

Եսայու մարգարեության, Հովհաննու Հայտնության մեջ խոսվում է նոր երկնքի և նոր երկրի մասին (Ես. 65.17, Հայտն. 21.1)` նշումով, որ տիեզերքը մի օր մագաղաթի պես գալարվելու է (Ես. 34.4) և բացվելու նոր երկնքով ու նոր երկրով: Այսինքն` տիեզերքն ընդլայնվելու է և հասնելու մի աստիճանի, երբ տիեզերքը, գալակտիկաները մագաղաթի պես պիտի գալարվեն և այնուհետ բացվեն` որպես նոր երկինք և նոր երկիր:

Այս նոր իրականության մեջ է, որ արդեն կլինի կատարյալ արդարությունը, քանի որ մեր երկրային, ժամանակավոր կյանքում կա միայն հարաբերական արդարություն: Օրինակ` ո՞վ պիտի արդարություն հատուցի երկրի վրա չարչարանքներ կրած ու սպանված մարդկանց: Կամ այն երկրներում, որտեղ կա հակամարտություն, պատերազմ, դրանց ընթացքում սպանված, չարչարված երեխաների համար որտե՞ղ պետք է արդարացի հատուցում լինի: Ուրեմն, այդ հատուցումը լինելու է նոր, հավիտենական իրականության մեջ, երբ Աստված պիտի արդարորեն բարիքներ կամ պատիժ տա` ըստ արժանվույն:

Ի՞նչ է իրագործվելու Դատաստանի օրը:

Դատաստանի օրը մարդիկ պիտի հատուցում ստանան` ըստ իրենց ապրած կյանքի և կատարած գործերի: Բարի գործ ունեցողները պիտի մտնեն Երկնքի արքայություն, իսկ չարագործները դատապարտվելու են դժոխքի: Այս առնչությամբ բողոքական և կաթոլիկ տեսակետների հակադրություն կա: Բողոքականներն ասում են, որ մարդիկ փրկվում են միայն հավատքով, և հավատքը բավական է երկնային արքայությանն արժանանալու համար:

Կաթոլիկները շեշտում են բարի գործերի առաջնայնությունը` նշելով, որ աստվածահաճո գործերն են արժանացում հավիտենական կյանքի: Մեր Եկեղեցու դիրքորոշումը միջին տեղ է գրավում: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ հավիտենական կյանքի ու երանության պարգևն այնքան մեծ է, որ մարդկային գործերը, նույնիսկ ամենամեծ բարեգործությունները դրա համեմատ ոչինչ են, և հետևաբար ստացվում է, որ Աստված ձրիաբար է մեզ տալիս այդ մեծագույն պարգևը:

Մինչև Դատաստանի օրը մահացածների հոգիները գտնվում են հոգիների կայաններում, որոնց տեղակայումը հոգևոր ոլորտում հստակ ցուցադրված չէ Աստվածաշնչում կամ եկեղեցական հեղինակների կողմից: Այդ կայանները, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, կարող են լինել իրարից հեռու` Երկնքի արքայությանն արժանի և վերջնականապես դժոխքի դատապարտման ենթակա հոգիների տարանջատումով, մի մասի ուրախության և մյուսների չարչարանքների նկատառումով, և կամ կարող են լինել նաև նույն տեղում` ոմանց հավիտենական երանության բերկրալի ակնկալիքով, իսկ ոմանց էլ հավիտենական անվերջանալի տանջանքների դատապարտվելու սպասման չարչարանքներով:

Այսպիսով, մահացածներն իրենց վերաբերող վերջնական վճիռը պիտի լսեն Ահեղ դատաստանի օրը, երբ չարչարանաց կայաններում գտնվող հոգիները, որոնք ներելի մեղքեր են ունեցել, բայց չեն հասցրել երկրային կյանքում ապաշխարել, կարող են նույնիսկ արդարացվել և այդտեղից անցնել Արքայություն` ըստ իրենց հարազատների աղոթքների, ողորմության գործերի, եկեղեցում հոգեհանգստյան արարողության ժամանակ մատուցվող խնդրանքների:

Կաթոլիկ Եկեղեցին ընդունել է քավարանի գաղափարը, որտեղ նման հոգիները տանջվելով` ի վերջո քավում են իրենց մեղքերը և Արքայության արժանանում: Սակայն այս վարդապետությունը ճիշտ չի համարվում առաքելահաստատ մյուս Եկեղեցիների կողմից: