ՎԵՐԱԳՏՆԵԼ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ասում են` վստահությունը հավատ ու համոզվածություն է ինչ-որ մեկի ազնվության, անկեղծության ու բարեխղճության հանդեպ: Ովքեր խաբվել են և դառը փորձ ունեն այդ առումով, հաճախ կորցնում են վստահելու ունակությունը: Նրանց ի՞նչը կարող է օգնել:

Կարող է օգնել ներելը: Մարդիկ ստեղծված են ըստ Աստծո պատկերի և նմանության (Ծննդ. 1.26-27), յուրաքանչյուր մարդ Աստծո արարչագործության գլուխգործոցն է: Ինչպես արվեստի գլուխգործոցներին նայում ենք մեծ հիացմունքով, այդպես և պետք է նայենք հատկապես մարդկանց, որովհետև մարդիկ էլ Աստծո ստեղծագործության հիանալի էակներն են:

Երբ մարդը մեղք է գործում, որոնցից է նաև ուրիշի վստահությունը չարաշահելը, մենք չպիտի ատենք մարդուն և երես թեքենք նրանից, որովհետև սիրո կոչված քրիստոնյան (Հովհ. 13.34-35), եթե նույնիսկ ատում է, ատում է ոչ թե մարդուն, այլ մեղքը:

Մեղքը հոգևոր հիվանդություն է, և ինչպես մարմնավոր հիվանդությունների պարագայում մենք մարդուն չենք արհամարհում նրա հիվանդության համար, այլ կարեկցում ենք և փորձում օգնել, այդպես էլ հոգևոր հիվանդություն ունեցողներից չպետք է երես դարձնենք, այլ խղճահարություն ցուցաբերենք` փորձելով օգնել նրան առողջանալու և վեր բարձրանալու իր անկյալ վիճակից: